Շաբաթ օրը ադրբեջանական կողմի դիրքային առաջխաղացումից հետո փակվել է նաև Ստեփանակերտ-Լիսագոր գրունտային ճանապարհը, որն, ըստ Ղարաբաղի իշխանությունների, օգտագործվում էր մայրաքաղաքի և Շուշիի շրջանի չորս համայնքների միջև քաղաքացիական հրատապ հաղորդակցության համար։
«Ամբողջությամբ հիմա էդ ճանապարհը տեսանելի է իրենց էդ զբաղեցրած բարձունքից և այդտեղով որևէ շարժ, անվտանգության առումով, չի կարող իրականացվել։ Կարող են ռմբակոծել, կրակել, նպատակն էլ դա էր, որ էդ գրունտային ճանապարհը, որ կապում էր Ստեփանակերտը Հին Շեն, Մեծ Շեն և Լիսագոր համայնքների հետ, էդ ճանապարհն ամբողջությամբ կանգնեցնել», – «Ազատությանն» ասել է Ղարաբաղի իշխող «Ազատ հայրենիք-ՔՄԴ» խմբակցության ղեկավար Արթուր Հարությունյանը։
Մարտի 25-ին Ստեփանակերտը հաղորդեց, որ Շուշի-Լիսագոր հատվածում ադրբեջանական զինուժը խախտել է նոյեմբերի 9-ի հայտարարությամբ ամրագրված շփման գիծը և որոշակի դիրքային առաջխաղացում ապահովել Արցախի տարածքում՝ ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում։
Ռուսական կողմը տեղի ունեցածը եռակողմ հայտարարության խախտում է որակել և պարզաբանել՝ Ադրբեջանը հատել է շփման գիծը Շուշիի շրջանում, զբաղեցրել Սարըբաբա լեռից 2,9 կմ հյուսիս-արևելք գտնվող բարձունքն ու սկսել դիրքի ինժեներային կահավորում։
Ռուս խաղաղապահները, ըստ Ստեփանակերտի, դիրքավորվել են տվյալ բարձունքին և վերահսկում են այն: Խաղաղապահները բանակցություններ են վարում ադրբեջանական կողմի հետ՝ նրանց ելման դիրքեր վերադարձնելու համար։ Անցած 3 օրերի ընթացքում այդ բանակցությունների որևէ արդյունք չեն տվել։
Երկու օր անց՝ արդեն մարտի 27-ին, ադրբեջանական զինուժը փորձել է առաջ շարժվել նաև Ստեփանակերտ-Լիսագոր գրունտային ճանապարհի հարակից բարձունքներից մեկի ուղղությամբ։
«Դիրքային ամրապնդում են փորձել իրականացնել, որը կասեցվել է մեր Պաշտպանության բանակի ստորաբաժանումների կողմից», – պարզաբանել է Արթուր Հարությունյանը:
Երեկ երեկոյան Ղարաբաղի նախագահը Անվտանգության խորհրդի ընդլայնված նիստ է հրավիրել։ «Մեր խնդիրն է սթափ գնահատել ստեղծված իրավիճակի ողջ բարդության ու պատասխանատվության աստիճանը, վերագնահատել եղած ռեսուրսներն ու հնարավոր նոր վտանգները զսպող մեխանիզմները, կատարել անհրաժեշտ հետևություններ ու գործողություններ», – հայտարարել է Արայիկ Հարությունյանը։ Այլ մանրամասներ չեն հրապարակվել։
ավելացնել անզոր զորախմբի քանակը
Խաղաղապահ զորակազմը ընդունում է, որ շաբաթ օրը Բաքուն խախտել է նոյեմբերի 9-ի հայտարարությունն ու հատել է շփման գիծը։ Այդ պարագայում ինչո՞ւ ռուս խաղաղապահները, որոնք պատասխանատու են նոյեմբերի 9-ի պայմանավորվածությունների իրականացման համար, չեն կանխել ադրբեջանական զինուժի առաջխաղացումը։
ԼՂ ԱԺ-ի իշխող խմբակցության ղեկավարն ասում է՝ խաղաղապահները շփման գծի ողջ երկայնքով տեղակայված չեն։ Ադրբեջանի հետ շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով այս պահին տեղակայված է Ռուսաստանի Դաշնության ընդամենը 2000 զինծառայողներ։ Ստեփանակերտը բազմիցս է դիմել Ռուսաստանի իշխանություններին՝ խնդրելով ավելացնել խաղաղապահների թիվը։
2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից հետո Ադրբեջանը առաջին անգամը չէ, որ խախտել է շփման գիծը։ Անցած մարտին ադրբեջանական զինուժը ռուս խաղաղապահների ներկայությամբ ներխուժել էր Փառուխ գյուղ՝ գրավելով կարևոր նշանակություն ունեցող Քարագլուխ բարձունքի մի մասը։ Ավելի վաղ էլ ադրբեջանական զինուժը ներխուժել էր Արցախի Հին Թաղեր և Խծաբերդ գյուղեր։ Չնայած Ռուսաստանի հորդորներին՝ զբաղեցրած դիրքերից ադրբեջանցիներն առ այսօր հետ չեն քաշվել։
վերահսկում են ռուսները, «մեղավոր» են հայերը
Արդեն երեք ու կես ամիս է՝ Լաչինի միջանցքը փակ է։ Այժմ փակվել է նաև Ստեփանակերտ-Լիսագոր գրունտային ճանապարհը։ Ղարաբաղում պաշարված բնակչության համար նվազագույն պարեն և դեղեր են անցկացնում ռուս խաղաղապահները, հիվանդներին ժամանակ առ ժամանակ տարհանում են։ Բլոկադայից բացի՝ Ադրբեջանը խափանել է նաև հոսանքի մատակարարումը դեպի Արցախ, պարբերաբար գազն էլ են անջատում։
Շաբաթ օրվա առաջխաղացման մասին հաղորդելով՝ Բաքվից պնդել էին, թե այդկերպ կասեցնում են զինտեխնիկայի տեղափոխությունը։ Ադրբեջանը պարբերաբար հայտարարում է, թե հայկական զինված ստորաբաժանումները գրունտային այլընտրանքն օգտագործում են անձնակազմի ռոտացիայի և զինամթերք տեղափոխելու համար։ Ստեփանակերտն ու Երևանն այս մեղադրանքները բազմիցս են հերքել։
Արցախի իշխանությունները համարում են, որ սա մտացածին պատրվակ է, որով քողարկվում է ադրբեջանական ագրեսիան, և հիշեցնում մարտի 5-ի դիվերսիոն հարձակման մասին․ երեք հայ ոստիկանի սպանությունը (երկու զինծառայող էլ Ադրբեջանի կողմից էր զոհվել) Բաքուն բացատրում էր «ռազմական փոխադրումներով», մինչդեռ հարձակման ենթարկված մեքենաներում, ըստ Ստեփանակերտի, ռազմամթերք առհասարակ չկար։
Ադրբեջանի զորաշարժերի կապակցությամբ իր մտահոգությունն է հայտնել նաև ԱՄՆ պետքարտուղարի օգնական Քերըն Դոնֆրիդը՝ երկուշաբթի օրը Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ հեռախոսազրույցի ընթացքում։
Բաքու գնացող կա
Ստեփանակերտի նկատմամբ «մեծացող ճնշումների» ֆոնին Ադրբեջանի նախագահի աշխատակազմը Ղարաբաղի հայ համայնքի ներկայացուցիչներին առաջարկում է ապրիլի առաջին շաբաթվա ընթացքում Բաքվում հանդիպում անցկացնել՝ վերաինտեգրման, ինչպես նաև Ղարաբաղում ենթակառուցվածքային նախագծերի իրականացման հարցերը քննարկելու համար։
Մարտի 1-ին կայացած հանդիպումից հետո Ադրբեջանը նման առաջարկ էր արել նաև մարտի 13-ին․ Ստեփանակերտից մերժել էին՝ բացառելով արցախցիների վերաինտեգրումը Ադրբեջանի կազմում։
Հրավերը, հավանաբար, քննարկվել է նաև Անվտանգության խորհրդի երեկվա նիստում։ Պաշտոնական պատասխան դեռ չկա։
Արթուր Հարությունյանն ասում է՝ ադրբեջանցիների հետ պատրաստ են քննարկել Լաչինի միջանցքը ապաշրջափակելու, գազի, էլեկտրաէներգիայի մատակարարումը վերականգնելու հետ կապված հարցերը։ Ինչ վերաբերում է քաղաքական հարցերին, դրանք հնարավոր կլինի քննարկել միջազգայնորեն ճանաչված ձևաչափի շրջանակներում։ Ադրբեջանական կողմը, մինչդեռ, պնդում է, որ նման ձևաչափի մասին խոսք լինել չի կարող։