ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը դուրս է եկել նախագահական մրցավազքից և Դեմոկտրակատական կուսակցության թեկնածուի ընտրություններում պաշտպանել փոխնախագահ Քամալա Հարիսի թեկնածությունը։
Ընտրվելու դեպքում 60-ամյա Հարիսը կդառնա ԱՄՆ առաջին սեւական կամ ասիական ծագումով կին նախագահը։ Հարիսը ներկայանում է որպես պրոգրեսիվ քաղաքական գործիչ՝ գրավելու համար փոքրամասնությունների քվեները։ Բայց ամերիկյան լրատամիջոցները կասկածում են, որ առաջադեմ երիտասարդությունը կքվեարկի Հարիսի օգտին՝ Թրամփի դեմ պայքարում. Հարիսին բոլորը հիշում են դատախազի կարիերայով, որի ընթացքում նա հիմնականում ռեգրեսիվ որոշումներ է կայացրել։
2011-ին ԱՄՆ գերագույն դատարանի վճռով Կալիֆորնայի բանտերը պետք է թեթևացվեին, մանր հանցանքներով դատապարտվածներին սահմանված ժամկետի կեսը լրանալուն պես պետք է ազատեին։ Նահանգի գլխավոր դատախազ Հարիսը դաշնային դատարանի որոշմանը չէր ենթարկվում։ Նա հաճախ նույնիսկ ապացուցված անմեղությամբ կալանավորների համար նոր ժամկետներ էր պահանջում` բանտային աշխատանքի ծավալները չնվազեցնելու հիմնավորմամբ։ Կալիֆորնիական բանտերում նստած դատապարտյալները չնչին աշխատավարձերով` այն ժամանակ 8-37 ցենտ ժամավճարով, արտադրական աշխատանքով էին զբաղվում։
Կալիֆոռնիայի քրեական պրակտիկան քննադատվում էր նաև ռասայական խտրականության համար. նստածների գերակշիռ մասը սևեր էին կամ լատինոսներ։ «Իհարկե, այդ համակարգում տուժած մարդիկ Հարիսին համարում են մենթ»,- ասում է Mother Jones-ի թղթակից Ջամիլա Քինգը։
Դատախազ Հարիսը նաև բողոքարկել է մահապատիժը հակասահմանադրական հայտարարելու մասին Օրանջի մարզի դատարանի 2014 թվականի վճիռը։ Սա կհիշեն առնվազն Կալիֆոռնիայում բանտարկված 740 մարդիկ, որոնք նրա շնորհիվ հիմա մահապատժի են սպասում։
Հարիսը պաշտպանել է երեխաներին դպրոց չտանող ծնողներին քրեական պատասխանատվության ենթարկելու օրինագիծը։ Սա ևս չի ողջունվել առաջադեմ մարդկանց կողմից, քանի որ օրենքը թիրախավորում է հատկապես աղքատ ծնողներին։
Որոշ ռեգրեսիվ մոտեցումներ Քամալա Հարիսը փոխել է վերջին տարիներին։ Օրինակ, նա պաշտպանում է աբորտների իրավունքը և կանանց ռեպրոդուկտիվ ազատությունը։ 2018 թվականից նա կողմ է նաև մարիխուանայի օրինականացմանը։
Գալիք նախագահական ընտրություններում ամերիկացիներն, այնուամենայնիվ, մեծ ընտրություն չունեն։ Հարիսի մրցակիցը` նախկին նախագահ, հայտնի բիզնեսմեն, օլիգարխ, հակամիգրանտական, ռասիստական շարժումների նոր կնքահայր Դոնալդ Թրամփն ավելի «մարդասեր» չէ։