Երասխում կառուցվող մետալուրգիական գործարանի ուղղությամբ օրեր առաջ բացված կրակը շարունակվում է։ Ադրբեջանը տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից դարձյալ կրակել է օտարերկրյա ներդրումներով կառուցվող այս գործարանի ուղղությամբ՝ հունիսի 19-ին հաղորդել է Հայաստանի Պաշտպանության նախարարությունը։ Ըստ Բաքվի՝ կրակը հայկական կողմն է բացել՝ Նախիջևանի ինքնավար հանրապետության Սադարակի շրջանում գտնվող Հեյդարաբադի ուղղությամբ։
Հիշեցնենք, որ հունիսի 14-ին Երասխում կառուցվող հայ-ամերիկյան մետալուրգիական գործարանի շինարարները՝ Հնդկաստանի քաղաքացիներ Մուհամադ Ասիֆը և Միրհասան Սահաջանը վիրավորում էին ստացել և բարեհաջող վիրահատվել։
Վերջին օրերին անհանգիստ է սահմանի մի քանի ուղղություններում՝ Երասխ, Գեղարքունիքի Սոթք ու Վերին Շորժա, Սյունիքի Ներքին Հանդ:
«Գյուղում այս պահին հանգիստ է, գյուղացիներն այս պահին իրենց առօրյա հոգսերով են զբաղված», – ասել է Սոթքի համայնքապետ Սևակ Խաչատրյանն՝ վստահեցնելով, որ կրակոցները դիրքերում էին, գյուղ չեն հասել։
Սյունիքի Ներքին Հանդ գյուղում կիրակի գիշերը շուրջ 15 րոպե ավտոմատի կրակահերթեր էին լսվում՝ դարձյալ հայկական դիրքերի ուղղությամբ։ Այժմ սահմանային այս գյուղում հարաբերական անդորր է:
Ավելի վաղ Տեղ գյուղի հատվածում հայաստանցի սահմանապահ էր վիրավորվել։ Կողմերը հրադադարի խախտումների մասին էին հաղորդել։ Հայաստանի ԱԱԾ-ն հայտարարել էր, թե կանխել էր Լաչինի հատվածում ադրբեջանական «առաջխաղացման» և «Հայաստանի տարածքում դրոշ» տեղադրելու փորձը։ Բաքուն էլ՝ կրկին փակել Լաչինի միջանցքը։
տես՝ Ադրբեջանը կանգնեցրել է շարժը. կան վիրավորներ (թարմացվող)
Հունիսի 15-ից ադրբեջանական կողմը արգելափակել էր հումանիտար բեռների մուտքը Արցախ, Կարմիր խաչը կրկին չի կարողանում հիվանդների տեղափոխել երևանյան հաստատություններ: ԿԽՄԿ արցախյան առաքելության ներկայացուցիչ Էթերի Մուսայելյանի խոսքով՝ այդ օրվանից առայսօր ոչ մի տեղաշարժ տեղի չի ունեցել․ «Հետևում ենք իրավիճակի զարգացմանը և անընդմեջ կապի մեջ ենք բոլոր որոշում կայացնողների հետ: Հենց իրավիճակը թույլ կտա, հուսով ենք, որ կվերսկսվեն մեր աշխատանքները»։
Հայաստան տեղափոխվելուն են սպասում 175 հոգի՝ ուռուցքային ու սիրտ-անոթային խնդիրներով, իր հերթին, տեղեկացրել է Արցախի առողջապահության նախարարություը։