Home / Ոստիկանություն / Մահացել է Իմիշլիի վթարից տուժած երրորդ երեխան

Մահացել է Իմիշլիի վթարից տուժած երրորդ երեխան

Բաքվի հիվանդանոցում մահացել է Իմիշլիի ավտովթարից տուժած ևս մեկ երեխա։ 

Պատահարը տեղի է ունեցել հունվարի 18-ին։ Ոստիկանական մեքենան այլ մեքենայի հետ բախումից խուսափելու համար դուրս է եկել երթևեկելի գոտուց և վրաերթի ենթարկել մայթով անցնող դպրոցականների խմբին։ Երեխաներից երկուսը մահացել են։ Եվս երկու երեխաներ և ոստիկանական մեքենայի վարորդը հոսպիտալացվել էին։ Բժիշկներին, սակայն, չի հաջողվել փրկել երեխաներից մեկի կյանքը։ 

2015 թվականին ծնված երեխայի մոտ ախտորոշել էին աջ ուսոսկրի, անրակոսկրի և գանգի կոտրվածքներ, թոքի միակողմանի պնևմոմոտորաքս։ Վիրահատություններ են արվել, որից հետո միացրել են արհեստական շնչառության սարքավորումներ։ Այսօր գիշերը երեխան մահացել է։ Այս մասին հայտնել են Ադրբեջանի առողջապահության նախարարությունից։

Այս պահին բուժհաստատությունում են գտնվում ևս մեկ անչափահաս և ոստիկանական մեքենայի վարորդը։ Նրանց առողջական վիճակի մասին հստակ տեղեկություններ չկան։

Բողոքի ցույցերի պատճառ դարձած ավտովթարի գործով ձերբակալվել է Իմիշլիի 2008 թվականին ծնված քաղաքացին։ Պաշտոնական վարկածի համաձայն, անչափահասն առանց վարորդականի վարել է ազգականի մեքենան ու վթարային իրավիճակ ստեղծել։ Թեև հենց ոստիկանության մեքենան է վրաերթի ենթարկել մայթով անցնող երեխաներին, իրավապահներին պատասխանատվության ենթարկելու մասին ոչինչ չի խոսվում։