Ռուսաստան գնացող ծիրանը, դեղձն ու սալորը փչանում է հայ-վրացական սահմանին և Արմավիրի պահեստներում։ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը մթերքի լաբորատոր փորձաքննության նախապայման է դրել արտահանողների առաջ։ Տնտեսվարողները բողոքում են՝ պիկ սեզոնին փորձաքննությունը ձգձգվում է, սպասում են օրերով, վերջում բացասական եզրակացություն են ստանում։ «Տոննաներով ապրանքի վրա արտահանման արգելք է դրվում, որովհետև մի արկղի մեջ թրթուր է հայտնաբերվել»։
«Ռուսն ասում է՝ [Հայաստանի տեսչական մարմնի] էտ թուղթը մեզ ոչ մի բան ա։ Մենք պա լյուբոմու ռուսներին կամ փող ենք տալիս ու մեր ավտոն անցնում ա, կամ ոչ մի բան չենք տալիս ու ավտոն անցնում ա։ Իրենք ուզեն՝ սեփական նմուշառումն ու փորձաքննությունը կանեն», – ասում է արմավիրցի արտահանողներից մեկը։ Նրա բեռնատարները հետ են շրջվել սահման չհասած։ Ապրանքը վարձով սառցարաններում են պահում, որ չփչանա։
Տեսչական մարմնից հերքում են։ Լաբորատոր փորձաքննությունը ռուսական կողմի պահանջն է, անցած տարվանից կարգը խստացվել է, պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ ստուգումները հայկական կողմը անի՝ Epress.am-ի հետ զրույցում ասել է գերատեսչության խոսնակ Անուշ Հարությունյանը։ Ավելի հեշտացված կարգ, ըստ նրա, լինել չի կարող։ Եթե Հայաստանում չստուգեն, ստուգելու են Ռուսաստանում, «եթե այստեղ հետ չտանք, գնալու են՝ այնտեղից են հետ ուղարկելու»։ Եթե տեղում որևէ խնդիր առաջանա, ռուսական «շուկան կփակվի ամբողջ Հայաստանի համար»։ Մի պահ Ռուսաստանում բերքը կանգնել է, թույլ չեն տվել ներկրել։ Հարությունյանի խոսքով, Հայաստանի տեսչական մարմնի ղեկավարը գնացել, տեղում պայմանավորվել է, խոստացել է փորձաքննություն ներդնել։ Այլ տարբերակ, ըստ նրա, չկա։
Տնտեսվարողներն այս մոտեցման հետ համաձայն չեն։
«Հիմա էն սեզոնն ա, որ մեր ապրանքը պետք ա արտահանվի, ու էտ ապրանքը չի գնում ոչ մի տեղ, ու էս պիկին լաբորատորիան չի հասցնում անալիզ անի։ Ապրանքը բարձվում ա մեքենան, գնում ա տերմինալ, տերմինալից նմուշը վերցնում են (որ ավտոյից ուզեն ու որտեղից ուզեն), ջերմային ռեժիմը խախտում են բերքի, հետո մեկ էլ զանգում ասում են՝ պատասխանը բացասական ա եկել, էտ ավտոն տարեք թափեք, բացասական պատասխանով չեք կարա տանեք ոչ մի տեղ։ Ասում են, խոսքի, տրիփս են գտել ծիրանի մեջ կամ ինչ-որ մի հատ թրթուր են գտել, մեր դեպքում՝ «Կալիֆոռնիա վահանակիր»։ Ու էտ թրթուրի պատճառով տոննաներով ծիրանը պետք է աղբը լցնել։ Գյուղացին էնտեղ է տուժում, տնտեսվարողն էնտեղ է տուժում, բիզնեսմենը՝ էնտեղ, ոչ մեկ ոչ մի բան չի կարողանում անել»։
Տեսչական մարմնի խոսնակը հակադարձում է՝ ընտրանքը կատարվում է պատահական սկզբունքով, վերցվում է տարբեր տեղերից որոշակի քանակություն, ստուգվում է կարանտին օրգանիզմների դեմ․ «Դրանք հիվանդություններ են»։
Խոսքը հազարավոր տոննաների մասին է։ Արմավիրում հավաքված տնտեսվարողները մեկը մյուսին ընդհատելով պատմում էին՝ էս խնդրի առաջ հուլիսի 16-ից են կանգնել, բոլորի մոտ բացասական պատասխաններ են, բոլորի ավտոները հետ են շրջվել, բոլորը հսկայական վարկեր, պարտքեր ու կորուստներ ունեն։
Ծիրանի և դեղձի պիկ սեզոնին լաբորատորիայի պահանջը, ըստ նրանց, պետք է հանվի։ Այդ պահանջը, ասում են, անցած տարվա աշնանն է ներդրվել և գործել է ընդհուպ մինչև անցած ամիս։ Արտահանողների բողոքներից հետո «լաբորատորիան մի ամսով հանել են», հիմա նորից հետ են մտցրել։ Այդ մեկ ամսվա ընթացքում, ըստ հավաքվածների, ոչ մի խնդիր ռուսների հետ չի առաջացել, ոչ մի մեքենա հետ չի ուղարկվել, ոչ մի գանգատ գնորդները չեն ունեցել։ Ապրանքը տեղ է հասել ու իրացվել։
Տեսչականից նաև այս հայտարարությունն են հերքում։ Ասում են՝ կարգը ներդրվել է և երբեք չի հանվել։ Բերքը այս ամբողջ ընթացքում անխոչընդոտ Ռուսաստան է հասել «ոչ թե իրենց պայմանավորվելու, այլ տեսչականի ստուգումների շնորհիվ»։
Տեսչական մարմնի բացասական եզրակացությանը մթերողներն ու արտահանողները, ամեն դեպքում, լուրջ չեն վերաբերվում․ «Ուր որ մենք տանում ենք այդ ապրանքը, այնտեղ տեսչականի այդ թուղթը հաշվի չի առնվում։ Բայց առանց այդ թղթի մենք չենք կարողանում երկրից դուրս գալ, չենք կարողանում ապրանքը հանել Հայաստանից։ ․․․Հիմա մի օրվա մեջ բարձած ավտոները հասել են սահման, սահմանին թույլ չեն տվել արտահանել։ Հարյուրից ավել ֆուռ է մնացել։ Սաղ հագել են տոկոսների վրա հիմա։ Ծիրանը, դեղձը, սալորը, գիլասը շուտ փչացող ապրանքներ են։ Մի ամիս սառնարանում է եղել, երեք օր՝ ճամփին կանգնած», – կրկնում են նրանք։
Արտահանման բիզնեսը լոտորեա է․ ամեն սեզոնին նոր ռիսկեր են առաջանում բեռնատարների տերերի և բերքը մթերող ֆերմերների համար։ Տեսչական մարմնի «ստեղծած խոչընդոտները» արմավիրցիները համարում են անարդար․ «Էսա սնանկանալու ենք, մնանք վարկի տակ»։ Եթե կառավարությունը հարցին լուծում չտա, ասում են՝ բողոքի ակցիաներ են անելու։ Մտածում են ճանապարհ փակելու, միտինգ անելու, «փչացող ապրանքը կառավարության դեմը թափելու» մասին։
Հայկական ծիրանի գերակշռող մասը արտահանվում է Ռուսաստան։ Հուլիսի սկզբի տվյալներով, Հայաստանից արտահանված 16 հազար տոննա ծիրանի մեծ մասը՝ 14 հազար տոննան, Ռուսաստան է տարվել։ Համեմատության համար՝ նույն ժամանակահատվածում Եվրոպական միություն է արտահանվել ընդամենը մեկ տոննա ծիրան։ Արտադրության և արտահանման ծավալներն այս տարի զգալի կրճատվել են։ 2023-ին Հայաստանից 31 հազար տոննա ծիրան է արտահանվել, 2024-ի տվյալները դեռ ամփոփված չեն։