Ադրբեջանցի իրավապաշտպան Բախտիյար Հաջիևը դատապարտվել է 10 տարվա ազատազրկման: Բացի այդ, Բաքվի դատարանը որոշել է բռնագանձել նրա տունը։
Հանրային քաղաքականության ինստիտուտի ղեկավար, ընդդիմադիր Հաջիևին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանի Քրեական օրենսգրքի ութ հոդվածներով։ Մասնավորապես, նա մեղադրվում է ապօրինի ձեռնարկատիրության, հանցավոր ճանապարհով ձեռք բերված գումարի և գույքի օրինականացման, մաքսանենգության, հարկերից խուսափելու, խուլիգանության, դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի և փաստաթղթեր կեղծելու մեջ։ Հաջիևը իրեն առաջադրված մեղադրանքները չի ընդունում։
2024 թ․ դեկտեմբերի 28-ին Բաքվի ծանր հանցագործությունների դատարանում դատախազը Հաջիևի համար 11 տարվա ազատազրկում և նրա սառեցված հաշիվների բռնագանձում էր պահանջել։
Ընդդիմադիր գործիչը կալանքի տակ է 2022 թվականի դեկտեմբերի 9-ից, սկզբում մեղադրվում էր «խուլիգանության» և «դատարանին անարգելու» մեջ։ Ակտիվիստին մինչև 3 տարի ազատազրկում էր սպառնում։
Մեղադրանքն առնչվում էր 2021-ի հոկտեմբերի տեղի ունեցած միջադեպին։ Հաջիևը պնդում է, որ ապրիլի 21-ին իրեն առևանգել են՝ գլխին պարկ հագցնելով։ Նրա խոսքով՝ հանցագործները պահանջում էին, որ նա դադարի քննադատական հրապարակումներ անել երկրի ներքին գործերի նախարար Վիլայաթ Էյվազովի մասին։ Ընդդիմադիրը պնդում էր, որ իր նկատմամբ «մարդկային արժանապատվությունը ստորացնող» գործողություններ են արել, վերցրել իր հեռախոսն ու ջնջել նախարարին քննադատող բոլոր հրապարակումները։
Արդեն հոկտեմբերին դատարանն ուսումնասիրում էր զրպարտությանը վերաբերող հայցը․ կողմերից մեկը Հաջիևն էր, մյուսը՝ լրագրող Ուլվիա Մուրադովան։ Քննությունը պնդում էր, թե Հաջիևը դատական նիստի ժամանակ փաստաթղթերով խփել է Մուրադովայի գլխին, պաշտպանությունը հակադարձում է՝ նա թղթերով սեղանին է խփել, այն էլ՝ իրեն հասցեագրված բացահայտ վիրավորանքներից հետո։ Նախաքննության ընթացքում նրա նկատմամբ լրացուցիչ մեղադրանքներ են առաջադրվել։
Այնուամենայնիվ, այսօր կայացած դատական նիստի ընթացքում «խուլիգանության» և «դատարանին անարգելու» մեղադրանքները չեն քննվել՝ վաղեմության ժամկետը լրանալու պատճառով։
Բացի 10 տարվա ազատազրկումը, դատարանը որոշել է բռնագրավել Հաջևի տունն ու բանկային հաշիվների գումարները որպես «տնտեսական հանցագործությունների հետևանքով պետությանը պատճառված վնասի փոխհատուցում»:
Դատարանում իր եզրափակիչ ելույթի ժամանակ Բախտիյար Հաջիևն ասել է, որ արդար դատավճիռ չի ակնկալում, քանի որ իր դեմ գործն ի սկզբանե շինծու էր և կրում էր «քաղաքական բնույթ»։
Տնտեսական հանցագործություններն, ըստ իրավապաշտպանի, ապօրինի են, քանի որ դրանք առաջադրվել են անանուն աղբյուրից ստացված նամակի հիման վրա, որտեղ ասվում է, թե Հաջիևը դրամաշնորհներ է ստանում արևմտյան կազմակերպություններից՝ Ադրբեջանում հեղաշրջում իրականացնելու պատվերով։
Ընդդիմադիր գոևծիչը կարծում է, որ իր ձերբակալության իրական պատճառը «Ադրբեջանում մարդու իրավունքները խախտողների դեմ պատժամիջոցների սահմանմանն ուղղված իր գործունեությունն էր»։ Նա դատարանի ուշադրությունը հրավիրեց այն փաստի վրա, որ ինքը ձերբակալվել է նույն օրը, երբ թիրախային պատժամիջոցներ են սահմանվել Ադրբեջանի ոստիկանության ներկայացուցչի նկատմամբ։