«Տարիներ շարունակ ասում են, որ Հայաստանում խոշտանգումներ չեն արձանագրվել, բայց ի՞նչ է եղել իրականում։ Տեղի է ունեցել խոշտանգման դեպք, լավագույն դեպքում՝ դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվել, մաքսիմում՝ քրեական գործ է հարուցվել, որը հետագայում կարճվել է («համարել են», որ բավարար ապացույցներ հնարավոր չի եղել հավաքել)։ Իսկ վատագույն դեպքում բողոք բերող անձը քրեական պատասխանատվության է ենթարկվել սուտ մատնության համար։ ․․․Դատախազությունը մինչ օրս շարունակում է բազմաթիվ գործեր կոծկել։ Քննչական մարմինները և դատախազությունը եթե հեղափոխությունից հետո անհամբեր սպասում էին, թե ինչ ճակատագրի են արժանանալու բոլոր այս տեսակի գործողությունների համար, մենք հիմա տեսնում ենք, որ ոչ մի ճակատագրի էլ չեն արժանանալու։ Դատարանը թեթև վեթինգի միջոց կամ կանցնի, կամ չի անցնի՝ դեռ պարզ չէ։ Մնացածի համար շատ գեղեցիկ կարմիր գիծ է գծվել, ու իրենք մնացել են, փաստորեն, անպատիժ», – «Խոշտանգումները՝ ուժային կառույցներում» թեմայով Մեդիա կենտրոնում տեղի ունեցած ասուլիսին այս մասին ասաց իրավապաշտպան Նինա Կարապետյանցը։
Կարապետյանցի խոսքերով, խոշտանգումների մասին հրապարակումները և դիմումները մշտապես մնացել են անարձագանք, որովհետև այն համակարգերում, որտեղ տեղի են ունեցել հանցագործությունները և որոնք պետք է բացահայտեին դրանք, այդ համակարգերի ներսում գործել է միմյանց թիկունք կանգնելու, միմյանց հովանավորելու տրամաբանությունը․ «Դա կոչվում էր՝ իրար դեմ գործ չտալ։ Ենթադրվում էր, որ ուսադիր կրողները երբեք մեկը մյուսի դեմ ցուցմունք չեն տվել։ Դա համարվել է ուսադրի պատիվ։ Իրենք շատ վատ են պատկերացրել՝ ինչ է նշանակում ուսադրի պատիվ ունենալը։ Նույնը հետագայում կատարվել է Հատուկ քննչական ծառայության քննիչների կողմից, նույն կերպ գնացել է գործը չբացահայտելու ուղղությամբ, նույն ուսադիր կրողները դատախազությունում համարել են, որ չբացահայտելը իրենց ուսադրի պատվի համար է արվում»։
Անդրադառնալով օրեր առաջ համացանցում տարածված տեսանյութին, որում երևում է, ինչպես են ոստիկանական բաժանմունքում քաղաքացիական հագուստով ոստիկանները հակագազով և մահակներով ցուցմունք կորզում քաղաքացուց, իրավապաշտպանը նշեց, որ այսպիսի նյութերը տարիներ շարունակ հավաքվել են որպես կոմպրոմատ, և կա մեծ հավանականություն, որ նոր հրապարակումներ ևս կլինեն․
«Կան բազմաթիվ նյութեր, որոնք որպես կոմպրոմատ պահվել են, արվել են և պահվել նախորդ հանցավոր ռեժիմի կողմից՝ համակարգը կառավարելի դարձնելու համար։ Ե՛վ Ոստիկանությունում, և՛ քննչական մարմիններում, և՛ Դատախազությունում, և՛ դատարաններում կան բազմաթիվ կոմպոմատներ, որոնք մանիպուլիացիայի ենթարկելու համար կտեսնենք՝ պարբերաբար հրապարակվելու են։ Մի՛ զարմացեք, հատկապես՝ հաշվի առնելով, թե դա ով է հրապարակել։ Ես իր իսկական անունը չգիտեմ, ես իրեն գիտեմ որպես Դոգ [նախկին ոստիկան Վարդան Ղուկասյանը], որը հայտնի ոստիկանության աշխատակից էր Գասպարյան Վովայի ժամանակ, և ես չեմ զարմանա, եթե նա բազմաթիվ նյութեր դեռ ունենա։ Եվ ոչ միայն նա։ Հիշեք՝ ինչ եղավ, օրինակ, երբ պարզվեց, որ ԱԱԾ-ից ինչ-որ փաստաթղթեր են կորել, ինչ-որ նյութեր են կորել։ Այսդպես էլ չհասկացանք, ինչ նյութեր էին, ով էր գողացել։ Ոչ մի պարզաբանում չեղավ․․․»։
Նշենք, որ նույն յութուբյան ալիքում, որում նոյեմբերի 21-ին հրապարակվել էր խոշտանգման տեսագրությունը, ավելի ուշ մի հարցազարույց է հրապարակվել, որում ոստիկանության նախկին աշխատակից Վարդան Ղուկասյանը՝ հայտնի «Դոգ» մականունով, պնդում է, թե տեսանյութն ինքն է տրամադրել, ու այն տեսագրվել է նախկին իշխանությունների ժամանակ, երբ ոստիկանապետը Վլադիմիր Գասպարյանն էր (ժամանակին Ղուկասյանը համարվում էր Գասպարյանի մերձավորներից), ով տեղյակ է եղել միջադեպից։
Ոստիկանության պետի պաշտոնակատար Արման Սարգսյանը, հիշեցնենք, համացանցում տարածված այդ տեսանյութի կապակցությամբ հանձնարարել է Ներքին անվտանգության վարչությունում ստուգումներ իրականացնել: Ծառայողական քննության շրջանակներում Ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատարի հրամանով ժամանակավորապես դադարեցվել են Ոստիկանության Ճամբարակի բաժնի պետ Նարեկ Սիմոնյանի լիազորությունները։ Հատուկ քննչական ծառայությունը (ՀՔԾ) հաղորդագրություն է տարածել, որ խոշտանգման կադրեր պարունակող տեսանյութի հանրայնացումից հետո «խոշտանգման առերևույթ հանցագործության դեպքի առթիվ Հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստվում են նյութեր»։ ՀՔԾ-ում քրեական գործ է հարուցել Քրեական օրենսգրքի «բռնությամբ զուգորդմամբ պաշտոնեական լիազորություններն անցնելու» հոդվածով։
Քրեակատարողական հիմնարկներում հասարակական վերահսկողություն իրականացնող Դիտորդների խմբի անդամ, իրավապաշտպան Ռոբերտ Ռևազյանի համոզմամբ, սա նվազագույնն է, ինչ պետք է արվի նման բացահայտումից հետո։
«Տարիներ շարունակ ի՞նչ է տեղի ունեցել։ Քննությունները կոծկվում էին։ «Չէին կարողանում» բացահայտել։ Եթե մենք հաշվենք, Հայաստանում խոշտանգման քանի գործ է հարուցվել, Եվրոպական դատարանի կողմից Հայաստանի դեմ քանի վճիռ է կայացրած, կտեսնենք, որ Եվրոպական դատարանի գործերը ավելի գերակշիռ կլինեն, ավելի շատ կլինեն, քան մեր ներպետական ատյաններինը։ Սա աննորմալ վիճակ է։ Սա խոսում է պետության ձախողման մասին։ Այս ուղղությամբ որևէ բան տեղի չի ունենում։ ․․․ Մեզ մոտ այս անպատժելիությունը բերել է նրան, որ որևէ մեկը չի վախենում խոշտանգում կիառելուց», – ասաց Ռևազյանը։
Մարդու իրավունքների ավագ խորհրդատու, Խոշտանգումների դեմ Համաշխարհային կազմակերպություն ներկայացուցիչ Մուշեղ Եկմալյանը հավելեց՝ խոշտանգման հոդվածով Հայաստանում ոչ ոք չի դատապարտվել, քննությունները գնում են պաշտոնեական դիրքի չարաշահման հոդվածներով, Եվրոպական դատարանը ունի 12 հաստատված խոշտանգման դատավճիռ Հայաստանի դեմ, և կան բազմաթիվ գործեր, որոնք ընթացքի մեջ են։
Եկմալյանը հակագազի կիրառմամբ խոշտանգման մեկ այլ դեպք էլ հիշեց, որը ժամանակին կրկին մնացել է անհետևանք․ «Առաջին բանը, որ կուզենայի հիշեցնել, դա դեռ 2011 թվականին Եվրոպայի խորհրդի խոշտանգումների կանխարգելման կոմիտեի կողմից Արաբկիր ոստիկանական բաժանմունքում հայտնաբերված հակագազն էր, որը ուներ արյան հետքեր։ Այն լուսանկարված էր և տեղադրված էր 2013 թվականին հրապարակված հաշվետվության մեջ։ Նույն 2013 թվականին Բաց հասարակություններ հիմնադրամի նախաձեռնությամբ հրավիրվեց մեծ քննարկում, պետք է ներկայացվեր այդ հաշվետվությունը, որում կային [խոշտանգումների] այլ օրինակներ ևս։ Հենց բացման խոսքից հետո այն ժամանակվա Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը դուրս եկավ դահլիճից, նրա հետևից դուրս եկան մամուլի բոլոր ներկայացուցիչները․․․ Իրավական գնահատական այդ առնչությամբ չեղավ։ Խորը ծածկադմբփոցի ենթարկվեց ու անցավ-գնաց։․․․Եթե այս դեպքը բացահայտվեր ժամանակին, միգուցե այսպիսի տեսանյութեր չլինեին», – նշեց իրավաբանը։
Իսկ Նինա Կարապետյանցը հիշեցրեց, ինչպես էին Սասնա ծռերին բռնության ենթարկում հենց դատարնի դահլիճում և նկուղում՝ բազմաթիվ ականատեսների և լրագրողների աչքի առաջ․
«Դա այնքան ակնհայտ փաստ էր, որ մենք բոլորս, ովքեր դահլիճում էին գտնվում, ականատես եղանք, ինչպես բռնությունը դատարանի դահլիճից սկսվեց։ Ի՞նչ եղավ կազմակերպիչի, հիմնական պատասխանատուի հետ։ Նա կոչումի բարձրացում ստացավ։ Ինչի՞ մասին է խոսքը։ Դատավորը, որը ականատես եղավ բռնությանը դահլիճում և հետագայում իմացավ նաև, որ ներքևում [նկուղում] մարդիկ ևս բռնության են ենթարկվել, ի՞նչ արեց։ Ոչինչ էլ չեղավ։ Շարունակում է բարեհաջող պաշտոնավարել։ Ի՞նչ եղավ դատախազի հետ։ Շարունակում է մինչև հիմա բուռն ծափահարություններով ընդունվել։ Որևէ մեկը պատասխանատվության չի ենթարկվել։ Հեղափոխությունից տարի ու կես հետո այս խնդիրները փակ են բոլորի համար։
․․․ Մենք ունենք այսօր մշակված նոր ռազմավարություն, ինչը շատ գովելի է։ Բայց այդ ռազմավարության շատ էլեմենտներ հանձնարարվել են նորից նույն Դատախազությանը, նույն քննչական մարմիններին․․․Նորից բախվելու ենք նույն խնդրին, որ ոչինչ չի կատարվելու։ Հո ինքն իր դեմ գործ չի հարուցելու։ Այդ նույն քննիչը, դատախազը երբեք ինքն իր դեմ գործ չի հարուցի, ինքն իր սխալը չի «գտնի», այլապես ինքը, իր հարյուր տարվա ընկերը, գործընկերը, այն մարդը, որի հետ ինքը երկար ճանապարհ է անցել, ինքն իր դեմ պետք է քրեական գործ հարուցի։ Չի լինելու այդպիսի բան։ Այստեղ պետք է շատ ավելի կտրուկ, ավելի գործուն, ավելի իրավիճակին համապատասխան գործողությունների պլան կազմել, որոնք հնարավորություն կտան այս բոլոր գործերը բացահայտել։ Ինչպես շատ ճիշտ ասեց պ-ն Եկմալյանը, չկա այլ լուծում, երաշխիք, որ այլևս նման դեպքեր չեն կրկնվի, եթե մենք այսօր պատասխանատվության չենթարկենք այն բոլոր անձանց, ովքեր այդ գործերը կոծկել են», – ասաց Կարապետյանը՝ ընդգծելով, որ պատասխանատվության, առաջին հերթին, պետք է ենթարկվեն այն պաշտոնյաները, որոնք ի պաշտոնե կոծկել և դրանով իսկ հովանավորել են ոստիկանական խոշտանգումների բազմաթիվ դեպքեր։