Արդեն երկրորդ անգամ ԱՄՆ նախագահի պաշտոնը ստանձնած 78-ամյա Դոնալդ Թրամփն արդեն հասցրել է հրամանագրերի շարք ստորագրել և չեղյալ ճանաչել նախորդ նախագահ Ջո Բայդենի վարչակազմի ընդունած 78 որոշումներ։
Իր առաջին հրամանագրերը Թրամփը ստորագրել է հենց Capital One Arena ստադիոնում՝ իր երդմնակալության արարողությամ համար հավաքված հազարավոր դաշնակիցների առաջ։
Հրամաններից մեկը վերաբերում էր ԱՄՆ տարածքում ապրող միգրանտների արտաքսմանը։ Թրամփն արդեն իսկ, փաստացի, վերադարձրել է իր առաջին նախագահության քաղաքականությունը, համաձայն որի, Միացյալ Նահանգներում գտնվող բոլոր ապօրինի գաղթականները հայտնվում են դեպորտացիայի առաջնահերթ ցանկում։
Թրամփը նաև չեղարկել է Բայդենի մի շարք որոշումներ։ Օրինակներ.
— Արևմտյան ափի իսրայելցի վերաբնակների նկատմամբ Բայդենի սահմանած պատժամիջոցները չեղարկվել են,
— Կուբան նորից ավելացվել է ահաբեկչության հովանավոր պետությունների ցանկ (Բայդենը վերջերս էր երկիրը հանել այդ ցուցակից),
— Չեղարկվել է նախորդ նախագահի վարչակազմի մշակած քաղաքականությունը, որի նպատակն էր ուղղորդել արհեստական բանականության զարգացումը՝ դրա հնարավոր շահարկումները կանխելու համար։
Թրամփը հրամանագիր է ստորագրել, որով Ամերիկան դադարեցնում է անդամակցությունը Փարիզի կլիմայական համաձայնագրից։ Հետո նա դեպի հանդիսատեսն է նետել մարկերները, որոնցով ստորագրել է երդմնակալության օրվա հրամանագրերը։
Տոնակատարությունից ժամեր անց Թրամփը 2021 թվականից ի վեր առաջին անգամ մտել է Սպիտակ տան Օվալաձև սենյակ։ Այնտեղ հրամանագրերի նոր շարք է ստորագրել։ Օրինակ, ազատ է արձակել 2021 թվականի հունվարի 6-ին՝ Բայդենի հաղթանակից հետո, Կապիտոլիումը գրավելու և անկարգություններ կազմակերպելու համար ձերբակալված շուրջ 1500 քաղաքացիներին։ «Այդ մարդիկ պատադառված էին», – հայտարարել է Թրամփը։
ԱՄՆ նախագահը 90 օրով կասեցրել է Ամերիկայի կողմից բոլոր այլ երկրներին, այդ թվում՝ Ուկրաինային, տրամադրվող աջակցությունները։ Թրամփն ասել է, որ ստուգումներ պետք է կազմակերպվեն, որպեսզի ապացուցվի, որ այդ օգնությունների տրամադրումը համապատասխանում է նոր կառավարության արտաքին քաղաքականության գծին։
Եվս մի քանի նոր հրամաններ.
— Ամերիկան դադարում է անդամակցել Առողջապահության միջազգային կազմակերպությանը, քանի որ այն «շատ սխալներ է գործել կորոնավիրուսի համավարակի ժամանակ»,
— Դաշնային մակարդակում վերականգնվել է մահապատժի ինստիտուտը,
— 75 օրով հետաձգվել է TikTok-ը երկրում արգելեու որոշումը,
— Մեքսիկական ծոցը վերանվանվել է Ամերիկյան,
— Վերագործարկվել է Օվալաձև սենյակում նախկինում գործող կոճակը, որը սեղմելու դեպքում նախագահին դիետիկ Coca-Cola են բերում։
Թրամփը հերթական անգամ հայատարերել է Ռուսատսանի նախագահ Վլադիմիր Պուտինին հանդիպելու իր պատրաստակամության մասին։ Նորից խոստացել է հնարավորինս շուտ վերջ դնել ռուս-ուկրաինական պատերազմին։