[թարմացում]. Ոստիկանությունը հայտնում է, որ «newsmedia.am» կայքում հրապարակված՝ «Սկանդալային տեսանյութ․ հայրենի ոստիկանները՝ մահակով ու հակագազով ցուցմունք են կորզում» վերտառությամբ հոդվածի և կից տեսանյութի կապակցությամբ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում իրականացվող ծառայողական քննության շրջանակներում տեղեկություններ են ձեռք բերվել տեսանյութում երևացող անձանցից երեքի ինքնության վերաբերյալ։
Նրանցից մեկի լիազորությունները կասեցվել են, իսկ երկուսը ոստիկանության նախկին ծառայողներ են։ Ծառայողական քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների վերլուծությամբ պարզվել է, որ տեսագրությունն արվել է շուրջ տասը տարի առաջ, քանի որ հիշյալ աշխատակիցները նույն ստորաբաժանումում՝ ոստիկանության Արաբկիրի բաժնում, համատեղ ծառայել են այդ ժամանակ։
«Երեք անձանցից երկուսն արդեն հրավիրվել են ոստիկանության ներքին անվտանգության վարչություն։ Ձեռնարկվում են միջոցառումներ դեպքին առնչվող մյուս անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ։ Ծառայողական քննությամբ ձեռք բերված բոլոր տվյալները փոխանցվել են հատուկ քննչական ծառայություն»,- ասված է ոստիկանության տարածած պարզաբանման մեջ։
—
Ըստ նախնական տեղեկությունների՝ օրեր առաջ համացանցում տարածված տեսանյութը, որում երևում է, ինչպես են ոստիկանական բաժանմունքում քաղաքացիական հագուստով ոստիկանները հակագազով և մահակներով ցուցմունք կորզում քաղաքացուց, պատկերում է 2008-2010 թվականների միջակայքում տեղի ունեցած խոշտանգման դեպք։ Այս մասին լրագրողներին հայտնեց Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը։
ՀՔԾ պետի խոսքերով, քրգործը հարուցվել է պաշտոնական լիազորությունների սահմանազանցման, այլ ոչ՝ խոշտանգման հոդվածքով, քանի որ այն ժամանակ, երբ, ենթադրաբար, տեղի է ունեցել դեպքը, խոշտանգման համար պատիժ նախատեսող հոդվածը դեռևս ընդունված չէր․ «Հետևաբար, մենք նույնիսկ շատ մեծ ցանկության դեպքում չէինք կարող այդ հոդվածով գործ հարուցել»։
Սասուն Խաչատրյանը նշեց՝ քննությունը երկու օր է, ինչ ընթանում է, դեռևս հնարավոր չէ հաստատել, որ տեսանյութում երևացող բոլոր անձինք ոստիկաններ են: Լրագրողի հարցին, արդյո՞ք դա նշանակում է, որ խոշտանգում իրականացնող անձանց շրջանակը հայտնի չէ, ՀՔԾ պետը պատասխանեց. «Չեմ ցանկանում այս պահին նման տեղեկատվություն տարածել։ Հայտնի է, թե հայտնի չէ, բայց համոզված եղեք՝ եթե նույնիսկ այս պահին հայտնի էլ չէ, թեև ես նման բան չեմ հաստատել, շատ շուտ դուք կտեղեկանաք, ամջողջ ծավալով էլ կբացահայտվի»:
Հիշեցնենք, որ Ոստիկանության պետի պաշտոնակատար Արման Սարգսյանը համացանցում տարածված այդ տեսանյութի կապակցությամբ հանձնարարել է Ներքին անվտանգության վարչությունում ստուգումներ իրականացնել: Ծառայողական քննության շրջանակներում Ոստիկանության պետի պաշտոնակատարի հրամանով ժամանակավորապես դադարեցվել են Ոստիկանության Ճամբարակի բաժնի պետ Նարեկ Սիմոնյանի լիազորությունները։ Հատուկ քննչական ծառայությունում (ՀՔԾ) «խոշտանգման առերևույթ հանցագործության դեպքի առթիվ» քրեական գործ է հարուցվել Քրեական օրենսգրքի «բռնությամբ զուգորդմամբ պաշտոնեական լիազորություններն անցնելու» հոդվածով։
Նշենք, որ նույն յութուբյան ալիքում, որում նոյեմբերի 21-ին հրապարակվել էր խոշտանգման տեսագրությունը, ավելի ուշ մի հարցազարույց է հրապարակվել, որում ոստիկանության նախկին աշխատակից Վարդան Ղուկասյանը՝ հայտնի «Դոգ» մականունով, պնդում է, թե տեսանյութն ինքն է տրամադրել, ու այն տեսագրվել է նախկին իշխանությունների ժամանակ՝ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն օրոք։ Վերջինս, ըստ Ղուկասյանի, տեղյակ է եղել միջադեպից։