Home / Տեսանյութեր / Երևանում ձերբակալված բահրեյնցու գտնվելու վայրը հայտնի չէ․ իրավապաշտպանները մտահոգված են

Երևանում ձերբակալված բահրեյնցու գտնվելու վայրը հայտնի չէ․ իրավապաշտպանները մտահոգված են

Հունվարի 1-ին «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալված Բահրեյնի բնակիչ Ֆադհել Ռադհին երեկ ազատ է արձակվել «Նուբարաշեն» ՔԿՀ֊ից, սակայն նրա գտնվելու վայրը հայտնի չէ։ Այս մասին Epress.am֊ի հետ զրույցում ասել է «Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան կազմակերպության ղեկավար Միքայել Դանիելյանը։

Վերջինս նշել է, որ մտավախություն ունի՝ Ռադհիին առանց ավելորդ աղմուկի կհանձնեն Բահրեյնի բռնապետական իշխանություններին, որոնք մեղադրում են Ռադհիին ահաբեկչության, ապօրինի զենք պահելու և սպանության փորձի մեջ, մինչդեռ Ռադհին քաղաքացիկան ակտիվիստ է և հետապդնվում է քաղաքական նպատակներով։

Դանիելյանն ընդգծել է, որ երեկ լրանում էր Ռադհիի կալանքի տակ պահելու մեկ ամիսը, որից հետո նրան պետք է բաց թողնեին։ Խնդրով զբաղվող ՄԱԿ֊ի փախստականների գրասենյակի հայաստանյան ներկայացուցչության անդամները և Ռադհիի փաստաբանը երեկ 12։00-ին գնացել են «Նուբարաշեն» ՔԿՀ Ռադհիի դուրս գալուց հետո նրան հանդիպելու համար, սակայն ՔԿՀ֊ից նրանց հայտնել են, որ բահրեյնցին կես ժամ առաջ է դուրս եկել ՔԿՀ֊ից։ Դանիելյանի փոխանցմամբ՝ «Նուբարաշենում» ասել են, որ Ռադհիին դիմավորել են Հայաստանի միգրացիոն ծառայության ներկայացուցիչները, սակայն Միգրացիոն ծառայությունում, իրենց հերթին, պնդել են, որ նման մարդ իրենց մոտ չկա։

Իրավապաշտպանն ասել է, որ այժմ իրենք նամակներ են պատրաստում Ազգային անվտանգության ծառայություն և Արդարադատության նախարարություն՝ բացատրություն ակնկալելով․ «Մարդը կորել է, չկա։ Անգամ անկախ նրանից, թե ով է, պետք է բացատրեն՝ ուր է նա։ Բացի դա, մտավախություն ունեմ, որ նրան կարտահանձնեն Բահրեյնին, մինչդեռ երիտասարդը քաղաքացիական ակտիվիստ է ու հետապնդումների կարող է ենթարկվել։ Ասում են, որ նրա վրա քրեական հոդվածներ կան, բայց բոլոր երկներում էլ քաղաքացիական ակտիվիստների ու քաղաքական գործիչների վրա քրեական հոդվածներ են դնում։ Որպեսզի Ռադհիին չարտահանձնեն, Հայաստանի իշխանությունները պետք է քաղաքական կամք ունենան, դա քաղաքական որոշում պիտի լինի, իսկ եթե արտահանձնեն, ինչը, իմ կարծիքով, շատ հավանական է, ուրեմն գործարքի են գնացել Բահրեյնի իշխանությունների հետ»։

Տեղի ուենցածին անդրադարձել է նաև «Հելսինկյան քաղաքացիական ասամբելայի Վանաձորի գրասենյակ» իրավապաշտպան կազմակերպությունը։

«Հայաստանի Հանրապետությունը, որպես Եվրոպայի Խորհրդի անդամ պետություն, չպետք է արտահանձնի Ֆադհել Ռադհիին Բահրեյնի Թագավորությանը, քանի որ նրա նկատմամբ կարող են կիրառվել խոշտանգումներ, որի համար ուղղակի պատասխանատվությունը կկրի Հայաստանի Հանրապետությունը: Արտահանձնման դեպքում կարող է վտանգվել նաև Ֆադհել Ռադհիի կյանքը, քանի որ Բահրեյնի Թագավորությունում վերացված չէ մահապատիժը», ֊ ասված է ՀՔԱ Վանաձորի գրասենյակի տարածած հայտարարության մեջ։