Home / Հայաստան / Եթե մեր հարցերը չլուծեն, գնալու ենք բանկերը փակենք

Եթե մեր հարցերը չլուծեն, գնալու ենք բանկերը փակենք

Խարդախությունների պատճառով վարկերի տակ ընկած մարդիկ այսօր կրկին Կենտրոնական բանկի մոտ էին, բողոքում էին անտարբերությունից և անգործությունից։ ԿԲ-ի մոտ ակցիա է եղել նաև երկու ամիս առաջ, բանկի ներկայացուցիչները խոստացել էին քայլեր ձեռնարկել, լուծումներ գտնել։ Ոչ մի առաջընթաց այս ընթացքում չի գրանցվել։

«Թող գան ներքև ու ասեն, թե երկու ամսվա ընթացքում ինչ են արել այն բանկի հետ, որտեղ ամենաշատն են զեղծարարություններ տեղի ունեցել», – ասել է իրավապաշտպան Մհեր Կարագոզյանը։ Ցուցարարների գրավոր հարցումներին Կենտրոնական բանկը միևնույն լղոզված և ոչինչ չասող տեքստով է արձագանքել։

Խարդախությունների զոհերը վերջին ամիսներին միավորվել են և պարբերաբար բողոքի ցույցեր են անում պետական գերատեսչությունների և բանկերի մոտ, որոնց վարկավորման առցանց համակարգերի պատճառով հայտնվել են մի քանի հարյուր հազարից մինչև մի քանի միլիոն պարտքի տակ։ Նրանցից շատերը ստիպված վճարում են վարկերի տոկոսները, որպեսզի չընկնեն հարկադիր կատարողների ձեռքը, չկորցնեն գույքը, հաշիվները չբլոկավորվեն և չհայտնվեն նույն բանկերի սև ցուցակներում։

Կենտրոնական բանկից հետո այսօրվա բողոքի ցույցը տեղափոխվել է Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի մոտ։ ՄԻՊ-ը ակցիայի մասնակիցներից մի խմբի հրավիրել է «խորհրդատվական բնույթի քննարկում» անցկացնելու։