Home / Բանտ / Ադրբեջանում քաղբանտարկյալների մեջ հայերին չեն ներառել

Ադրբեջանում քաղբանտարկյալների մեջ հայերին չեն ներառել

Լեռնային Ղարաբաղի նախկին պետնախարար, միլիարդատեր Ռուբեն Վարդանյանին Ադրբեջանի դատախազությունը 45 նոր մեղադրանք է առաջադրել քրեական օրենսգրքի 20 հոդվածներով։ Նրան Ադրբեջանում գումարային մեղադրանքներով ցմահ ազատազրկում է սպասվում։

Նախկին պաշտոնյան Ադրբեջանի սահմանապահների կողմից ձերբակալվել է 2023-ի սեպտեմբերի 27-ին Հակարիի կամրջի անցակետում։ Բաքուն Վարդանյանին մեղադրում է «ահաբեկչության ֆինանսավորման, ապօրինի զինված խմբավորումներ ստեղծելու և Ադրբեջանի սահմանն ապօրինի հատելու հոդվածներով»։

Վարդանյանի պաշտպանական թիմն այսօր հայտարարություն է տարածել, որում ասվում է, որ նոր մեղադրանքների ենթադրյալ «ապացույցներն» ամբողջությամբ թաքցվել են թե Ռուբեն Վարդանյանից, թե հանրությունից՝ պատճառաբանությամբ, թե դրանք առնչվում են «Ադրբեջանի ազգային անվտանգությանը»: Բաքուն միևնույն ժամանակ հրաժարվել է Վարդանյանին և նրա փաստաբանին տրամադրել «ապացույցների» պատճենները։ Գործի նյութերը գրված են ադրբեջաներենով, ընդհանուր առմամբ 25 հազար էջ, 100 հատոր։ 

Սեպտեմբերի 19-ի հարձակման ժամանակ ձերբակալվել են նաև Ղարաբաղի այլ պաշտոնյաներ։ Այդ թվում են նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, Ազգային ժողովի նախագահ Դավիթ Իշխանյանը, նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը և նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը: Բոլորի նկատմամբ ծանր մեղադրանքներ են առաջադրվել։ 

Միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները ղարաբաղցի պաշտոնյաներին քաղբանտարկյալների ցանկերում չեն ներառում։ Դեկտեմբերի 12-ին «Հանուն Ադրբեջանի քաղբանտարկյալների ազատության» իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է քաղաքական դրդապատճառներով ձերբակալվածների նորացված ցանկ, որում այս պահին կա 331 անուն։

Ցուցակում հայտնված վերջին անուններից են են Meydan TV-ի դեկտեմբերի 6-ին կալանավորված հինգ լրագրողներն ու թղթակից Ռամին Դեկոն, մեդիա փորձագետ Ուլվի Թաիրովը, իրավապաշտպան Ռուֆաթ Սաֆարովը, քաղաքագետ Ազեր Գասիմլին։ 

Ցանկում կա նաև Սոյուդլու գյուղի բնակիչ Ջոշգուն Մուսաևը։ Նրան մեղադրում են թմրանյութերի առքուվաճառքի մեջ, բայց ձերբակալության իրական դրդապատճառը համագյուղացիների համար տպած պաստառներն են։ 

Մյուս նոր ավելացված դատապարտյալները «Մահմեդական միության» անդամներն են ու այլ հավատացյալներ։

331 քաղբանտարկյալները դասակարգված են 11 խմբերում։ «Լրագրողներ և բլոգերներ» խմբում կա 25 անուն, «իրավապաշտպաններ» կատեգորիայում՝ 4, «ըննդիմադիր կուսակցությունների ու հկ-ների անդամներ»՝ 30, «ազգային փոքրամասնությունների ակտիվիստներ»՝ 3, «հակապատերազմական ակտիվիստներ»՝ 2, «Սոյուդլուի գործով»՝ 2, «Գերմանիայից արտահանձնված քաղէմիգրանտներ»՝ 5, «հավատացյալներ»՝ 233, «Թարթառի գործով»՝ 4, «Գյանջայի գործով»՝ 12, «ցմահ դատապարտյալներ»՝ 11։