Մայիսի 3-ին «Ռուսական համայնք» ուլտրաաջական խմբավորման անդամները ներխուժել են Լենինգրադի մարզի Վսևոլոժսկ քաղաքում գտնվող բնակարաններից մեկը։ Ազգայնական «դրուժիննիկների» ռեյդի ընթացքում բնակարանում հրդեհ է բռնկվել է։ Տեղական ՆԳՆ-ի փոխանցմամբ, զոհվել է 37-ամյա Հայաստանի քաղաքացին։ Նրա հետ միևնույն սենյակում պաշարված կինը՝ 24-ամյա «Սոչիի բնակիչը», նետվել է 7-րդ հարկի պատուհանից։ Բազմաթիվ կոտրվածքներով (այդ թվում՝ ողնաշարի) նրան տեղափոխել են հիվանդանոց։ «Բժիշկները պայքարում են կյանքը փրկելու համար»։
Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել «անզգուշությամբ մահ պատճառելու» հոդվածով։ «Ֆոնտանկայի» տեղեկություններով, ուլտրաաջական խմբավորման 5 անդամների բնակարաններում խուզարկություններ են եղել, նրանց հարցաքննել են և ազատել՝ վկայի կարգավիճակով։
Նախաքննության վարկածը հետևյալն է․ «Ռուսական համայնքի» դիմակավորված անդամները ջարդել են դուռը, բնակարանում գտնվող 46-ամյա տղամարդուն հարվածել են էլեկտրաշոկերով և պղպեղի ցողիչից արցունքաբեր գազ լցրել նրա դեմքին։ Վերջինիս հյուրերը՝ 37-ամյա հայաստանցին և նրա 24-ամյա ընկերուհին, փակվել են սենյակներից մեկում։ Երբ դիմակավորված տղամարդիկ փորձել են ջարդել նաև սենյակի դուռը, 37-ամյա տղամարդը հրկիզել է կահույքը։ Կրակն արագ է տարածվել, տղամարդը տեղում մահացել է, կինը փրկվելու համար ցած է նետվել պատուհանից։
Հրդեհը վերապրած 46-ամյա Եվգենին՝ վառված բնակարանի տերը, «Ֆոնտանկային» պատմել է, որ զոհվածը՝ Գոռ Հովակիմյանը, ճանաչել է հարձակվողներին․ ուլտրանացիները նրա նկատմամբ իսկական որս էին հայտարարել։
47news-ը «Ռուսական համայնքի» տեղական ստորաբաժանման ալիքներում գտել է Հովակիմյանի լուսանկարը։ Կից գրությամբ ուլտրաաջերը, ըստ 47news-ի, խնդրել են իրենց համակիրներին կիսվել նրա գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություններով։ «Տվյալ պերսոնաժը որոնվում է Ռուսական համայնքի համակարգողի վրա մահափորձ նախապատրաստելու համար», – գրված է եղել հայտարարության մեջ։ Սքրինշոթից տարեթիվ չի երևում, ամսաթիվը՝ փետրվարի 12։
«Մեդիազոնան» գտել է զոհված Հովակիմյանի անձնական էջը «ՎԿոնտակտե»-ում։ Նրա վերջին փոստը՝ հրապարակված ապրիլի 8-ին, նվիրված է «Ռուսական համայնքին», որի անդամներին Գոռն անվանել է «նեղացած նեոնացիստներ» և մեղադրել նրանց «մարդկանց զրպարտելու», «դրուժինաներին անդամակցելով՝ բեսպրեդել անելու» մեջ։
Եվգենին, մինչ այդ, պատմել է, որ դիմակավորվածները սկզբում ներկայացել են որպես ոստիկաններ, պահանջել են բացել դուռը, մերժումից հետո ջարդել են այն։ Հայաստանցին և նրա ընկերուհին թաքնվել են սենյակում, բնակարանի տերը՝ զուգարանում։ Ջարդել են նաև զուգարանի դուռը, արցունքաբեր գազ են ցփնել Եվգենիի դեմքին և հարվածել նրան էլեկտրաշոկերով։ Ավելի ուշ նաև ծեծել են։
Տղամարդու խոսքով՝ հարձակման պատճառների մասին նրանք ոչինչ չեն ասել, հետաքրքրվել են միայն հյուրերից մեկի՝ զոհված Գոռ Հովակիմյանի գտնվելու վայրով։ Փորձել են ջարդել նաև այն սենյակի դուռը, որում նա թաքնված էր։ Չի ստացվել։ Կարճ ժամանակ անց այնտեղ հրդեհ է բռնկվել։
«Պետրոգրադի Ռուսական համայնքն» ավելի ուշ հայտարարություն է տարածել, թե իրենք ոչնչում մեղավոր չեն, զուտ փորձել են խաղաղ մարդկանց պաշտպանել ագրեսիվ թրմամոլներից։ Հայտարարել են, թե իբր դեպքի վայր են եկել Եվգենիի քրոջ խնդրանքով։ Հավաստիացրել են, թե դուռը չեն ջարդել՝ այն արդեն ջարդված էր։ Հատուկ միջոցների կիրառումը ներկայացրել են որպես ինքնապաշտպանություն թավով զինված տանտիրոջից։ Հրդեհի բռնկման մեջ մեղադրել են մահացածին։ Հայտարարել են, թե փորձել են փրկել նրան և պատուհանից նետված կնոջը, բայց չի ստացվել։
Հրդեհը վերապրած Եվգենին չի հերքել, որ թմրանյութ օգտագործող է։ Դա հաստատել է նաև նրա մայրը (որը դստեր հետ անմիջապես եկել է դեպքի վայր՝ որդուն պաշտպանելու)։ Մահացածի և տուժածի կախվածությունների մասին ոչինչ հայտնի չէ, ինչի վրա են հիմնվում ուլտրաջականների «մեղադրանքները»՝ պարզ չէ։
Ինչ վերաբերում է «Ռուսական համայքնի» մնացած արդարացումներին, դրանք հերքվել են ոչ միայն Եվգենիի և նրա մոր, այլ հարևաններից առնվազն մեկի վկայություններով։ Եվգենիի հարևանուհին Мash-ի հետ զրույցում պատմել է, որ տեսել է՝ ինչպես են համազգեստավորված և դիմակավորված տղամարդիկ, որոնց նա սկզբում ոստիկանի տեղ է դրել, սպառնում էլեկտրաշոկերով ձեռնաշղթայված Եվգենիին, այդ ընթացքում հրդեհվող սենյակից լսվել են երկրորդ տղամարդու՝ Գոռի բղավոցները։ Կինը հարցրել է՝ հնարավոր չէ՞ նրան ինչ-որ կերպ փրկել, նա ողջ-ողջ այրվում է։ Ուլտրաաջականներից մեկը պատասխանել է, թե «նա տեղական բարիգներից է, իրան խղճալու չկա, թող վառվի»։
Սա առաջին դեպքը չէ, երբ ուլտրաաջական խմբավորման անդամները ներկայանում են որպես ուժային կառույցի ներկայացուցիչներ։ «Ռուսական համայնքի» տարածքային ստորաբաժանումները վերջին տարիներին համագործակցում են ռուսական ոստիկանության հետ, որոշ բնակավայրերում դրանք լեգալիզացված են որպես «դրուժիննիկներ», աչքի են ընկել համամիգրանտական ռեյդերով և հարձակումներով։ Մեդիաների տեղեկություններով՝ խմբավորմանը հովանավորում է Ռուսաստանի Քննչական կոմիտեի ղեկավար Ալեքսանդր Բաստրիկինը։
Ռեյդեր անելու կամ հատուկ միջոցներ կիրառելու իրավունք «դրուժիննիկներն» ամեն դեպքում չունեն։ Բայց ապօրինի ներխուժման և ֆիզիկական ներգործության համար քրեական գործեր մինչև հիմա էլ չեն հարուցվել։ Ոչ ոք ձերբակալված չէ։