Home / Առողջապահություն / Անօթևանին տուգանել են տանը չմնալու համար

Անօթևանին տուգանել են տանը չմնալու համար

Անօթևան Արմեն Խալոյանը տուգանվել է Կորոնավիրուսի համաճարակի ժամանակ ինքնամեկուսացման կանոնները խախտելու և տանը չգտնվելու համար։ Վարչական վարույթը հարուցել է ոստիկանությունը, ԴԱՀԿ-ն բռնագանձել է 200 հազար դրամ Արմենի աշխատավարձից, Սոցապ նախարարությունից ասում են՝ հարցն իրենց տիրույթում չի։

Արմենը փողոցում է ապրում արդեն 20 տարի։ Մինչ այդ եղել է Լիտվայում, իսկ երբ վերադարձել է Հայաստան, պարզել է, որ իր և մոր համատեղ բնակարանը վաճառված է։ Փաստաբան Սամվել Մարտիրոսյանի խոսքերով՝ Արմենը եղել է տան սեփականատեր, դա նշված է եղել նաև Կադաստրի կոմիտեի կողմից տրված միասնական տեղեկանքում, սակայն, կենտրոնի նոտար Էմմա Շաբոյանը կնքել է առուծախի գործարքն առանց Արմենի գիտության և համաձայնության։

«Առաջին ատյանը բավարարել էր Արմենի բողոքն ու անվավեր էր ճանաչել առուծախի պայմանագիրը, բայց վերաքննիչում «բարեխիղճ» ձեռքբերողը բողոքարկել էր և դատարանը բեկանել, փոփոխել, մերժել էր Արմենի հայցը։ Հազար տեղ գնացել, բողոքել ենք, բայց ոչ մի արդյունքի չենք հասել։ Անօթևան վիճակը քիչ էր, հիմա էլ էս տուգանքները», – Epress.am-ին ասել է Արմենի փաստաբանը։

Համաճարակի ժամանակ ոստիկանությունն Արմենին մի քանի անգամ տուգանել է կարանտինային կանոնները խախտելու և դիմակ չկրելու համար։ Ընդհանուր տուգանքը կազմել է մոտ 300 հազար դրամ։ «Եթե տուն չունեմ, ինչպես պետք է տանը մնայի։ Դիմակ գնելու համար գումար էլ չունեի։ Խնդրել եմ ոստիկաններին դիմակ տրամադրել, սակայն մերժել են», – պատմել է Արմենը Հետքի հետ զրույցում։

Այս տարի Արմենն ընդունվել է աշխատանքի, ինչից հետո ԴԱՀԿ-ն հինգ ամիս շարունակ աշխատավարձից պահումներ է արել՝ մոտ 200 հազար դրամ։ Երբ գործատուն իմացել է պահումների մասին, ըստ Սամվել Մարտիրոսյանի, նրան հեռացրել է աշխատանքից, «ասել է՝ մեզ հանցագործ աշխատող պետք չի»։

Փաստաբանը նշել է, որ տուգանքներն անվավեր ճանաչելու համար վարչական դատարան հայց են ներկայացրել, սակայն այստեղ ևս խնդիրներ կան․ Արմենը պետական տուրքը վճարելու համար գումար չունի, իրենք դատարանին խնդրել են, որ վճարման ժամկետները հետաձգվեն։

«Արմենը հիմա էլ դրսում է ապրում՝ ֆինանսական վատ պայմաններում, բայց օրենսդրությամբ նախատեսված՝ հաշմանդամություն, փարոսի անդամ կամ ծերության կենսաթոշակառու, հիմքեր չկան, որ դատարանը պետտուրքը հետաձգի։ 10 գործ է, ամեն մեկի համար առանձին պետական տուրք պետք է տա, այդքան գումար չունի։ Եթե վարչական դատարանը վարույթ չընդունի, ինքը չի կարող պետական տուրք վճարել ու կստացվի, որ մենք չենք կարող բողոքարկել այդ ապօրինության դեմ», – պատմել է փաստաբանը։

Բացի դատարանից, Մարտիրոսյանի խոսքով, Արմենը բազմիցս դիմել է թե՛ ոստիկանություն և թե՛ ԴԱՀԿ՝ խնդրանքով, որ վարույթները կարճեն։ Դրանցից երկուսը ոստիկանության պահանջով կարճվել են, սակայն 10-ը դեռ ընթացքի մեջ են։

Ոստիկանությունից Epress.am-ին հայտնեցին, որ իրենք դեպքի մանրամասներից տեղյակ չեն, հորդորեցին գրավոր հարցում ուղարկել։ Անօթևան մարդու վարչական խնդիրների մասին տեղյակ չէին նաև Սոցապում։

Հարկադիր կատարման ծառայությունից ասացին, որ կդադարեցնեն բռնագանձումը միայն եթե Ոստիկանությունը գրություն ուղարկի, որ տվյալ մարդու պրտավորությունը ներվել է կամ վերանայման արդյունքում չեղարկվել է։

«Այս պահին Խալոյանի նկատմամբ ծառայությունում առկա կատարողական վարույթներով արգելանքները վերացնելու և կատարողական վարույթները որևէ հիմքով կարճելու հիմքեր առկա չեն», – նշել է մամուլի խոսնակ Վարդուհի Պետրոսյանը։

լուսանկարը՝ politik.am-ից