Հունիսի 17-ին Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովում ի թիվս այլ հարցերի պատասխանել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանի հարցին՝ Համաշխարհային խաղաղության ինդեքսի մասին, որում Հայաստանը 2-րդն է խաղաղության մակարդակի բարելավման իր ցուցանիշներով։ Առաջինն Ադրբեջանն է։
Հայրապետյանը, այնուհետև, հիշեցրել է Ադրբեջանի բարձրագույն ղեկավարության սպառնալից և ռամզատենչ հայտարարությունների մասին։
Փաշինյան․ – Քաղաքականությունը, որը 2018 թվականից հետո դրել է Կառավարությունը Ղարաբաղի հարցի և, ընդհանրապես, տարածաշրջանային հիմքում, հիմնված է խաղաղության բովանդակության վրա։ Դա տեսանելի է միջազգային հանրության համար, իսկ այն քաղաքականությունը, որ վարում է Ադրբեջանն արդեն շատ երկար ժամանակ, հենված է ռազմաշունչ հայտարարությունների տրամաբանության վրա։
Այդ ռազմաշունչ հայտարարությունների հիմնական նպատակն էլ այն է, որ Արցախն ու Հայաստանը Ղարաբաղի հարցի կարգավորման ամբողջ պրոցեսն ընկալեն վախերի պրիզմայով։ Բայց քանի որ հայ ժողովուրդը վախերի պրիզմայով, առավել եւս՝ Արցախի հարցն ընկալելու սովորություն, մշակույթ չունի, եւ, ընդհանրապես, այդպիսի բան բացառվում է, մենք ասել ենք՝ բացառված է, որ Հայաստանի Հանրապետությանը բանակցային բովանդակություն պարտադրվի որեւէ սպառնալիքի ներքո։
Քանի որ այդ ռազմաշունչ հայտարարություններն արդյունավետ չեն, հայտնվում են տեղապտույտի մեջ։ Ադրբեջանի իշխանությունը խնդիր ունի սեփական ժողովրդին բացատրելու․ արդեն քանի տարի է ռազմաշունչ տրամաբանությամբ գնում են առաջ, ինչո՞ւ արդյունքի չեն հասնում։
Վարչապետի խոսքով՝ հենց այս՝ օդում կախված հարցին պատասխանելու համար Արդրբեջանը ևս մի աստիճանով բարձրացնում է իր ռազմաշունչ հռետորաբանությունը, որպեսզի ավելի մեծ տպավորություն գործի սեփական ժողովրդի վրա։
Փաշինյանը հայտարարել է՝ իր կոչ Ադրբեջանի նախագահին մնում է նույնը՝ ցուցաբերել կառուցողական մոտեցում և, ի վերջո, հրապարակային համաձայնել իր առաջարկած բանաձևին՝ Արցախի հարցի որեւէ կարգավորում պետք է ընդունելի լինի Արցախի ժողովրդի, Հայաստանի ժողովրդի և Ադրբեջանի ժողովրդի համար։
Վարչապետի կարծիքով, Ադրբեջանի ղեկավարությունը շատ մեծ դիսկոմֆորտ կարող էր ապրել նրանից, որ ինքը, որպես Հայաստանի վարչապետ, չէր խորշում խոսել ուղիղ Ադրբեջանի ժողովրդի հետ։
«Կարծում եմ՝ ռազմական հռետորաբանության աստիճանի բարձրացման պատճառներից մեկը նաեւ այդ ներքին վախերն են, որ ժամանակակից տեխնոլոգիաների առկայության պայմաններում կարելի է խոսել Ադրբեջանի ժողովրդի հետ՝ հասկանալով, որ Ղարաբաղի հարցը կարող է էլիտայի համար լինել ոչ միայն ազգային անվտանգության հարց, այլ ունեցվածքի, իշխանության պահպանության հարց, բայց ժողովուրդների համար սա, միեւնույն է, շատ ավելի լայն կոնտեքստ ունի։ Ես երբեք չեմ բացառել՝ եթե տեսնեմ, որ երկխոսությունն Ադրբեջանի վերնախավի հետ չի ստացվում, կարելի է խոսել Ադրբեջանի ժողովրդի հետ պարզ, բաց՝ անկեղծ, եւ ես կարծում եմ՝ մենք պետք է իմանանք, որ առնվազն այս հնարավորությունը մեր օրակարգում միշտ կա», – եզրափակել է Փաշինյանը։