Վերակենդանացման բաժանմունքերում ազատ տեղեր պրակտիկորեն չկան․ մի թեթև ծանրացող պացիենտներին տեղափոխում են ռեանիմացիա՝ վիճակի ավելի ծանրացումը կանխարգելելու և ռեսուրսն ազատ չթողնելու համար։ Այս պահին կորոնավիրուսային հիվանդությունից բուժվող պացիենտներից 444-ի վիճակը գնահատվում է ծանր, 131-ինը՝ ծայրահեղ ծանր։ 39 հոգի միացված է թոքերի արհեստական օդափոխության սարքին, կառավարության այսօրվա նիստին հայտնել է Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։
Առավոտյան ժամը 09:00-ի դրությամբ կա 143 մարդ, որ կարիք ունի հոսպիտալիզացիայի։ Ըստ Թորոսյանի՝ նրանցից 25-ը գտնվում են տանը: Նրանցից 9-ը թեթև ծանրության են, 16-ը՝ միջին։ Տանը գտնվող ծանր դեպքեր այս պահին չկան:
Սգո արարողությունների, ուրախության արարողությունների հավաքները նույնիսկ տներում շատ վտանգավոր են, նշել է նախարարը և կոչ արել հետևել հակահամաճարակային կանոններին՝ կրել դիմակ, պահպանել սոցիալական հեռավարություն և այլն։
Թորոսյանն ընդգծել է՝ անհրաժեշտ է կրել բժշկական եռաշերտ դիմակներ։ Կտորի դիմակի ընտրությունն, ըստ նրա, պետք է պայմանավորված լինի բացառապես ֆինանսական միջոցների բացակայությամբ։
«Մենք ասում էինք՝ եթե կան ֆինանսական դժվարություններ, խնդրում ենք առնվազն օգտագործել տնային օգտագործման դիմակներ, որոնք, սակայն, երբեք չեն փոխարինի բժշկական դիմակներին։ Հիմա տեսնում ենք, որ մոդայիկ է դարձել կտորից դիմակներ կրելը։ Ես խնդրում ևկոչ եմ անում առնվազն մեր բոլոր գործընկերներին, առնվազն այստեղ ներկա և քաղաքացիներին կտորի դիմակներ չկրել, եթե հնարավոր է կրել սովորական բժշկական դիմակ։ Այն մի քանի անգամ ավելի լավ է պաշտպանում։
Կտորի դիմակի այլընտրանք լինելը միայն պետք է ֆինանսական միջոցների բացակայությամբ պայմանավորված լինի, ոչ թե գեղեցկությամբ, հարմարավետությամբ կամ այլ պատճառներով», – նշել է նախարարը։
Բժշկական դիմակների գները վերջին օրերին որոշակիորեն ընկել են։ Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանն նշել է՝ խոշոր դեղատնային ցանցերում տեղական եռաշերտ դիմակի գինը 100 դրամ է, իսկ ներմուծվածինը հասնում է մինչեւ 150 դրամ։ Մեծածախ վաճառքի գինը նվազել դարձել է 60 դրամ, ավտոմատ ապարատների միջոցով արդեն նոր խմբաքանակով 2 դիմակը կդառնա 150 դրամ [հիմիկվա 200 դրամի փոխարեն], այսինքն 1 դիմակը 70-ից 75 դրամի շրջանակներում կվաճառվի
«Չկա նման բան, թե Հայաստանում եղել են ներմուծված կամ արտադրված 20 դրամանոց դիմակներ, որոնք վաճառվել են 200 կամ 220 դրամով։ Այո, ժամանակին դիմակները եղել են 20-30 դրամ, բայց ներմուծման արժեքն է ցածր եղել։ Տարածաշրջանի այլ երկրներում մեզանից բարվոք վիճակ չէ»,- նշել է Գևորգյանը։
Հայաստանում մինչ այժմ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 18 698 դեպք, որոնցից 7 560-ն` առողջացած, 410-ը՝ մահվան ելքով․ կորոնավիրուսից, ըստ պաշտոնական տվյալների, մահացել է 309 մարդ, կորոնավիրուսով վարակված ևս 101 հոգի մահացել է այլ հիվանդության պատճառով։ Վերջին մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության 665 նոր դեպք, 746 հոգի ապաքինվել է, 9 հոգի՝ մահացել․ 7-ը՝ կորոնավիրուսից, 2-ն՝ «այլ պատճառներով»։ Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի (տնային պայմաններում կամ հիվանդանոցներում) բուժում է ստանում 10 728 պացիենտ: