Home / Շուկա / Ի՞նչ արժի Գրենլանդիան

Ի՞նչ արժի Գրենլանդիան

Իր առաջին նախագահության ժամանակ Դոնալդ Թրամփն առաջարկել էր գնել Գրենլանդիան։ Դանիան չէր համաձայնել, ինչպես չէր համաձայնել նաև 80 տարի առաջ։ Թրամփը նորից հիշել է այդ թեման, այս անգամ՝ սպառնալիքներով։

Վերջին հինգ տարիների ընթացքում երկրագնդի ամենամեծ կղզու նշանակությունը թե ռազմական, թե տնտեսական առումներով միայն մեծացել է։ Դա կապ ունի գլոբալ տաքացման, Ռուսաստանի՝ Ուկրաինայի դեմ ռազմական ագրեսիայի, Չինաստանի ուժեղացման հետ։

Ինչո՞վ է հարուստ Գրենլանդիան

Կղզու տարածքի ավելի քան 80 տոկոսը ծածկված է սառույցով։ Բնակչությունը ընդհամենը 60 000 մարդ է։ Բայց Գրենլանդիայի ափերին շատ ձուկ կա, իսկ ընդերքը հարուստ է տարբեր տեսակների հանածոներով։ Գլոբալ տաքացման հետևանքով հալվող սառույցները կարող են հեշտացնել դրանց արդյունահանումը։ 

Կղզում կա նավթ, ուրան և հազվագյուտ հողային տարրեր՝ նեոդիմ, պրազեդիում, դիսպրոզիում, տերբիում, որոնք կենսական կարևորություն ունեն ժամանակակից բարձրտեխնոլոգիական արդյունաբերության մեջ։ Այս մետաղների ավելի քան 70 տոկոսն արդյունահանվում է Չինաստանում, որի հետ ԱՄՆ-ն արդեն 8 տարի առևտրական պատերազմի մեջ է։ Թրամփն արդեն իսկ խոստացել է էլ ավելի խստացնել ճնշումը Ամերիկայի կողմից։

ԱՄՆ ընտրված նախագահի սպառնալիքներին ի պատասխան, Չինաստանը դեկտեմբերից սահմանափակել է գալիումի, գերմանիումի և ծարիրի մատակարարումը Ամերիկա։ Այս տարրերը լայնորեն կիրառվում են պաշտպանական արդյունաբերության մեջ։ 

ԱՄՆ-ն աշխարհի ամենահարուստ երկիրն է, բարձր տեխնոլոգիաների համաշխարհային առաջատարն ու նավթի խոշորագույն արդյունահանողը։ Այս տիտղոսները պահելու համար է, որ Թրամփն այդքան հետաքրքրված է Գրենլանդիայով։ «Այն մեզ պետք է տնտեսական անվտանգությունն ապահովելու համար», – ասել է Թրամփը, նշելով, որ պատրաստ է անհրաժեշտության դեպքում ռազմական ուժեր կիրառել կղզու բռնակցման համար։

Ռազմական նշանակությունը

Գրենլանդիան գտնվում է Արկտիկայում, որը միշտ էլ ռազմավարական մեծ կարևորություն է ունեցել։ Այստեղով է անցնում Եվրոպան Հյուսիսային Ամերիկային միացնող ամենակարճ ճանապարհը։ Ընդ որում, լինելով Դանիայի ինքնավար տարածք, կղզին աշխարհագրական առումով ավելի մոտ է Ամերիկային։ 

Միացյալ Նահանգները Գրենլանդիայում ռազմաբազա ունի սկսած ԽՍՀՄ-ի հետ սառը պատերազմի ժամանակներից։ Պենտագոնն այժմ ուզում է ընդլայնել իր ռազմական ներկայությունը Ակտիկայում՝ Չինաստանին և Ռուսաստանին ավելի արդյունավետ հակազդելու համար։

Նույն պատճառներով ժամանակին ԱՄՆ նախագահ Հարրի Թրումանն էր ուզում գնել Գրենլանդիան։ Հետպատերազմական 1946 թվականին նա կղզու համար 100մլն դոլար էր առաջարկել։ Այն ժամանակ աշխարհը բաժանված էր արևմտյան և խորհրդային ազդեցության գոտիների։ Պետք էր գնել Գրենլանդիան, որ այն չմնա թշնամուն։ 

Ատլանտյան օվկիանոսի հատվածը, որն ընկած է Գրենլանդիայի, Իսլանդիայի և Մեծ Բրիտանիայի միջև (Ֆարերո-իսլանդական սահման կամ GIUK), գլխավոր ջրային պաշտպանական գիծն է Ռուսաստանի և Եվրոպայի միջև հնարավոր հակամարտության դեպքում։ «GIUK-ը համաշխարհային օվկիանոսի ՆԱՏՈ-ի համար ամենակարևոր հատվածն է։ Այդ սահմանը պետք է վերահսկել, իսկ պատերազմի դեպքում պետք է ունենալ այն փակելու հնարավորություն՝ Ամերիկայից Եվրոպա զենքի, զինատեխնիկայի և զորքերի ապահով մատակարարումը կազմակերպելու համար», – բացատրում է բրիտանական ռազմական վերլուծաբան Մայք Մարտինը։

Օվկիանոսի այդ հատվածը կարևոր է նաև առևտրային նավերի համար։ Վերջին տասնամյակներում օդի ջերմաստիճանը գնալով բարձրանում է։ Գլոբալ տաքացման հետևանքով արկտիկ առևտրային ուղիները ակտուալ են դառնում։ Այդ ուղիներով հատկապես հետաքրքրված է Չինաստանը։ 2018-ին չինական իշխանություններն առաջարկում էին երկու օդանավակայան կառուցել Գրենլանդիայում։ Դանիան, սակայն, կարողացավ ինքնավար շրջանի իշխանություններին հետ պահել այդ որոշումից։

Թրամփի նպատակները

Թրամփը ժառանգական կառուցապատող է։ Ողջ կյանքը հող է գնել, վրան տներ կառուցել ու վաճառել։ Բայց որպես նախագահ դեռևս առաջին ժամկետի ժամանակ խոստացել էր Գրենլանդիայից չվերաբերվել իր հարազատ սիրելի կղզու՝ Մանհեթենի պես։ 

Թրամփի անձնական շահերը չեն սահմանափակվում ֆինանսական գործոններով։ Գրենլանդիայի ձեռք բերումը հնարավորություն կտա նրան մնալ պատմության մեջ, ինչպես Էնդրյու Ջոնսոնը և Թոմաս Ջեֆերսոնը, որոնք ժամանակին ԱՄՆ-ի համար գնել են Ալյասկան և Լուիզիանան։ 

Ամերիկայի տարածքները 1947 թվականից ի վեր չեն ընդլայնվել։ Վերջին «ձեռքբերումը» Հարրի Թրումանի օրոք Խաղաղ օվկիանոսի մի քանի փոքր կղզիներն էին, որոնք Երկրորդ համաշխարհային պատերզմում պարտությունից հետո Ճապոնիայից անցան ԱՄՆ-ին։

Ի՞նչ արժի Գրենլանդիան

Հողերը, այն էլ մարդկանց հետ միասին, վաղուց այդպիսի ծավալներով չեն վաճառվում, այնպես որ Գրենլանդիայի շուկայական արժեքի մասին բարդ է խոսել։ Բայց կարելի է փորձել գնահատել։ 

Ջեֆերսոնը Ֆրանսիայից գնել էր Լուիզիանան 19-րդ դարի սկզբում։ Վճարել էր 15 մլն դոլար։ Կես դար անց Ջոնսոնը Ռուսաստանից գնել էր Ալյասկան՝ կրկնակի ավելի էժան։ Թրումենը 1946-ին Գրենլանդիայի դիմաց Դանիային 100մլն էր առաջարկել։ 

Հիմա, նույնիսկ եթե հաշվի առնենք ինֆլյացիան, այդ գնով հնարավոր չէ անգամ տուն առնել Մանհեթենում, ուր մնաց կղզի։ Ավելի հարմար կլինի գնի հաշվարկի առումով կողմնորոշվել Ամերիկայի ոչ գյուղատնտեսական նշանակության հողերի գներով։ Գրենլանդիայի հետ համեմատելի չափեր ունեցող Լուիզիանան, այդպիսով, կարժենա առնվազն 1 տրիլիոն դոլար։ 

Եթե սրան գումարվի նաև Գրենլանդիայի աշխարհագրական դիրքը տնտեսական և ռազմական կարևորությունը, գինը կարող է աճել մի քանի անգամ։ 

Դանիան, սակայն, փողի կարիք չունի և չի պատրաստվում վաճառել իր ինքնավար տարածքը։ Վերջնական որոշում կայացնողներն, ամեն դեպքում, Գրենլանդիայի իշխանություններն են, որոնք արդեն ավելի քան 300 տարի նախընտրում են մնալ Դանիայի վերահսկողության տակ, քանի որ երկիրն առանց տանջող ակնկալիքների տարեկան հարյուր հազարավոր դոլարներ է ներդնում կղզում։