Հունվարի 1-ին Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալված Բահրեյնի 26-ամյա քաղաքացի Ֆադհել Ռադհին շարունակում է Հայաստանում մնալ։ Նա գտնվում է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում։ Այս մասին «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» իրավապաշտպան կազմակերպության հարցմանն ի պատասխան հայտնել է ՀՀ գլխավոր դատախազությունը։ Կազմակերպությունն այս մասին հաղորդագրություն է տարածել հունվարի 30-ին։ Ռադհին հետախուզվում էր Ինտերպոլի կողմից։ Բահրեյնում նրա նկատմամբ մի շարք հոդվածներով քրեական գործեր են հարուցվել․ նա, մասնավորապես, մեղադրվում է ահաբեկչության և սպանության փորձի մեջ։ Հունվարի 4-ի որոշմամբ նրա նկատմամբ կիրառվել է 30-օրյա կալանք՝ մինչև անձին հանձնելու վերաբերյալ միջնորդություն ստանալը:
Հունվարի 8-ին Դատախազությանն ուղղված նամակում ՀՔԱ Վանաձորի գրասենյակն իր մտահոգությունն էր հայտնել Ֆադհել Ռադհիին Բահրեյնի Թագավորություն հնարավոր արտահանձնման վերաբերյալ: Կազմակերպության գրության մեջ, մասնավորապես, նշվում է, որ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Բահրեյնի Թագավորությունում դեռևս վերացված չէ մահապատիժը՝ Ֆադհել Ռադհիի արտահանձնումը կարող է հանգեցնել նրա նկատմամբ խոշտանգումների, դաժան, մարդկային արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի՝ Բահրեյնի իշխանությունների կողմից:
Հիշեցնենք, որ Ռադհիի ձերբակալությունից հետո 11 իրավապաշտպան կազմակերպություններ հայտարարությամբ էին հանդես եկել՝ նշելով, որ երիտասարդը քաղաքացիական ակտիվիստ է ու փախել է Բահրեյնից, որտեղ նա քաղաքական դրադապատճառներով 7 տարվա ազատազրկման էր դատապարտվել։ Իրավապաշտպանների խոսքով՝ Ռադհին և Ինտերպոլի քրեական հանցագործների ցանկում գտնվող Բահրեյնի շատ այլ քաղաքացիներ դրանում ներառվել են Բահրեյնի իշխանությունների խնդրանքով՝ միջազգային չափանիշներին հակասող միջոցներով այդ երկրի դատական իշխանությունների կողմից հետապնդվելուց հետո: Կազմակերպությունները կոչ էին արել ՀՀ իշխանություններին չարտահանձնել Ռադհիին։