Հայաստանում վերջին մի քանի օրերին արտահանվող ծիրանի գներն ընկնում են մեծ արագությամբ։ Առաջինը դրան արձագանքել է Արարատի մարզի Ջրաշեն գյուղը, որտեղ բնակիչները նախորդ շաբաթվա վերջին փակել էին ճանապարհը՝ բողոքելով «ծիրանը տանողների» դեմ․ վերջիններս խախտել էին պայմանավորվածությունը և 600-800 դրամի (1 կգ համար) փոխարեն ցանկացել էին ծիրանը գնել 400 դրամով։ Գյուղատնտեսության նախարարությունը անդրադարձել է ջրաշենցիների բողոքի ակցիային՝ հայտարարություն տարածելով, որում, մասնավորապես, նշված է, թե «ջրաշենցիների ծիրանի մթերման խնդիրը կարգավորվել է»։
Ջրաշենցի մեր զրուցակիցը, որը չի ցանկացել ներկայանալ, ասել է, որ «կարգավորվել» բառը տեղին չէ գոնե գյուղացիների տեսանկյունից, քանի որ գյուղացիները, այնուամենայնիվ, ստիպված են եղել ծիրանը վաճառել 400 դրամով։
«Մարդիկ զայրացել են, սթրես են ապրել մի գիշերվա մեջ գնի անկումից։ Դա մեծ սթրես է, մարդիկ ողջ տարի սպասում էին ծիրան վաճառելուն։ Հետո հանգստացել են, տվել են ծիրանը, հետ են կանչել գնորդներին»,֊ Epress.am֊ի հետ զրույցում ասել է Ջրաշենի գյուղապետ Արտյոմ Ղազարյանը։
Ծիրանի գների անկման համար գյուղացիները մեղադրում են «Սպայկա» ընկերությանը, իսկ Գյուղատնտեսության նախարարությունն այլ վարկած է առաջարկում՝ չկենտրոնանալով որևէ սուբյեկտի վրա․ «Ծիրանը ուշ է հասել։ Մի շաբաթ հետ է ընկել գյուղատնտեսական տարին, Ռուսաստանում գները ցածր են, քանի որ ուզբեկական ծիրանն էլ է արդեն հասել ու արտահանվում է», ֊ Epress.am-ի հետ զրույցում ասել է փոխնախարար Ռոբերտ Մակարյանը։
Նախորդ շաբաթ «Սպայկա» ընկերությունը թիրախավորվել է մեկ այլ առնչությամբ։ Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Արայիկ Հարությունյանն ահազանգում է, որ Կառավարությունը հունիսի 23֊ին հողատարածքներ է նվիրաբերել «Սպայկա» ընկերությանը։ Ի դեպ, Կառավարության կայքը այս որոշումը և դրա հիմնավորումները չի հրապարակել։
«Երեկ «Սպայկա» ընկերությանը, որը ձգտում է մենաշնորհային դառնալ գյուղատնտեսության ոլորտում, ավելի քան 160 հեկտար հող նվիրաբերեցին Երևան քաղաքում համայքնապատկան հողերից: Վերջին օրերին էդ ընկերությունն, օգտագործելով իր մեծ հնարավորությունները, «փակել» է Կրասնոդարի ամենամեծ` «Ռոզա վետռով» մեծածախ շուկան մնացած բոլոր ծիրան արտահանողների համար: Հայաստանից ծիրան արտաահնողները գալիս են այդ շուկա, այնտեղ հայտնում են, որ «Սպայկայից» են միայն ծիրան ընդունելու: Վարորդներին տեղում հայտնել են, որ «Սպայկան» մեծ գումար է վճարել տնօրինությանը նման մենաշնորհ ստանալու համար», ֊ ֆեյսբուքյան իր էջում գրել է Արայիկ Հարությունյանը։
Ռոբերտ Մակարյանն ասել է, որ այդ հարցը ճշտելու համար արդեն կապ են հաստատել Ռուսաստանում Հայաստանի առևտրային ներկայացուցիչ Կարեն Ասոյանի հետ։
««Սպայկան» էլ արդեն մեկնաբանել է, և ասել, որ ոչ թե իրենք են «փակել» շուկան, այլ գնորդն է ցանկացել իրենց ծիրանը գնել։Այսինքն՝ երկու տնտեսվարող սուբյեկտներ համաձայնության են եկել, համագործակցել են։ Ազատ շուկայական հարաբերություններ են»,֊ ասել է նա։
Հայաստանի ծիրանի քանի տոկոսն է «Սպայկան» արտահանում հարցին՝ փոխնախարարը կոնկրետ չի պատասխանել․ «Մենք առանձին արտահանողների վիճակագրություն չենք անում, այլ ընդհանուր արտահանվող ծիրանի ծավալների։ Այո, «Սպայկան» շատ է տանում, սակայն կան շատ փոքր արտահանողներ», ֊ ասել է նա։
Նշենք, որ մամուլում բազմիցս գրվել է, որ «Սպայկա» ընկերությունը պատկանում է Սերժ Սարգսյանի փեսա, Վատիկանում Հայաստանի դեսպան Միքայել Մինասյանին։