Home / Եկեղեցի / Ղրղզստանում նիկաբ կրել և կրոնափոխության դրդել այսուհետ չի կարելի

Ղրղզստանում նիկաբ կրել և կրոնափոխության դրդել այսուհետ չի կարելի

Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը ստորագրել է օրենքը, որը կանանց արգելում է նիկաբ կրել հանրային վայրերում։ 

Օրենսդրական նոր փոփոխություններից հետո Ղրղզստանում այսուհետ չի կարելի կրել հագուստ, որը կարող է խանգարել անձը նույնականացնելուն։ Բացառություն են միայն աշխատանքի բերումով դեմքը փակող հագուստը և բժշկական միջոցները։ 

«Կրոնական ոլորտում Ղրղզստանի հանրապետության որոշ օրենսդրական ակտերում փոփոխություններ մտցնելու մասին» օրենքը նաև արգելում է «այլ կրոնների դավանող, կրոնապես չեզոք կամ աթեիստ մարդկանց դեպի քո կրոնը բերելը», որոշ հաստատություններում, այդ թվում՝ ծերանոցներում, բանտերում, զորամասերում, կրոնական ռիտուալներ իրականացնելը, կրթական հասատություններում և հանրային վայրերում կրոնական գրականություն տարածելը։

Օրենքի կետերից որևէ մեկը խախտելու դեպքում տուգանք է նախատեսվում՝ 20 հազար սոմ (230 դոլար)։

Ղրղզստանի խորհրդարանը՝ Ժոգորկու Կենեշը, քաղաքացիների «կրոնական վարքը» կարգավորող ևս մեկ օրենք է ընդունել, համաձայն որի արտերկրում կրոնական կրթություն ստանալ ցանկացողները մեկնելուց առաջ պետք է երկրից իրենց տեղափոխվելը համաձայնեցնեն Կրոնական կազմակերպությւոնների կառավարման կենտրոնական մարմնի հետ։