Home / Հայաստան / Կամ Ալիևն է խաբում, կամ Փաշինյանը․ չհանդիպում Լոնդոնում

Կամ Ալիևն է խաբում, կամ Փաշինյանը․ չհանդիպում Լոնդոնում

Լոնդոնում մեկնարկել է Եվրոպական քաղաքական համայնքի չորրորդ գագաթնաժողովը, որին մասնակցում են նաև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Բլենհեյմ պալատում է նաև Եվրոպայի խորհրդի նախագահ Շառլ Միշելը, ում նախաձեռնությամբ նախորդ գագաթնաժողովների շրջանակներում Փաշինյան-Ալիև առնվազն երկու հանդիպում է կազմակերպվել։

Ադրբեջանական «Թուրան» լրատվական գործակալությունը, հղվելով իր աղբյուրներին, երեկ գրել էր, թե Լոնդոնում տեղի կունենա Ադրբեջանի և Հայաստանի բարձրաստիճան ներկայացուցիչների հանդիպում։ Պաշտոնական Երևանն ու Բաքուն այս տեղեկությունը չէին հաստատել։

Արդեն այսօր Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը հայտարարել է, թե հայկական կողմը մերժել է Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հանդիպում անցկացնելու Լոնդոնի առաջարկը։ Հանդիպման մեկնարկին, ըստ նրա, պետք է ներկա լիներ նաև Մեծ Բրիտանիայի վարչապետը, հետո նախատեսվում էր շարունակել երկկողմ ձևաչափով։ «Հայաստանի մերժումը համարում ենք երկխոսությունից և խաղաղության օրակարգի առաջմղման մտադրությունից հեռանալու դրսևորում»,- ադրբեջանական Report կայքի հետ զրույցում ասել է Հաջիև։

Հայաստանի արտգործնախարարության խոսնակ Անի Բադալյանը հերքել է՝ Երևանն առաջարկել է երկկողմ հանդիպում անել, Բաքուն մերժել է։

«Հայկական կողմն առաջարկել է Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի երկկողմ հանդիպում ունենալ ՄԹ-ում ընթացող Եվրոպական քաղաքական համայնքի գագաթաժողովի շրջանակներում, սակայն ադրբեջանական կողմը մերժել է առաջարկը։ Հայկական կողմի առաջարկն ուժի մեջ է: Հայկական կողմը նաև վերահաստատում է իր առաջարկը` ինտենսիվացնել բարձր և բարձրագույն մակարդակով բանակցությունները և մեկ ամսվա ընթացքում հասնել խաղաղության պայմանագրի ստորագրմանը», – գրել է Բադալյանը: 

Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը ստեղծվել է Եվրոպական խորհրդի կողմից 2022-ին՝ Ուկրաինայի դեմ ռուսական ռազմական ագրեսիայից հետո։ Խորհուրդն արդեն երեք հանդիպում է անցկացրել։ 

Գագաթնաժողովի շրջանակներում երկու անգամ տեղի է ունեցել Փաշինյան-Ալիև հանդիպում։ Առաջինը 2022-ին Պրահայում էր, երբ կողմերը հայտարարեցին, որ ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը՝ հիմք ընդունելով 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագիրը։ Երկրորդը՝ 2023-ի հունիսին, երբ Փաշինյանն ու Ալիևը հանդիպեցին Քիշնևում։ Անցած տարվա հոկտեմբերին տեղի ունեցած Գրանադայի հանդիպումը Ալիևը բոյկոտում էր՝ դժգոհելով Ֆրանսիայի դիրքորոշումից։ Այդ օրը կայացավ քառակողմ հանդիպում Փաշինյանի, Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնի, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի մասնակցությամբ: Ադրբեջանի բացակայությամբ մի շարք սկզբունքներ հաստատվեցին, որոնք, ենթադրվում է, պետք է հիմք դառնային հայ-ադրբեջանական կարգավորման համար։

Կոնտեքստ

Հայ-ադրբեջանական վերջին բանակցությունները հուլիսի 10-ին են եղել՝ Վաշինգտոնում։ Մինչ այդ ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյաների՝ մեկը մյուսին հաջորդող այցեր էին լինում Երևան ու Բաքու։

Արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի, Ջեյհուն Բայրամովի և Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենի եռակողմ բանակցություններից հետո, սակայն, առարկայական հայտարարություններ չեղան ո՛չ Երևանից, ո՛չ էլ Բաքվից։

ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերն էլ հայտարարեց, թե խաղաղության համաձայնագիրը կողմերից ծանր փոխզիջումներ է պահանջում։ Վերջին հանդիպման ժամանակ, ըստ նրա, կողմերը առաջընթաց են գրանցել, բայց համաձայնագիր դեռ չկա։ «Մենք իսկապես կարծում ենք, որ գործարքը հնարավոր է, բայց այն կողմերից պահանջում է որոշ բարդ ընտրություններ և ծանր փոխզիջումներ: Վաշինգտոնը կշարունակի կողմերին մղել դեպի վերջնական համաձայնության հաստատում և տարաձայնությունների հարթեցում», – ասել է Միլլերը։

Ինչ ծանր փոխզիջումների մասին է խոսքը՝ ոչ ոք չգիտի։ Պաշտոնական մեկնաբանություններ չկան։ Հայաստանյան ընդդիմությունը կարծում է, որ դրանք «Զանգեզուրյան միջանցքին» են վերաբերում՝ ճանապարհ, որն անցնում է Հայաստանի Մեղրիի շրջանով և կապում Ադրբեջանը իր նախիջևանյան անկլավի հետ։ Բաքուն պահանջում է, որ այնտեղ հայկական վերահսկողության փոխարեն լինի ռուսական վերահսկողություն։ Այդ տարբերակին, իհարկե, կողմ է Մոսկվան, աջակցում է նաև Թուրքիան։ Հայաստանը պարզեցված ընթացակարգեր է խոստանում, բայցև պնդում, որ ճանապարհը պետք է լինի իր սուվերեն հսկողության տակ։ Պաշտոնական ակնարկների մակարդակում սրան աջակցում է Եվրամիությունը, Միացյալ Նահանգներն ու Իրանը։ 2020 թվականի պատերազմից հետո նախատեսվում էր, որ ապաշրջափակման բարդ գործընթացը պետք է համակարգի Ռուսաստանը՝ եռակողմ հանձնաժողովի միջոցով։ Այդ հանձնաժողովի աշխատանքը վերջին տարում ապաակտիվացել է։

Վիճելի հարցերից մյուսը դելիմիտացիային է և զորքերի հետքաշմանն է վերաբերում։ Երրորդը՝ Լեռնային Ղարաբաղի հայերին, թեև այդ մասին Ղարաբաղի փաստացի հայաթափումից հետո անհամեմատ ավելի քիչ է խոսվում։ Կողմերը տարընթերցումներ ունեն նաև խաղաղության պայմանագրի ձևաչափի հետ կապված՝ արդյոք այն սկզբունքների դեկլարացում է լինելու, թե կոնկրետացված պայմանավորվածությունների ամրագրում։

Թեև Երևանը մինչ այս պատրաստակամություն է հայտնել գնալ Սահմանադրական փոփոխությունների, պաշտոնական Բաքուն վերջին ամիսներին դա որպես նախապայման է ներկայացնում։ Հայաստանի Սահմանադրության նախաբանում հղում է արվում Անկախության հռչակագրին, որտեղ հիշատակում կա Արցախի և Հայաստանի վերամիավորման մասին։ Ադրբեջանը սա մեկնաբանում է որպես ոտնձգություն իր տարածքային ամբողջականության նկատմամբ։