Ադրբեջանում գործող հատուկ կարանտինային ռեժիմը, որի պատճառով երկրի ցամաքային սահմանները փակ են մնում, երկարաձգվել է մինչև 2025 թվականի ապրիլի մեկ։ Համապատասխան որոշումն արդեն ստորագրել է Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովը։
Երկրի ցամաքային սահմանները փակ են 2020 թվականի գարնանից։ Պաշտոնական Բաքուն հայտարարել է, որ քովիդի համաճարակի կարանտինային ռեժիմը ուժի մեջ կմնա «այնքան, որքան պետք լինի»։ Նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ փակ սահմանները երկիրը պաշտպանում են «շատ մեծ աղետներից»։
Նախորդ անգամ կարանտինային ռեժիմը երկարաձգվել էր սեպտեմբերի 25-ին։ Այն ժամանակ որոշվել էր սահմանները փակ պահել մինչև 2025-ի հունվարի 1-ը։
Արդեն ավելի քան 4 տարի Ադրբեջան հնարավոր է մտնել միայն օդային ճանապարհով։ Վերջին տարիներին, սակայն, օտարերկրյա քաղաքացիները և քաղաքացիություն չունեցողները երկրից կարող են դուրս գալ նաև ցամաքով։
Ստեղծված իրավիճակում մարդիկ ստիպված են ավելի շատ օգտվել օդային տրանսպորտից, բայց քանի որ օդային ուղևորափոխադրումների համակարգը գտնվում է իշխող ընտանիքի վերահսկողության տակ, ապա իշխանությունները պետք է բացատրեն, թե ինչու են տոմսերն այդքան թանկ, սեպտեմբերին կարանտինային ռեժիմի երկարաձգումը մեկնաբանելիս ասել է Ժողովրդավարական ուժերի ազգային խորհրդի նախագահ Ջամիլ Հասանլին։
«Նրանք իրենց գներն են թելադրում նույնիսկ դեպի Ադրբեջան թռիչքներ իրականացնող արտասահմանյան ավիաընկերություններին։ Օրինակ, Թուրքական ավիաուղիներով դեպի Բեռլին կամ Փարիզ թռիչքները շատ ավելի էժան են, քան Ստամբուլից Բաքու չվերթը։ Թբիլիսիից Ստամբուլ և այլ եվրոպական քաղաքներ կարելի է մեկնել 50-70 եվրոյով, իսկ ադրբեջանցիները ստիպված են 1150 դոլար վճարել Բաքվից Լոնդոն մեկնելու համար։ Քանի որ կառավարությունն ավիաընկերությունների համար այդպիսի շեմ է սահմանել», – ասում է Հասանլին։
Ադրբեջանի ինքնաշրջափակումից, տեղացիներից բացի, տուժում է նաև հարևան Վրաստանը, որը, ըստ պաշտոնական տվյալների, այս ընթացքում միլիոնավոր տուրիստներ է կորցրել։ Տուրիստական սեկտորի կորուստները, ըստ նախարարության, հարյուրավոր միլիոն դոլլարների են հասնում։ Այս կապակցությամբ սահմանները փակ պահելու ժամկետը մինչև 2025-ի ապրիլ երկարաձգելու որոշումը քննադատել են Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին և Վրաստանում ապրող էթնիկ ադրբեջանցիների ներկայացուցիչները։
Հազարավոր ադրբեջանցիներ արդեն մոտ 5 տարի է՝ զրկված են ճամփորդելու, հարազատներին այցելելու հնարավորությունից։ Փակ սահմանները հարվածել են նաև միջին և մանր բիզնեսին՝ հարյուրավոր առևտրականների զրկելով եկամուտի աղբյուրից։
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը քովիդ-19-ի համավարակի հետ կապված գլոբալ արտակարգ դրության չեղարկման մասին հայտարարել է 2023-ի մայիսի 5-ին։