Վարչապետ Փաշինյանի առաջարկությամբ պաշտոնից ազատվել է Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Կամո Քոչունցը։ Փաշինյանն այս որոշումը կայացրել է երեկ՝ Ներքին Հանդում հայկական դիրքերի վրա ադրբեջանական զորքի հարձակումից հետո։
61-ամյա գեներալ-լեյտենանտը Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ էր նշանակվել 2021-ի սեպտեմբերի 13-ին։ Այս պաշտոնում նրան փոխարինել է 46-ամյա Արթուր Երոյանը, որը անցած 3 տարիների ընթացքում ղեկավարել է Վազգեն Սարգսյանի անվան Ռազմական ակադեմիան՝ մինչ այդ զբաղեցնելով մի շարք հրամանատարական պաշտոններ։
Նախագահի աշխատակազմից ավելի ուշ հաղորդել են կադրային այլ փոփոխությունների մասին։ Վարչապետի առաջարկությամբ, Կարեն Գրիգորյանը ազատվել է ինժեներական զորքերի պետի պաշտոնից և նշանակվել ԳՇ պետի տեղակալ։ Կապի զորքերի նախկին պետ Թեմուր Շահնազարյանը դարձել է ԳՇ օպերատիվ գլխավոր վարչության պետ-ԳՇ պետի տեղակալ, կապի զորքերի նոր պետ է նշանակվել Վիգեն Մկրտչյանը։ Հատուկ բանակային կորպուսի արդեն նախկին հրամանատար Արտակ Բուղադյանը նշանակվել է Զորքերի (ուժերի) միացյալ խմբավորման հրամանատար, Դավիթ Ալեքսանյանը՝ ԳՇ մարտական պատրաստության վարչության պետ, Արմեն Սեյրանյանը՝ ԳՇ ռազմավարական պլանավորման վարչության պետ, Համլետ Լևոնյանը՝ Խաղաղապահ ուժերի բրիգադի հրամանատար։
Արդյո՞ք կադրային այս փոփոխությունները կապված են վերջին էսկալացիայի հետ՝ ռազմական գերատեսչությունից չեն ասում։ Ներքին Հանդի դիրքերում երեկ 4 զինծառայող էր զոհվել։ Բոլորը Երկրապահի կամավորականներ էին։ Դիրքապահ կամավորներից մեկն էլ վիրավոր է։
տե՛ս Ադրբեջանը 4 մարդ է սպանել Երևանի հետաքննությանն «ի պատասխան»
Ադրբեջանական հարձակման նախորդ օրը այս հատվածում մեկ այլ միջադեպ էր եղել։ Հայաստանցի դիրքապահները, ըստ Բաքվի, կրակ էին բացել և վիրավորել ադրբեջանցի սահմանապահներից մեկին։ Հայկական կողմը խոստացել էր հետաքննել միջադեպը։ Հայաստանի Ռազմական ոստիկանությունը երեկ, ըստ էության, չէր հերքել, որ հայկական դիրքերից են կրակոցներ արձակվել: Գերատեսչությունից հավաստիացրել էին՝ եթե ադրբեջանական մամուլում տարածված այս տեղեկությունը հաստատվի, մեղավորները պատասխանատվության կենթարկվեն։
Ադրբեջանը հետաքննության արդյունքներին սպասելու փոխարեն անցել էր ռազմական հարձակման։ Հայաստանի ԱԳՆ-ն դատապարտել է․ «Սա ի ցույց է դնում, որ սահմանային էսկալացիաներ ծավալելու համար Ադրբեջանը փնտրում է պատրվակներ»: Եվրոպական Միության ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը Ադրբեջանի ագրեսիան «անհամաչափ պատասխան» էր անվանել։
Ինչո՞ւ էր սահմանային դիրքի պաշտպանությունը վստահվել Երկրապահի կամավորականներին և ո՞ւր էր կանոնավոր զորքը՝ պարզ չէ։ Պաշտպանության նախարարությունից հարցերին չեն պատասխանում։ Խորհրդարանի պաշտպանության հանձնաժողովի նախագահն ասում է՝ «հարավային սահմանային մեր երկայնքը ամենամեծն է», մարդկային ռեսուրսի պակաս կա, «կամավորները շատ դեպքերում Զինված ուժերին օգնում են»։
Հայաստանի ռազմական ոստիկանությունը ավելի վաղ տարածած հաղորդագրության մեջ տեղեկացրել էր՝ նախնական տեղեկություններով, այնտեղ կրակ բացելու իրավիճակ չի եղել։ Իշխանական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը առաջարկել է սպասել հետաքննության արդյունքներին և ակնարկել՝ չի կարելի զոհեր տալ այնտեղ, որտեղ պետք է խուսափել զոհերից։
տե՛ս Հայաստանի ՊՆ-ն հետաքննում է ադրբեջանցի սահմանապահի վիրավորման մասին տեղեկությունը
«Չկա էտենց հասկացողություն՝ անիմաստ կրակել։ Այտենց բան չի կարող լինի, որ դու դնես ու քո համար կրակես։ Ինչի՞ ես կրակում։ Ուրեմն մի բան ինքը զգացել է, մի բան տեսել է, որ կրակել է, ինչ-որ մի առաջխաղացում, կամ ինչ-որ մի բան նկատում է դիրքապահը, որ կրակում է», – «Ազատության» հետ զրույցում հակադարձել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, Երկրապահ կամավորական միության անդամ, պաշտպանության նախկին փոխնախարար Գագիկ Մելքոնյանը։
Մելքոնյանը սպասում է Ռազմական ոստիկանության քննության արդյունքներին (որոնք, որպես կանոն, չեն էլ հանրայնացվում), որպեսզի հասկանա՝ ինչ է տեղի ունեցել փետրվարի 12-ին Ներքին Հանդի դիրքերում, և եթե կամավորներն առաջինն են կրակել, ինչպես պնդում են ադրբեջանցիները, որն է եղել պատճառը։
Այսօրվա կադրային փոփոխությունները նա փետրվարի 12-ի սահմանային միջադեպի և փետրվարի 13-ի ադրբեջանական հարձակման հետ չի կապում։ Ազգային ժողովի պաշտպանության հանձնաժողովից էլ են հերքում, որ պաշտոնանկությունները պայմանավորված են նոր էսկալացիայով։
«Ես [պաշտոնանկություններն ու նոր նշանակումները] չեմ կապում էս գործողությունների հետ։ Նորից եմ ասում՝ Գլխավոր շտաբում դեռ շատ փոփոխություններ կլինեն։ Արդեն հասկանալի է, որ մենք գնում ենք նոր տեխնիկա, և փոխելու ենք մեր նախկին կառավարման ձևը», – ասում է Գագիկ Մելքոնյանը։