Փետրվարի 23-ին Վաշինգտոնից հայտարարել էին՝ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթ են ընդունել։ Սանկցիաների տակ են հայտնվել 500-ից ավել ընկերություններ և ֆիզիակական անձինք։ Պատժամիջոցների այս նոր փաթեթում ներառվել է նաև ռուսական հանքարդյունաբերական «Գեոպրոմայնինգ» ՍՊԸ-ն, որին պատկանում է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը (Հայաստանի ամենախոշոր հարկատուն է), Սաթքի ոսկու հանքը, Արարատի ոսկու կորզման ֆաբրիկան և Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատը։
Ընդհանուր առմամբ՝ նոր սանկցիաների տակ է հայտնվել ավելի քան 500 ընկերություն/անհատ։ Միացյալ Նահանգների գանձապետարանն ընդգծել է, որ պատժամիջոցները տարածվում են Ռուսաստանի ֆինանսական սեկտորի և Եվրոպայի, Արևելյան ու Կենտրոնական Ասիայի և Մերձավոր Արևելքի այն ընկերությունների վրա, որոնք օգնում են Ռուսաստանին շրջանցել պատժամիջոցները: Սանկցիաների տակ են հայտնվել ռուսական ռազմարդյունաբերությանն առնչվող տասնյակ ընկերություններ:
Պատժամիջոցներ սահմանելով՝ Վաշինգտոնը փաստացի «սառեցնում է» կապերը այս ընկերությունների և անհատների հետ՝ փորձելով խոչընդոտել նրանց գործունեությանը, սահմանափակել ռուսական ռազմարդյունաբերությանը աջակցելու նրանց հնարավորությունը, տնտեսապես հարվածել նրանց։ Պատժամիջոցների ընդլայնումը հիմնավորվում է ռուս-ուկրաինական պատերազմի երկրորդ տարելիցով և ռուսական ընդդիմության առաջնորդ, բանտարկված Ալեքսեյ Նավալնիի մահվամբ։
«Հետքը» հիշեցնում է պատժամիջոցային փաթեթում ներառված «Գեոպրոմայնինգ» (OOO ГЕОПРОМАЙНИНГ) ընկերությունների խմբի հայկական ակտիվների մասին՝ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ, «Գեոպրոմայնինգ գոլդ» ՍՊԸ (շահագործում է Սոթքի ոսկու հանքավայրը և Արարատի ոսկու կորզման ֆաբրիկան), «Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ։
Մինչև 2023 թվականի հոկտեմբերը «Գեոպրոմայնինգ գոլդ» ՍՊԸ-ի և«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի բաժնետեր էր ռուս միլիարդատեր Ռոման Տրոցենկոյի որդին՝ Գլեբ Տրոցենկոն։ 2023-ի տարեվերջին ամերիկյան պատժամիջոցների տակ հայտնվեցին և՛ Ռոման Տրոցենկոյին պատկանող ընկերությունը, և՛ անձամբ Գլեբ Տրոցենկոն։ Դրանից հետո կրտսեր Տրոցենկոն դուրս եկավ «Գեոպրոմայնինգ գոլդի» և Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի բաժնետերերի ցանկից։
Երկու ընկերություններում էլ նրան փոխարինելու եկավ Սվետլանա Երշովան։ Ենթադրվում էր, որ Տրոցենկոյի ֆորմալ հեռացումը և նրա հետ փոխկապակցված Երշովայի ի հայտ գալը թույլ կտան պաշտպանել հայկական ակտիվները՝ այնպես անել, որպեսզի այդ ընկերությունները չտուժեն պատժամիջոցներից։ Այժմ պատժամիջոցների տակ է հայտվել հայաստանյան ակտիվները տիրապետող ընկերությունը՝ հենց «Գեոպրոմայնինգը»։ Թե ինչպես է սա ազդելու «Գեոպրոմայնինգ» խմբի հայկական ակտիվների վրա՝ ընկերությունից դեռ չեն ասել։
Ըստ «Հետքի», Զանգեզուրի կոմբինատի նոր բաժնետերը փոխկապակցված է նաև պատժամիջոցների տակ հայտնված մեկ այլ ընկերության՝ Տրոցենկոներին պատկանող AEON Mining-ի հետ։
Ըստ ռուսական աղբյուրների՝ ընկերությունը Ռոման Տրոցենկոյի բիզնես կայսրության մի մասն է։ Նրան է պատկանել նաև AEON ենթակառուցվածքային կորպորացիան։ 2023-ի տարեբերջին Տրոցենկոն AEON կորպորացիայի 69 տոկոսը «վաճառել է» նույն կորպորացիայում բարձրաստիճան պաշտոններ զբաղեցնող երկու անձանց։ Վերջիններիս անունները բաց աղբյուրներում չեն նշվում։
Սվետլանա Երշովան, որն այժմ բաժնեմաս ունի «Գեոպրոմայնինգ գոլդում» և «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում», բարձր պաշտոններ է զբաղեցնում Տրոցենկոներին պատկանող կամ նրանց հետ փոխկապակցված բազմաթիվ ընկերություններում։ Որոշ ընկերություններում նա հանդես է գալիս որպես սեփականատեր։ Ըստ ռուսական «Վեդոմոստի» պարբերականի՝ 2019 թվականի դրությամբ Երշովային, օրինակ, պատկանել է Տրոցենկոների հայտնի «Профи» ընկերության 99,01 տոկոսանոց մասնաբաժինը։ Վերջին 5 տարիների ընթացքում համատեղությամբ զբաղեցրած նրա պաշտոնների շարքում է նաև AEON կորպորացիայի (ՕՕՕ Инфраструктурная корпорация «АЕОН») իրավական հարցերով տնօրենը։