Փետրվարի 28-ին Հայկական բնապահպանական ճակատի մի շարք անդամներ գրություն են ուղարկել Օնտարիոյի արդարադատության գերագույն դատարանի սնանկության գործերով դատավոր Ջեֆրի Բ. Մորավեցին, ով քննում է Լիդիան ընկերությունների խմբի` սնանկությունից պաշտպանվելու գործը, ինչպես նաև այս գործով սնանկության «մոնիտոր» (կառավարիչ) ճանաչված Alvarez & Marsal ընկերությանը:
Լիդիան ընկերությունների խումբը օտարերկրյա մի շարք դատական գործերում է ներքաշված․ նախ՝ օֆշորային Ջերսիում ընթանում է նրա սնանկության գործը իր պարտապանների հայցով, իսկ կանադական դատարաններում Լիդիանը փորձում է պաշտպանվել սնանկությունից իր նոր գրանցված կանադական դուստր ընկերության միջոցով և այդ պաշտպանությունը տարածել Ջերսիում ընթացող գործի վրա։
Լիդիան խմբի գործադիր տնօրեն Էդվարդ Սելլերսը դատարաններին հավաստիացնում է, որ խմբի անդամ ընկերությունները վերակազմավորվում են, փնտրում Ամուլսարի հանքարդյունաբերական ծրագիրը վերագործարկելու համար նոր ֆինանսավորում, անհնարինության դեպքում՝ արբիտրաժային ծախսերի համար ֆինանսավորում (վարկավորում), ինչպես նաև ակտիվորեն փնտրում են ընկերության գնորդներ։ Հաշվի առնելով Լիդիանի այս ջանքերը՝ տնօրեն Սելլերսը հայցում է պաշտպանություն սնանկությունից։ Գործը քննում է անվճարունակ ընկերությունների վերակազմավորման հարցերով մասնագիտացած սնանկության դատավոր Ջեֆրի Մորավեցի գլխավորած դատարանը։
Հայկական բնապահպանական ճակատը գրություն է հղել կանադական դատարան ու սնանկության «մոնիտոր» ընկերությանը՝ տեղեկացնելով Լիդիան ընկերությունների խմբի գործադիր տնօրեն Էդվարդ Սելլերսի 2019թ-ի դեկտեմբերի ցուցմունքում հայտնաբերված շուրջ երկու տասնյակ փաստական խեղաթյուրումների և հետևաբար՝ դատարանին ապակողմնորոշելու մասին: Ներկայացվել են նաև հավելյալ տեղեկություններ ՀՀ դատարանում Լիդիանի գույքի վերաբերյալ կայացրած որոշումների մասին, ինչպես նաև վերոնշյալ պնդումները հաստատող պաշտոնական փաստաթղթեր:
Լիդիան ընկերությունների խմբի իրավաբանների (որոնք նաև պարտատեր են) հայցադիմումի փաթեթը, ներառյալ 2019թ-ի դեկտեմբերին Էդվարդ Սելլերսի՝ երդմամբ հաստատված ցուցմունքը, հրապարակված են սնանկության «մոնիտորի»՝ Alvarez and Marshal-ի կայքում: Այս իրավական փաստաթղթերի բազմաթիվ կետերում զրպարտիչ տեղեկություններ են ներկայացվում ՀՀ կառավարության և այլ պետական մարմինների մասին, որոնց վերջիններս որևէ կերպ չեն արձագանքել:
Այս փաստաթղթերը վերլուծելը, դրանց արձագանքելը, ՀՀ քաղաքացիների և պետության շահերը պաշտպանելն իրականում մեր կամավորական քաղաքացիական նախաձեռնությունը չպետք է աներ. սա ՀՀ կառավարության ուղիղ պարտականությունն էր: Մենք ստիպված ենք եղել շաբաթներ շարունակ տեղեկություններ հայցել պետական մարմիններից՝ ապացույցներ հավաքագրելու համար, այնինչ Կառավարությունն այդ բոլոր տեղեկություններին ի սկզբանե տիրապետում էր:
Կառավարության՝ իր պարտականությանների մեջ թերանալու պարագայում, նման կարևոր խնդիրը բարձրաձայնելն ու Կառավարության անդամներին հարցադրումներ ներկայացնելը նաև ԱԺ պատգամավորների պարտականություններից է: Երկու մարմիններն էլ չեն կատարել իրենց գործառույթը նույնիսկ այն բանից հետո, երբ մենք նամակներով և լրատվամիջոցներով իրազեկել ենք խնդրի և գործով առկա փաստաթղթերի աղբյուրների մասին:
Ի հավելումն այս հարցում նման անպատասխանատու մոտեցման՝ մեկ այլ պետական մարմին՝ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինն էլ, հետևողականորեն ոչ մի անգամ չի ներկայացել «Լիդիան Արմենիա» ընկերության կողմից իր դեմ հայցերի շրջանակներում կայացած դատական նիստերին: Արդյունքում՝ 2020թ. փետրվարի 26-ին Վարչական դատարանը բավարարել է «Լիդիան Արմենիայի» ևս մեկ հայց ու անվավեր է ճանաչել Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի 24.08.2018թ. թիվ 30 ստուգման ակտում նշված 10 կետերից 8-ը: Չնայած Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը հայտարարություն է տարածել, որ Վարչական դատարանի վճիռը իրավաչափ չի համարում, և այն բողոքարկվելու է Վերաքննիչ վարչական դատարան՝ անհասկանալի է, թե դատական նիստերին հետևողական կերպով չներկայանալու պարագայում ուրիշ ի՞նչ որոշում կարելի էր ակնկալել դատարանից:
Դատելով պետական մարմինների այս վարքագծից՝ մենք գնահատում ենք, որ ՀՀ կառավարությունը կա՛մ շարունակում է աջակցել Լիդիան ընկերությանը, կա՛մ այս հարցում մատնված է անգործության, ինչն ինքնաբերաբար աջակցություն է: Կառավարությունը ոչ միայն պատժամիջոցներ չի կիրառում այդ ընկերության նկատմամբ անցած 8-9 տարիների ընթացքում պետությանն ու հանրությանն ապակողմնորոշելու և վնաս հասցնելու համար, այլև հետևողականորեն փոշիացնում է տարբեր պետական և ոչ-պետական մարմինների արած աշխատանքի արդյունքները:
Հայկական բնապահպանական ճակատ կամավորական նախաձեռնություն
Էլ․ փոստ՝ [email protected]