Home / Մեդիա / Սա էլի եկավ հին խոստումներով

Սա էլի եկավ հին խոստումներով

Դոնալդ Թրամփը հաղթել է Ամերիկայի նախագահական ընտրություններում։ Ձայների հաշվարկը դեռևս չի ավարտվել, բայց հանրապետական թեկնածուի հաղթանակն արդեն անխուսափելի է։

Փորձագետները կարծում են, որ Թրամփի հաղթանակը մեծամասամբ պայմանավորված է դեմոկրատ նախագահ Ջո Բայդենի քաղաքական գծից ամերկացիների հիասթափությամբ։ Թրամփի հակառակորդ Քամալա Հարիսը Բայդենի կառավարությունում զբաղեցնում էր փոխնախագահի պաշտոնը։

Անձամբ Թրամփի համար վերադարձը Սպիտակ Տուն լուծում է օրինական մի շարք հարցեր։ Նրա նկատմամբ այս պահին 34 քրեական գործ կա, դատական գործեր են ընթանում։

Դոնալդ Թրամփի նախընտրական ծրագիրը կարևորագույն հարցերում կրկնում է նրա 2016 թվականի խոստումները։ Դրանց մի մասը Թրամփի պաշտոնավարման ընթացքում ձախողվել են Կոնգրեսի քննարկման փուլում, մի մասն էլ ավարտին չեն հասցվել կարևոր պաշտոններ զբաղեցնող հին դպրոցի հանրապետականների հետ Թրամփի անահամաձայնությունների պատճառով։ Նրանք դեմ էին տնտեսական պոպուլիզմին և արտաքին քաղաքականության հարցերում իզոլիացիոնիզմին։ Թրամփը բազմիցս ընդունել է, որ նախորդ պաշտոնավարման ժամանակ սխալվել է կադրերի հարցում, խոստացել է այս անգամ հավաքել ավելի լոյալ թիմ։

Սա երևում է փոխնախագահի ընտրության վրա։ 2016-ին Մայք Փենսն էր՝ կայացած, ինքուրույն, դասական իմաստով հանրապետական քաղաքական գործիչ։ Այս անգամ Թրամփի կողքին Ջեյ Դի Բենսն է, ով իր քաղաքական կարիերայի համար պարտական է անձամբ Թրամփին և չունի պարտավորություններ Հանրապետական կուսակցության առաջ։ Բացի այդ, ի տարբերության նախագահության առաջին ժամկետի, այս անգամ Գերագույն դատարանում պահպանողականները մեծամասնություն են կազմում։ 

Քաղաքականությունը միգրանտների հարցերում

Թրամփի նախընտրական քարոզարշավի առաջնային խոստումներից էր Միացյալ Նահանգներում ապօրինաբար մնացող միգրանտների զանգվածային դեպորտացիան։ Այդ կետը կար նաև 2016-ի ծրագրում։

Այն ժամանակ էլ, հիմա էլ թղթաբանության հետ խնդիրներ ունեցող միգրատների թիվը 11 միլիոն է։ Նախորդ պաշտոնավարման ժամանակ Թրամփի կառավարությունը միգրանտների հարցով այդպես էլ զանգվածային ոչինչ չարեց։ Ավելին, հաշվարկները ցույց են տալիս, որ Բարաք Օբամայի օրոք դեպորտացիայի տեմպերն անհամեմատ ավելի բարձր էին։ 

Թրամփի նախաձեռնած նոր օրենսդրական կարգավորումները, սակայն, իջեցրել էին  ապօրինի փախստականների թիվը։ Ջո Բայդենն իր կառավարման հենց սկզբում չեղարկել էր դրանք։ Աշխարհով մեկ սկսված պատերազմների պատճառով սահմանափակող օրենքների չեղարկումից հետո անօրինական միգրանտների թիվն Ամերիկայում հասել էր ռեկորդային ծավալների։ 

Այս անգամ հանրապետական նախագահը խոստացել է վերջնականապես լուծել այդ հարցը։ Առաջարկում է ամեն տարի մի քանի միլիոն մարդու արտաքսել երկրից, նույնիսկ եթե պահանջվի զանգվածային ռեյդեր անել որոշ շրջաններում։ Թրամփը նախապես հայտարարել է, որ տեղյակ է նման քայլի տնտեսական հետևանքների մասին։

Քաղաքականությունը արտաքին քաղաքականության հարցերում

Թրամփը խոստացել է «24 ժամվա ընթացքում» կանգնեցնել Ռուսաստանի ներխուժումը Ուկրաինա։ Ընդ որում, խոստացել է անել դա հնարավորին արագ՝ մինչև մյուս տարվա հունվարին սպասվող երդմնակալության արարողությունը։ Թե կոնկրետ ինչպես է դա արվելու՝ չի ասում։

Դեմոկրատները պնդում էին, որ Թրամփը պատրաստվում է ստիպել Կիևին հաշտության գնալ Մոսկվայի հետ՝ առանց օկուպացված տարածքները վերադարձնելու և առանց անվտանգության երաշխիքների, որոնց մասին բազմիցս խոսել է Վլադիմիր Զելենսկին։ Նույնիսկ այդ դեպքում հետևանքներն անկանխատեսելի են։ 

Թրամփի առաջին նախագահական ժամկետը սկսվել էր Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման փորձերով։ Պաշտոնավարման վերջերում ԱՄՆ-ն արդեն նոր պատժամիջոցներ էր սահմանում Ռուսաստանի դեմ, հետ էին ուղարկում 60 դիանագետների, Ուկրաինային հակատանկային «Ջավելիններ» էին մատակարարում։

Քաղաքական մեկնաբանները մինչև ընտրություններն էլ խոսում էին այն մասին, որ անկախ քվեարկության արդյունքներից, ԱՄՆ քաղաքականությունն Ուկրաինայի հարցում փոխվելու է։ «Նույնիսկ եթե Ջո Բայդենը դուրս չգար մրցավազքից ու վերաընտրվեր, միևնույն է փոփոխություններ էին լինելու։ Հակամարտությունը նոր փուլ է տեղափոխվում։ Վերջին երկու տարիների ընթացքում ԱՄՆ կիրառած մոտեցումն անհնար է երկար շարունակել, հատկապես առաջնագծում իրադարձությունների այսպիսի զարգացման պայմաններում։ Իհարկե, եթե Թրամփը երկրորդ անգամ ստանձնի նախագահի պաշտոնը, փոփոխություններն ավելի կտրուկ կլինեն։ Ակնհայտ է, որ նա փորձում է մի բան անել՝ պատերազմի վրա ազդելու համար, բայց թե կոնկրետ ինչ՝ բարդ է ասել։ Ես կանխատեսումներ անելու ռիսկին չեմ դիմի, քանի որ Թրամփն անկանխատեսելի քաղաքական գործիչ է», – բացատրում է ամերիկյան RAND վերլուծական կազմակերպության ավագ գիտաշխատող Սամուել Չարապը։

Թրամփի առաջին պաշտոնավարման երևի միակ ժառանգությունը, որի հետ համաձայն էին և որը շարունակում էին նաև դեմոկրատները, Չինաստանի հետ հարաբերությունների արմատական վերանայումն էր։ Ջո Բայդենը ուղիղ ձևով շարունակում էր Թրամփի սկսած ավելի բաց կոնֆրոնտացիայի քաղաքականությունը։ Քամալա Հարիսն արդեն խոստացել էր հետևել նույն գծին։

Թրամփը, սակայն, ավելի հեռուն է ուզում գնալ։ Առաջարկում է շուրջ 60 տոկոս մաքսատուրք սահմանել Չինաստանից ներկրվող ապրանքների վրա։ Հաշվի առնելով այն, որ Պեկինը սիմետրիկ միջոցներ կկիրառի, սա կարող է բերել երկու գերտերությունների միջև առևտրական պատերազմների։ Դրա ազդեցությունը համաշխարհային տնտեսության վրա կարող է աղետաբեր լինել։ 

Թրամփը բազմիցս հանդես է եկել Գազայում պատերազմը դադարեցնելու կոչերով։ Խոստացել է զբաղվել այդ հարցով նախագահի պաշտոնը ստանձնելուց հետո։ Հստակ քայլեր չի ներկայացրել։ Այս հայտարարություններն իհարկե հակասում են նրա իսրայելամետ քաղաքականությանը։ 

Ընդհանուր առմամբ Թրամփի երկրորդ նախագահության ժամանակ Միացյալ Նահանգները, հավանաբար, պակաս հետաքրքրված կլինեն թե’ Եվրոպայով, թե’ Մերձավոր Արևելքով։ Ռեսուրսները կվերաուղղորդվեն ընդդեմ Չինաստանի։