Արագածոտնի մարզի Լուսագյուղն անցումային փուլում է։ Եթե նախկինում լուսագյուղցիներին հյուր էին գալիս կրոնի մշակութաբաններ տարբեր երկրներից, այժմ գյուղացիները պատրաստվում են այլ ծառայություններ մատուցելուն. ներդրողները խոստացել են սարքել էկո-գյուղ և բերել տուրիստներ։
Գյուղացիներն ասում են, որ իրենք էլ լավ չեն պատկերացնում, թե ինչ է դա նշանակում։ Միայն գիտեն, որ տուրիստներ ներգրավվելու համար որոշակի աշխատանքներ են արվում․ Լուսագյուղից Հանքավան մայրուղի է կառուցվում, նախատեսվում է ճոպանուղի և հանգստի գոտի սարքել։ Գյուղի տները բերվելու են համընդհանուր էսթետիկ տեսքի, տանիքները ներկելու են յոթ տարբեր գույներով, ամեն տան դիմաց դրվելու են «դիզայն արած» ցանկապատներ՝ մոտակա սարերից բերված քարերով։
Որոշները ուրախ էին, որ աշխատատեղեր կբացվեն ու տղամարդիկ ստիպված չեն լինի աշխատանքի համար հասնել Երևան։ Մի մասն էլ սկեպտիկ էր տրամադրված. ասում էին, որ կլինի ինչպես միշտ՝ բիզնեսմենները կհարստանան, գյուղացու կյանքում ոչինչ չի փոխվի։
Լուսագյուղ առաջին անգամ այցելել էինք դեռ 2018-ին։ Այն ժամանակ գյուղում կային մոտ 20 ընտանեկան սրբեր, որոնք չնայած անհատական էին, բայց բաց էին այցելուների համար։ Այդ տների տերերի մեծ մասը տեղափոխվել է, սրբավայրերն արդեն հասանելի չեն։
Սրբերի ստեղծման պատմությունները սկսվում են Արևմտյան Հայաստանից հնագույն գրքերի, խաչերի, շուշպա-ծածկոցների և այլ կրոնական իրերի դուրսբերմամբ և շատ հաճախ հյուսվում են երազների շուրջ։
Ըստ կրոնի մշակութաբան Նատալիա Կրյուկովայի՝ Լուսագյուղում սրբավայրերի ծագումնաբանությունը թվագրվում է 1830-1880-ական և 1918 թվականներին, երբ գաղթականները գյուղի տեղում կառուցեցին իրենց առաջին տները և դրանց մեջ դրեցին ընտանեկան սրբերին:
Սուրբը կարող է լինել եկեղեցի, խաչքար, քար, աղբյուր, ծառ, լեռ, քարանձավ, պատարագի առարկա, կրոնական բովանդակությամբ պատկեր և գիրք։ Սուրբ գրքերը հիմնականում հին են՝ առաջնատիպ կամ ձեռագիր:
«Սուրբ եզրույթը վերաբերում է թե՛ հենց սրբին ու նրա գտնվելու վայրին, և թե՛ այն տարածքին, որտեղ տեղի է ունենում նրա պաշտամունքը։ Դրանք կապված են գյուղի աշխարհագրության հետ և կարող են չհամընկնել։ Սուրբը ոչ թե «բնակվում» է առարկայի մեջ, այլ հենց առարկան է», – գրում է Կրյուկովան:
Ըստ մշակութաբանի՝ սրբի նյութական ձևի ամբողջականությունն ու պահպանվածությունը կարևոր, բայց ոչ որոշիչ գործոն է գյուղական համայնքում կոնկրետ սրբավայրի պաշտամունքի ձևերի և դինամիկայի մեջ:
Epress.am-ը այցելել է մի քանի ընտանիքների, որոնք դեռ ունեն ընտանեկան սրբեր։ Մատենադարանի խնդրանքը՝ հին գրքերը փոխանցել թանգարանին, գյուղացիները մերժել են։