Միացյալ Նահանգների նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հունվարի 7-ին (հերթական անգամ) հայտարարել է, որ Կանադան պետք է ԱՄՆ 51-րդ նահանգը լինի։ Լրագրողների առաջ ունեցած իր ելույթում Թրամփն ասել է, որ ռազմական միջոցների չի դիմի, բայց պատրաստ է «տնտեսական ուժ» կիրառել։ «Քանի որ Կանադան ու Միացյալ Նահանգները միասին՝ իրոք ուժեղ կլինի», – հայտարարել է Թրամփը։ Իր Truth Social սոցիալական կայքում ԱՄՆ նախագահը երկու քարտեզ է հրապարակել, որոնցում Կանադան Ամերիկայի կազմում է։
Վերջերս իր պաշտոնաթողության մասին հայտարարած Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն պատասխանել է Թրամփին։ «Շանս չկա, որ Կանադան դառնա Միացյալ Նահանգների մաս», – X-ի իր էջում գրել է Թրյուդոն։
There isn’t a snowball’s chance in hell that Canada would become part of the United States.
Workers and communities in both our countries benefit from being each other’s biggest trading and security partner.
— Justin Trudeau (@JustinTrudeau) January 7, 2025
Նրան իհարկե պատասխանել է Թրամփի մտերիմ դաշնակից և բիզնեսմեն Իլոն Մասկը։ «Աղջիկս, դու այլևս Կանադայի նահանգապետը չես, այնպես որ կարևոր չէ, թե ինչ ես խոսում», – գրել է Մասկը հունվարի 8-ին։ Ավելի վաղը Դոնալդ Թրամփը Թրյուդոյին «Կանադայի նահանգապետ» էր անվանել։
Girl, you’re not the governor of Canada anymore, so doesn’t matter what you say
— Elon Musk (@elonmusk) January 8, 2025
Կանադան Թրամփի նոր ծավալապաշտական ծրագրի միակ թիրախը չէ։ Նա արդեն սպառնացել է Պանամայից վերցնել Պանամայի ջրանցքը, և ասել է, որ ԱՄՆ-ին շտապ պետք է Գրենլանդիան։