Իսրայելական զինվորականներն առավոտյան հայտարարել են տասնյակ հազարավոր պահեստազորայինների մոբիլիզացիայի նոր ալիքի մասին։ Մայիսի 4-ին երկրում կառավարության նիստ էր հրավիրվել՝ Գազայում իսրայելական զինված ուժերի ներկայության ընդլայնման վերաբերյալ։ Երկրի ռազմական իշխանությունները որոշել են ուժեղացնել պատերազմական գործողությունները Գազայում՝ Համասի ենթակառուցվածքների ամբողջական ոչնչացման և իսրայելցի գերիներին վերադարձնելու նպատակով։
Միջազգային միջնորդների օգնությամբ ձեռք բերված հրադադարի համաձայնագիրը վաղուց արդեն չի գործում։ Մարտի 18-ին Իսրայելի կառավարությունը հայտարարել էր ռազմական գործողությունների պաշտոնական վերսկսման մասին։ Այդ պահից ի վեր գերիների փոխանակություն տեղի չի ունեցել։ Իսրայելում պահվող պաղեստինցի գերիների հստակ թիվը հայտնի չէ։ Համասն իսրայելցի 59 պատանդ ունի, որոնցից հավանաբար կենդանի են 24-ը։ Մարտի 18-ի հայտարարությունից հետո Իսրայելը նոր տարածքներ է գրավել Գազայում, հարյուր հազարավոր մարդիկ ստիպված են եղել հեռանալ իրենց տներից։
Ցախալի նոր հարձակումներից հետո մարդասիրական կազմակերպություններն իսրայական կողմի գործողությունները որակում են որպես «սովի քաղաքականություն»։ Պաղեստինի գրեթե ողջ տարածքում պարենային ապրանքների, ջրի ու դեղամիջոցների խիստ պակաս կա, մարդասիրական օգնությունը տեղացիներին փոխանցել գրեթե չի հաջողվում։ Մարդկանց սովի դատապարտելու մասին մեղադրանքներն Իսրայելը չի ընդունում։
Յեմենում գործող հութիական խմբավորումները պահանջում են դադարեցնել հարձակումները Գազայում։ Մայիսի 4-ին հութիներն Իսրայելին սպառնացել են «օդային բլոկադայով». խմբավորումները հայտարարել էին իսրայելական օդանավակայանների ուղղությամբ նախատեսվող ավիահարվածների մասին։ Մայիսի 4-ի առավոտյան արձակված արկերից մեկը հարվածել էր Բեն-Գուրիոն օդանավակայանի հիմնական տերմինալին։ Կա 6 վիրավոր։ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն պատասխան արձագանք է խոստացել։