Այսօր՝ Իսրայելի և Համասի միջև հունվարի 19-ից ուժի մեջ մտած հրադադարի պայմանավորվածությունից երկու օր անց, Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել է, որ երկրի Պաշտպանության ուժերը (Ցախալ), Ընդհանուր անվտանգության ծառայությունը (Շաբակ) և ոստիկանությունը ռազմական գործողություններ են սկսել Հորդանան գետի արևմտյան ափին գտնվող Ջենինում (քաղաք պաղեստինական ավտոնոմիայի տարածքում)։
«Պողպատե պատ» կոչվող օպերացիան, Նեթանյահուի խոսքերով, ևս մեկ քայլ է՝ ուղղված անվտանգության ամրապնդմանը Հուդեայում և Սամարիայում։
«Մենք համակարգված և վճռական կռիվ ենք տալիս իրանական առանցքի դեմ, որտեղ էլ նա ուղղի իր զենքը՝ Գազայում, Լիբանանում, Սիրիայում, Եմենում, Հուդեայում և Սամարիայում», – ասել է Իսրայելի վարչապետը:
Պաղեստինի Առողջապահության նախարարության տվյալներով՝ Ջենինում իսրայելական ռազմական գործողությունների արդյունքում 6 պաղեստինցի է զոհվել, 35-ը՝ վիրավորվել։
Երկու օր առաջ՝ հունվարի 19-ին ուժի մեջ էր մտել Իսրայելի իշխանությունների և ՀԱՄԱՍ-ի միջև հրադադարի պայմանավորվածությունը։ Զինադադարի առաջին օրը ՀԱՄԱՍ-ը Իսրայելին էր հանձնել երեք, իսկ Իսրայելն ազատ էր արձակել 90 գերիների։ Ընդհանուր առմամբ, համաձայնագրի շրջանակներում նախատեսվում է, որ Իսրայելը 42 օրվա ընթացքում կստանա 33 պատանդի, իսկ ՀԱՄԱՍ-ը դրա դիմաց կստանա ավելի քան 1900 պաղեստինցի գերիների։
Ազատ արձակված պաղեստինցիների մեծ մասը Հորդանան գետի արևելյան ափից են: Ազատ արձակվելուց հետո նրանց հետ են բերել հենց այդ շրջան։