Հուլիսի 13-ին Ամերիկայի նախկին նախագահ և առաջիկա ընտրություններում Հանրապետական կուսակցության նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի նկատմամբ մահափորձ է իրականցվել Փենսիլվանիա նահանգի Բաթլեր քաղաքում ընտրողների հետ հանդիպման ժամանակ։ 20-ամյա Թոմաս Մեթյու Քրուքսը Թրամփի ուղղությամբ ութ անգամ կրակել է բեմից 120 մետր հեռավորության վրա գտնվող շինության տանիքից։ Հրաձգության արդյունքում վնասվել է նախագահի թեկնածուի աջ ականջը, հանդիսատեսներից մեկը մահացել է, ևս երկուսը ծանր վիճակում տեղափոխվել են հիվանդանոց։ Քրուքսը տեղում սպանվել է Միացյալ նահանգների Գաղտնի ծառայությունների աշխատակիցների կողմից։
Ավելի ուշ տեսնայութեր են հայտնվել, որոնցում երևում է, թե ինչպես է Քրուքսը շրջում հանրահավաքի տարածքում և անթաքույց ուսումնասիրում մոտակա շենքերի տանիքները։ Վերլուծաբաններն ամերիկյան հատուկ ծառայություններին և ոստիկաններին մեղադրում են ռասիստ պահվածքի մեջ. հազիվ թե ոչ սպիտակ մարդու նման պահվածքը կասկածներ չառաջացներ ուժայինների մոտ։
Կատարվածի մասին marxist.com-ում գրել է Բեն Քըրին։ Տեքստի կրճատ թարգմանությունը` ստորև։
Դոնալդ Թրամփի նկատմամբ մահափորձն արագացրել է ամերիկյան հասարակության բևեռացումը. նախագահի հանրապետական թեկնածուն մահից խուսափել է մի քանի միլիմետրով։ Բայց միայն Թրափը չէ, որ խուսափել է փամփուշտից։ Ամբողջ երկիրը հասել է անդունդի ծայրին, հետո կես քայլ հետ գնացել։ Ինչպես Financial Times-ի հոդվածի վերնագիրն է ձևակերպում` «Ամերիկան անդունդի մեջ է նայում»։
Մայրաքաղաքի մտածողները դա հասկանում են և պատվում սարսափի զգացումով։ Շաբաթ օրվա «համարյա վրիպումը» ցույց տվեց, թե որքան հեշտությամբ քաղաքական իրավիճակը կարող է դուրս գալ վերահսկողությունից:
Քաղաքացիական պատերազմից մեկ դյույմ հեռու
Ի՞նչ գիտենք կրակողի մասին։ Շատ քիչ բան։ Գիտենք, որ անունը Թոմաս Քրուքս է, միջին խավի արվարձանից 20-ամյա տղամարդ, որն ապրում էր ծնողների հետ։ Հարևաններից ոչ ոք, կարծես, չէր ճանաչում նրան։ Ոնց-որ թե քաղաքավարի մարդ էր, ավտոբուսում մենակ էր նստում։ Գրանցված լինելով Հանրապետականներին ընտրելու համար, նա 2021-ին 15 դոլար է նվիրաբերել Դեմոկրատական կուսակցության քարոզարշավին։ Այս տեսակի տեղեկություններ ենք ստանում։ Նախկին դասարանցիները նրան նկարագրում են որպես ուշադրությունից խուսափող տղա։ Գործատուն նրան կոմպետենտ աշխատող է համարում։ Այսքանը։
Հնարավոր է, որ նրա առցանց ներկայության հետաքննությունը քաղաքական դրդապատճառներ ի հայտ բերի, բայց մինչ օրս նման բան չի բացահայտվել: Ենթադրվում է, և անհավանական չէ, որ նա մեկն էր ԱՄՆ-ի ավելի քան 40 միլիոն քաղաքացիներից, որոնք ունեն չբուժված հոգեկան հիվանդություններ։
Բոլոր ցուցումներն այն մասին են, որ նա միայնակ տղամարդ էր, մենակյաց, ով գործում էր սեփական նախաձեռնությամբ։ Նա բավականին աննկատ էր թվում։ Բայց մի քանի վայրկյան աշխարհի ամենաուժեղ երկրի, 330 միլիոն մարդու հայրենիքի ճակատագիրը կախված էր Թոմաս Քրուքսի մատի կայունությունից։
Լուրերը լսելուց հետո բոլորի մտքով անցավ նույն միտքը. իսկ ի՞նչ, եթե նրա մատը միիի քիչ ավելի քիչ դողար։ Ի՞նչ, եթե Թրամփը չթեքեր գլուխը հենց այդ կոնկրետ պահին։
Փենսիլվանիայի հանրահավաքի ժամանակ ԲիԲիՍիի լրագրողի ֆիքսած զայրույթը խոսուն է ինքնին. «Նրանք առաջի՛նն են կրակել։ Սա պատերազմ է», – գոռում էր մեկը։ «Քաղաքացիական պատերազմ», – գոռում էր մյուսը։ Շատ ուրիշներն էլ նույն միտքն ունեին։ «Քաղացիական պատերազմ»-ը կարճ ժամանակ անց թրենդային էր Թվիթերում, իսկ «Ամերիկյան քաղաքացիական պատերազմ» արտահայտությունը Գուգլի վերլուծություններում հասել է մեկ տարվա առավելագույնին: Մեծ թվով հոդվածներում օգտագործվում էր նույն վերնագրի տարբեր ձևակերպումներ. «Քաղաքացական պատերազմից մեկ դյույմ հեռու»։
Մաքուր շահարկում է պատկերացնելը, թե ինչ կարող էր տեղի ունենալ, եթե այդ փամփուշտը դիպչեր թիրախին: Մեծ այրվող կատաղություն կբռնկվեր, այսքանը հաստատ է։ Կլինեին Թրամփի կողմնակիցների զանգվածային բողոքի ցույցեր։ Երկրում, որտեղ կա 44 միլիոն AR-15 հրացան` ինչպիսին Քրուքսի կիրառածն էր, անկասկած, շատերը զինված կլինեին ու վրեժխնդրություն կփնտրեին: Եթե հրաձգություն սկսվեր, ազգային գվարդիան և հավանաբար նույնիսկ ԱՄՆ բանակը կարող էին միջամտել։
Քաղաքական գործիչները, նաև` Հանրապետականները, հուսահատորեն կփորձեին հանդարտեցնել իրավիճակը, մինչ մյուսներն ամեն ինչ ավելի կխարխլեին։ Բազմաթիվ ավագ Հանրապետականներ արդեն ակնարկել են, որ սա Դեմոկրատական կուսակցության կազմակերպած հրաձգությունն էր։
Սա երևակայական բան է, իհարկե։ Մի օր կարող է «այլընտրանքային պատմություն» ժանրի ֆիլմի սցենար դառնալ։ Բայց հիմա այս ամենը հանկարծ շատ հավանական է թվում։
Բայդենի նախագահությունը, որը սկսվեց 2021 թվականի հունվարի 6-ին Կապիտոլիումի շենքի գրոհով, գրեթե ավարտվեց, եթե ոչ համընդհանուր քաղաքացիական պատերազմով, ապա ևս մեկ հունվարի 6-ով, որը շիկացել էր 10 գործակցով։
[Թրամփի նկատմամբ մահափորձից] հետո Բայդենը եթեր դուրս եկավ՝ իրականությանն այնքան հակասող հայտարարություն անելով, որ ցանկացած այլ համատեքստում մութ հեգնանք կթվար.
«Գաղափարը, որ Ամերիկայում նման քաղաքական բռնություն կամ պարզապես բռնություն կա, իսկապես չլսված բան է»:
Սա իսկական գոհար է, հատկապես Միացյալ Նահանգերի աջակցությամբ Գազայում ներկայումս շարունակվող ցեղասպանության համատեքստում… որի մասին արևմտյան առաջնորդների կողմից նման դատապարտող խոսքեր չենք լսում։ Ժողովրդին ուղղված իր խոսքում, Բայդենն անամոթաբար մի կողմ է հրում ԱՄՆ-ում քաղաքական բռնության երկար պատմությունը` ցեղասպանություն, ստրկություն, կայսերապաշտ պատերազմ, որի վրա հենվում է ԱՄՆ կապիտալիզմը։ Եթե անգամ այդ ամենը մի կողմ թողնենք, մահափորձերն ու քաղաքական բռնությունը, ընդհուպ մինչև քաղաքացիական պատերազմների հասնող, երկար պատմություն ունեն, կարելի է նույնիսկ ասել երկար ավանդույթ։