Home / Դատարան / Ինչպես են Էմիրությունները ստացել Ինտերպոլի ղեկավարի պաշտոնը

Ինչպես են Էմիրությունները ստացել Ինտերպոլի ղեկավարի պաշտոնը

Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) ներկայացուցիչ Ահմեդ Նասեր ալ-Ռաիսին ընտրվել է Ինտերպոլի ղեակավար։ Գեներալ Ռաիսին հատկապես հայտնի է ընդդիմադիր գործիչների նկատմամբ խոշտանգումների գործերով։ Բռնաճնշումների առթիվ անգամ դատական գործեր կան հարուցված՝ հենց Ֆրանսիայում, որտեղ գտնվում է Ինտերպոլի գլխավոր գրասենյակը։ Գեներալի մութ անցյալն, ամեն դեպքում, Քրեական ոստիկանության միջազգային կազմակերպության նախագահի պաշտոնը ստանձնելուն առանձնապես չի խանգարել։՛

Արաբական Էմիրությունների բանտերում պահվող մարդկանց նկատմամբ անմարդկային վերաբերմունքի գործերով ընդդեմ գեներալ ալ-Ռաիսիի ներկայացված երկու բողոքներն այժմ քննվում են Փարիզի դատարաններում։ Եվս մեկ հայց ներկայացվել է Թուրքիայում։

Մինչև Ինտերպոլի նախագահի ընտրությունները՝ Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիան (FIDH), Մարդու իրավունքների ֆրանսիական լիգան և Պարսից ծոցի երկրներում մարդու իրավուքների կենտրոնը (GCHR) բաց նամակ էին հրապարակել, որում գրում են ԱՄԷ-ի բանտերում խոշտանգումների զանգվածային դեպքերի մասին և կոչ անում բացառել ալ-Ռաիսիին Ինտերպոլի նախագահի պաշտոնում առաջադրված թեկնածուների ցանկից։

Իրավապաշտպանները մանրամասն նկարագրում են գեներալ ալ-Ռաիսիի ենթակայությամբ գործող կառույցներում արձանագրված կտտանքների կոնկրետ դրսևորումները՝ սեռական բռնություններ, մահացու խոշտանգումներ, զրկել քնից և բուժօգնությունից, եղունգներ քաշել, հոսանքահարել, կախել թևերից, պոկել մազերը, հովհարիչի տակ դատապարտյալի վրա սառը ջրի շիթ պահել, էլեկտրական աթոռ կիրառելու սպառնալիքներ, գիշերային երկար հարցաքննություններ և այլն։ «Բանտային իշխանությունները մեկուսարաններն օգտագործում են որպես լրացուցիչ պատիժ, մարդկանց մեկուսացնում նեղ, շոգ, չօդափոխվող նկուղներում։ <…> Հսկիչները խցերում մեծ դինամիկներ են տեղադրում, օր ու գիշեր բարձր երաժշտություն միացնում։ Դատապարտյալներին հաճախ ստիպում են ժամկետանց սնունդ օգտագործել, աղաջուր խմեցնում»։

Էմիրությունների բոլոր ոստիկանական կառույցների աշխատանքը համակարգում է հենց Ինտերպոլի նորընտիր նախագահը, որը 2015 թվականից ի վեր զբաղեցնում է ԱՄԷ ՆԳՆ գլխավոր տեսուչի պաշտոնը։ Նա պատասխանատու է նաև ոստիկանության ներկայացուցիչների կողմից պաշտոնեական դիրքի չարաշահման դեպքերի քննության համար։ «Ոչ մի բողոք մինչև վերջ չի հետաքննվել», – հավելում է FIDH-ը՝ շեշտելով գործերի կարճման հարցում ալ-Ռաիսիի անձնական ներգրավվածությունը։


Ահմեդ Նասեր ալ-Ռաիսին՝ Ինտերպոլում

Հիշեցնենք՝ Ինտերպոլի նախագահն ընտրվում է քառամյա ժամկետով և պահպանում մինչ այդ զբաղեցրած պաշտոնը. ալ-Ռաիսին, այսինքն, շարունակում է պաշտոնավարել նաև որպես Միացյալ Էմիրությունների Ներքին գործերի նախարարության գլխավոր տեսուչ։

Արաբական Միացյալ Էմիրությունների կառավարությունը, որը ներկայացնում է նաև ալ-Ռաիսին, իրավապաշտպանների գնահատականներով՝ «ամենաավտորիտարն է» անգամ «Ծոցի երկրների ցանկում»։

Քրեական ոստիկանության միջազգային կազմակերպության՝ Ինտերպոլի հերթական նախագահի ընտրություններն անց են կացվել նոյեմբերի 25-ին՝ Ստամբուլում։ Գեներալ ալ-Ռաիսին քվեարկության երրորդ փուլում ստացել է ձայների 68,9 տոկոսը։

Էմիրությունների մեծ հաղթանակը

Ահմեդ Նասեր Ալ-Ռաիսիի ընտրության հարցում ակնհայտորեն մեծ դեր ուներ փողը։

2017 թվականին Արաբական Միացյալ Էմիրությունները 50 միլիոն դոլար էին նվիրաբերել Ինտերպոլի՝ «հանուն ավելի անվտանգ աշխարհի» հիմնադրամին և․․․դարձել Քրեական ոստիկանության միջազգային կազմակերպության երկրորդ հովանավորը՝ իհարկե, Ամերիկայի Միացյալ Նահանգներից հետո։

Ֆորմալ առումով՝ 50 միլիոն դոլարը նվիրաբերվել էր «հանցավորության և ահաբեկչության դեմ պայքարի» համար։ Այն մասին, թե ինչպես են Էմիրություններն ու Ծոցի մյուս երկրները «պայքարում ահաբեկչության դեմ»՝ տասնյակ զեկույցներ ու հաշվետվություններ կան, այդ թվում՝ միջազգային։ Շատ բան հայտնի է նաև հանցավորության դեմ պայքարի մասին՝ հատկապես ստվերային եկամուտների լվացման մասով։

Ամեն դեպքում՝ ակնհայտ է, որ համար մեկ միջազգային ուժային կառույցի ղեկավարի պաշտոնում իրենց ներկայացուցչի ընտրությունը Էմիրությունների համար նաև մեծ դիվանագիտական հաղթանակ է։

Այդ հաղթանակն, անշուշտ, ֆինանսական «ներդրումներով» չի ապահովվել, այլև՝ մասնակից-երկրների աջակցությամբ կամ, առնվազն, լուռ համաձայնությամբ։


Մակրոնն ու Մուհամմադ բեն Զաիդ բեն Սուլթան Ալ Նահայանը

Օրինակ՝ Ֆրանսիայի գործոնը։ Նախագահ Էմանուել Մակրոնն ամեն կերպ շրջանցում է ֆրանսիական 35 խորհրդարանականների բաց նամակում շարադրված հարցերը (որոնք, մասնավորապես, հուշադրություն են հրավիրում նրան, որ «ալ-Ռաիսիի ըտրությունը հակասում է կազմակերպության առաքելությանն ու  կասկածի տակ դնում Ինտերպոլի հեղինակությունն ու վարկանիշը»)։ Ֆրանսիայի նախագահը ԱԳՆ-ում ճեպազրույցի ժամանակ պարբերաբար ընդգծում էր, որ Ինտերպոլի նախագահը գործում է կառույցի գործադիր մարմնի հետ համատեղ և Ինտերպոլի որոշումները չեն կայացվում մեկանձնյա։

Պաշտոնական Փարիզը ալ-Ռաիսիին վերաբերող քննադատություններին առանձնապես չի անդրադառնում, ֆրանսիական Le Monde-ն, միևնույն ժամանակ, հիշեցնում է, որ ԱՄԷ նախագահ ու Աբու Դաբիի ժառանգական արքայազն Մուհամմադ բեն Զաիդ բեն Սուլթան Ալ Նահայանը նախագահ Մակրոնի գլխավոր դաշնակիցն է Պարսից ծոցում։

ԱՄԷ իշխանությունները միջազգային հանրության կողմից իրենց երկրի և, մասնավորապես, Ինտերպոլի նոր նախագահի հասցեին հնչող քննադատությունները որակում են որպես «կազմակերպված զրպարտություն»։

Գեներալ ալ-Ռաիսին իր անձնական կայքում մեծ հայտարարություն է հրապարակել, որում գովաբանում է Արաբական Էմիրությունների իրավապահ մարմիններին, ԱՄԷ-ն անվանում է աշխարհի ամենաապահով երկրներից մեկն ու խոստանում, որ իրենց երկրի շնորհիվ Ինտերպոլի նյութական բազան էլ ավելի կամրապնդվի։