Ղրղզստանում ամեն տարի հարյուրավոր աղջիկների են առևանգում՝ ամուսնանալու նպատակով․ ըստ ՄԱԿ-ի` 2016 թվականին իրականացված հարցման, յուրաքանչյուր հինգերորդ ամուսնությունը հարսնացուի առևանգման արդյունք է։ Ֆիզիկական ու սեռական բռնության ենթարկված կանայք, վախենալով հասարակական կարծիքից ու հարազատների մերժումից, ստիպված են լինում մնալ առևանգողների կողքին։ Առևանգվածներն ու նրանց հարազատները իրավապահ մարմիններին դիմում են հազվադեպ դեպքերում։
Ղրղզստանի օրենսդրության 175-րդ հոդվածի համաձայն՝ կանանց առևանգումը հարկադրաբար ամուսնության նպատակով պատժվում է 5-ից 7,5 տարի ազատազրկմամբ։ Եթե առևանգված կնոջ 18 տարին չի լրացել, ապա 7,5-10 տարվա ազատազրկումից բացի հանցագործի նկատմամբ սահմանվում է տուգանք՝ 180.000-ից մինչև 200.000 սոմի (1.137.850 դրամ) չափով։
Առևանգումների դեմ գործող օրենքը միևնույնն է չի կանգնեցնում տղամարդկանց։ Անցած շաբաթ Ղրղզստանի Օշի մարզում 25-ամյա տղամարդը ամուսնանալու նպատակով առևանգել էր 14 տարեկան աղջկա։ Հարուցվել էր քրեական գործ, երեք կասկածյալներ բերման էին ենթարկվել։
«Թվում է, թե տարեցտարի պատիժը խստանում է, բայց ամեն տարի նորից լուրեր են հայտնվում առևանգված, բռնաբարված, սպանված կանանց մասին։ Իմ կարծիքով, հիմնական խնդիրներից մեկը մանկուց կանանց ներարկվող սոցիալական կարծրատիպերն են, որոնցից է՝ «эл эмне дейт» (ինչ կասեն մարդիկ): Կանանց իրավապահ մարմիններին դիմելուց հաճախ հետ է պահում հանրայնացման այս վախը», – Epress.am-ի հետ զրույցում ասաց տեղացի ռեժիսոր Ջամիլա Դուիշենալիևան:
2018թ․-ի մայիսին 20-ամյա ուսանող Բուրուլայ Տուրդաալայի դաժան սպանությունից հետո (առևանգել էին ամուսնանալու նպատակով) Ղրղզստանում «աղջիկ փախցնելու» ավանդույթին՝ «Ալա կաչուու»-ին, սկսեցին նայել այլ տեսանկյունից։
«Ալա կաչուուն ավանդույթ չէ՛, այն հանցանք է»։
Բուրուլային առևանգել էին խանութ գնալու ճանապարհին։ Հայրը ահազանգել էր ոստիկանություն։ Իրավապահ մարմինները գտել էին մեքենան, որով նրան «փախցրել» էին, ու բերման ենթարկել և՛ Բուրուլային, և՛ նրան առևանգած տղամարդուն։ Վերջինիս, սակայն, ոչ միայն չէին խուզարկել, այլև «առանձնացրել էին» այն նույն սենյակում, որում գտնվում էր Բուրուլան․ ըստ ոստիկանների՝ որպեսզի տղամարդն ու նրա կողմից առևանգված կինը «զրուցեն»։ Սրանից հետո, տղամարդը դանակի հարվածներով սպանել էր աղջկան, ավելի ուշ՝ ինքնասպանության անհաջող փորձ կատարել։ Տղամարդը դատապարտվել էր 20 տարվա ազատազրկման։
Բուրուլայի դեպքից հետո հարյուրավոր ցուցարարներ դուրս եկան ընդդեմ կանանց հանդեպ բռնության բողոքի։
«Իրավապահ մարմինները վատ են աշխատում․ հաճախ նման դեպքերը երկար են հետաքննվում՝ աչքաթող անելով, կամ ոստիկաններն իրենք են «համոզում» տուժողներին հետ վերցնել դիմումը։ Սա համակարգային խնդիր է, որը կարող է կանխվել միջոցառումների համալիրի կիրառմամբ, օրինակ՝ ավելի խիստ հսկողություն նշանակել նման դեպքերի նկատմամբ, վերանայել ինչպես աղջիկների, այնպես էլ տղաների դաստիարակությունը, կոտրել հասարակության կարծրատիպերը բռնության ենթարկված կանանց մասին», – ասում է Ջամիլա Դուիշենալիևան։
Երեկ մայրաքաղաք Բիշքեկի փողոցներից մեկում ամուսինը դաժան ծեծի է ենթարկել կնոջը։ Իրավապահ մարմինները որոշել են ընդամենը 7 օրով ձերբակալել բռնարարին, քանի որ կինը հրաժարվել է բողոք ներկայացնել նրա դեմ։
«Ղրղզստանում կանանց իրավունքների երկրորդ կարևորագույն խնդիրը ընտանեկան բռնություններն են, որոնք հասարակության կողմից չեն դատապարտվում և պատշաճ պատիժ չեն ստանում», – ասում է Ջամիլան։
Ըստ պաշտոնական վիճակագրության՝ 2020 թվականին Ղրղզստանում գրանցվել է ընտանեկան բռնության 1925 դեպք, որից դատարան է հասել միայն 947-ը։ Նույն աղբյուրի համաձայն՝ ընտանեկան բռնության արդյունքում մահացել է 21 կին, իսկ վերջին 6 տարվա ընթացքում մահացած կանանց թիվը գերազանցել է 100-ը։ Միևնույն ժամանակ մոտավորապես նույնքան կին դատապարտվել է բռնություն դրսևորած ամուսնու կամ այլ անձի սպանության հիմքով. կին բանտարկյալների մոտ 25%-ը դատապարտված է «սպանություն» հոդվածով։
Անգամ երբ կանայք չեն լռում ու դուրս են գալիս հանրահավաքների, միևնույն է արժանանում են բռնության։ 2020 թվականի մարտի 8-ի կանանց դեմ բռնության երթի մասնակիցների վրա հարձակվել էին մի խումբ անձինք։ Իրավապահ մարմինները ոչ միայն չէին պաշտպանել կանանց, այլ նաև բերման էին ենթարկել նրանց։
«Ես շատ միտինգներ եմ բաց թողել վախից, որ ընկերներս կքննադատեն ինձ։ Բայց առաջին անգամ մասնակցեցի 2020-ի կանանց բռնության դեմ խաղաղ ցույցին։ Այդ ժամանակ հանդես էինք գալիս ի պաշտպանություն մարտի 8-ի երթի ժամանակ հարձակման ենթարկված կանանց։ Պահանջում էինք իշխանություններից արդար վերաբերմունք այդ կանանց նկատմամբ», – ասում է Ջամիլան։