Ղրղզստանում անհետացած ռուսաստանցի ակտիվիստին գտել են մոսկովյան կալանավայրում։
Հոկտեմբերի 16-ի լույս 17-ի գիշերը Բիշքեկում առևանգել են ձախ ակտիվիստ Լև Սկորյակինին, հաջորդ օրը նրան ապօրինի կերպով Մանաս օդանավայականից (Ղրղզստան) տեղափոխել են Դոմոդեդովո (Ռուսաստան), գրում է ՕՎԴ-Ինֆոն (ОВД-инфо)։
Երկուսուկես շաբաթ Լևի մասին ոչ ոք տեղեկություն չուներ։ Իրավապաշտպան կազմակերպության փաստաբանը նրան գտել է Մոսկվայի երկրորդ ՁՊՎ-ում (Բուտիրկա)։ Նա պահվում է այնտեղ առանց որևէ պրոցեսուալ կարգավիճակի, ամենայն հավանականությամբ՝ նաև խոշտանգումների է ենթարկվում։
Սկորյակինը Ղրղզստանում ապաստան հայցողի կարգավիճակ ունի։ Լեգալ ճանապարհով նրան երկրից դուրս բերել հնարավոր չէր՝ Ղրղզստանի դատախազությունը Ռուսաստան արտահանձնելու պահանջը մերժել էր։
Միջազգային օրենքի համաձայն, ապաստան հայցած անձի արտահանձնումը արգելված է։ Այս սկզբունը ամրագրված է ՄԱԿ-ի՝ փախստականների մասին կոնվենցիայով (1951), որին միացել է նաև Ղրղզստանի Հանրապետությունը։
ՕՎԴ-Ինֆոն ահազանգում է՝ ամենայն հանավականությամբ կալանավայրում Լևին ճնշումների են ենթարկում, որ ստիպեն ընդունել, իբր ինքը ինքնուրույն և հոժարակամ է վերադարձել Ռուսաստան։
Լրատվականների և կալանավորվածների փաստաբանների հաղորդումների համաձայն, մարդիկ, որոնք մինչ այս արտահանձնվել կամ առևանգվել են Ղրղզստանից, Ռուսաստանի տարածքում ենթարկվել են խոշտանգումների (օրինակ՝ ձախ ակտիվիստ Ալեքսեյ Ռոժկովը)։
Թե ինչ պայմաններում է պահվում Լևը՝ ոչ ոք չգիտի։ Փաստաբանին չի հաջողվել նրան տեսակցել։
Կոնտեքստ
Սկորյակինին առևանգել են Բիշքեկում գտնվող ապաստարանի մոտից հոկտեմբերի 17-ի գիշերը։ «Նովայա գազետա․Եվրոպա»-ի տվյալներով, նրան երկու մեքենա է մոտեցել, մեջը՝ մոտ 10 անհայտ տղամարդիկ, որոնք ներկայացել են որպես ոստիկանության ծառայող և տարել ակտիվիստին անհայտ ուղղությամբ։
Հուլիսին Ռուսաստանը դիմել էր Ղրղզստանին՝ Սկորյակինին արտահանձնելու պահանջով։ Բիշքեկում նրան ձերբակալել էին և տարել ՁՊՎ, սեպտեմբերին՝ մոտ երկու ամիս անց, ակտիվիստին ազատ էին արձակել։ Ղրղզստանի գլխավոր դատախազությունը արտահանձնման պահանջը մերժել էր։ Ռուսաստանցին ապաստան էր հայցել Ղրղզստանի Հանրապետությունից։ Նրան դեպորտացնելու կամ արտահանձնելու իրավունք Ղրղզստանը չուներ։
«Մեմորիալի» տվյալներով, Լևը պլանավորում էր Ղրղզստանից տեղափոխվել Գերմանիա։ Նա գերմանական հումանիտար վիզա էր ստացել, բայց չէր հասցրել լքել երկիրը, որովհետև հոկտեմբերի 11-ին՝ Վլադիմիր Պուտինի Բիշքեկ գալու օրը, ղրղզական իրավապահները նրանից վերցրել էին ռուսական անձնագիրը։
Ռուսաստանում Լև Սկորյակինի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել ի պաշտպանություն քաղբանտարկյալների քաղաքական ակցիայից հետո։ 2021 թվականի դեկտեմբերին նա պիկետ էր արել Դաշնային անվտանգության ծառայության մոսկովյան շենքի մոտ (ակցիան կոչվում էր «Շնորհավոր Չեկիստի օրը»)։
Լևին մեղադրանք են առաջադրել խուլիգանության հոդվածով, ռուսական հատուկ ծառայությունները նրա նկատմամբ միջազգային հետախուզում էին հայտարարել։
Սկորյակինը և «Ձախ բլոկի» մեկ այլ ակտիվիստ Ռուսլան Աբասովը լքել են Ռուսաստանը 2022 թվականին՝ ՁՊՎ-ից ազատ արձակվելուց անմիջապես հետո։
Նախադեպը վտանգավոր է նաև Ռուսաստանի ուժայինների անմիջական ազդեցության և վերահսկողության տակ գտնվող հետսովետական այլ երկրներում ապաստանած ընդդիմադիր ռուսաստանցիների համար։ Ռուսաստանում հետապնդվող ընդդիմադիրների գործերով արտահանձնման պահանջներ են ներկայացվում նաև Հայաստանին։ Կան դեպքեր, երբ ՀՀ իրավապահները ձերբակալել, ապա ազատ են արձակել ՌԴ քաղաքացիներին, որոնց հետախուզում է Մոսկվան։ Արտահանձնման դեպքեր դեռևս չեն գրանցվել։