Ղրիմի Թեոդոսիա քաղաքն ու Դիլիջանը դարձել են քույր քաղաքներ, հաղորդում է Ղրիմի տնտեսական զարգացման նախարարությունը։
Ղրիմի պաշտոնական պատվիրակությունը աշխատանքային այցով ժամանել է Հայաստան։ Ղրիմի կառավարության փոխվարչապետ, ֆինանսների նախարար Իրինա Կիվիկոն և Դիլիջանի քաղաքապետ Դավիթ Սարգսյանը համաձայնագիր են կնքել և հռչակել Դիլիջանն ու նկարիչ Հովհաննես Այվազովսկու ծննդավայր Թեոդոսիան քույր քաղաքներ։
«Մենք վստահ ենք, որ այսօր ստորագրված համաձայնագիրը թույլ կտա ավելի մոտեցնել հայ և ռուս ժողովուրդներին, ավելի շատ զբոսաշրջիկներ ներգրավել Ղրիմ և Հայաստան։ Փոխանակումներ կիրականացվեն արվեստի դպրոցների միջև։ Դիլիջանը Թեոդոսիային, իսկ Թեոդոսիան Դիլիջանին առաջարկելու բան ունի։ Մեզ միավորում է բարեկամության հազարամյա պատմությունը, որը պետք է ամրապնդվի», – հայտարարել է փոխվարչապետը։