Մյունխենում հունվարի 16-ից մեկնարկել են Գերմանիայի խորհրդարանի՝ բունդեսթագի երկու նախկին պատգամավորների գործով դատական լսումները։ Քրիստոնյա դեմոկրատական միություն (ՔԴՄ) կուսակցության անդամներ Էդուարդ Լինթները և Աքսել Ֆիշերը մեղադրվում են ադրբեջանական իշխանություններից կաշառք ստանալու և Եվրախորհրդարանում նրանց շահերը լոբբինգ անելու մեջ։
Իսկզբանե հետաքննությունը սկսվել էր ընդդեմ ՔԴՄ պատգամավոր Կարին Շտրենցի, ով, սակայն, 2021 թվականին անսպասելի մահացել է։ Մահից երկու ամիս առաջ բունդեսթագը նրան զրկել էր պատգամավորական անձեռնմխելիությունից։ Շտրենցը մեղադրվում էր Բաքվից կաշառք ստանալու և Եվրախորհրդարանում Ադրբեջանի շահերը պաշտպանելու մեջ։ Նա Ադրբեջանում կայացած խորհրդարանական ընտրությունների դիտորդական հանձնաժողովի կազմում էր, դեմ էր քվեարկել ԵԽ-ի բանաձևին, որով Ադրբեջանը պարտավորվում էր ազատ արձակել քաղբանտարկյալներին։
Շտրենցի գործի քննության արդյունքում էլ դուրս են եկել Էդուարդ Լինթների վրա, ով այդ ժամանակ Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական ասամբլեայի անդամ էր։ Տեղեկություններ կան, որ Լինթները ադրբեջանական իշխանություններից մի քանի միլիոն եվրո գումար է ստացել։ Նրան հանձնարարված էր գտնել այլ գերմանացի խորհրդարանականների, որոնք կհամաձայնեն համագործակցել Բաքվի հետ։ Այժմ Լինթների հետ մեղադրյալի աթոռին նստած Ֆիշերը հենց այդ խորհրդարանականներից է։
Կոռուպցիոն սկանդալի հետաքննությունն ընթանում է բարդություններով, քանի որ գումարների փոխանցումը կազմակերպվել է փուլերով, միջնորդների օգնությամբ։ Գերմանիայի դատախազությունը հետաքննությանն օժանդակելու խնդրանք-նամակներ է ուղարկել Կիպրոսի, Լիխտենշտեյնի, Շվեյցարիայի, Թուրքիայի, Բելգիայի, Էստոնիայի, Լատվիայի, Ադրբեջանի և այլ երկրների իրավապահներին։
Երկու գործիչներն էլ մեղքը չեն ընդունում։
«Խավիարային դիվանագիտություն»
Դեռևս 2012 թվականին այսպես էին անվանում ադրբեջանական իշխանությունների պահվածքը եվրոպական խորհրդարանականների հետ։ Բաքվում եվրոպացի պաշտոնյաներին դիմավորում էին նվերներով և ճոխ հյուրասիրությամբ։ Ադրբեջանի ԱԳՆ-ն այս մեղադրանքները հերքում էր։
2017 թվականին Կոռուպցիայի և կազմակերպված հանցավորության հետաքննության պրոյեկտը (OCCRP) զեկույց էր հրապարակել, համաձայն որի 2012-ից 2014 թվականներին ադրբեջանական իշխանություններն օգտագործում էին գաղտնի «սև գանձարանի» միջոցները եվրոպական քաղաքական գործիչներին կաշառելու, ճոխ իրեր գնելու, փողեր լվանալու համար։ Ընդհանուր առմամբ «սև գանձարանի» միջոցով շուրջ 2.8 միլիարդ դոլարի լվացում է իրականացվել, ասվում է զեկույցում։
Նույն թվականին Եվրոպայի խորհուրդը սկսել է Եվրախորհրդարանի անդամների Ադրբեջանից ստացած կաշառքների գործերով քննությունը։ Ընհամենը մեկ տարի անց պարզ է դարձել, որ մեծ թվով խորհրդարանականներ գումարներ են ստացել Բաքվից՝ Ադրբեջանի իշխանությունների կոպիտ իրավախախտումների մասին ԵԽ քննադատությունը մեղմելու դիմաց։
Եվրոպայի խորհուրդը օրենսդրական լիազորություններ չունի, համարվում է «Եվրոպայի խիղճը»։ Ադրբեջանը ԵԽ մտել է 2001 թվականին։ 2024-ի հունվարին Եվրախորհրդարանի պատգամավորները հրաժարվել են վավերացնել ադրբեջանական պատվիրակության իրավասությունները՝ Ադրբեջանի կողմից Եվրոպայի Խորհրդի առաջ ունեցած պարտավորությունները չկատարելու պատճառով։