2019 թվականի հունիսի 27-ին Է․ Մ․-ն հաղորդում է ներկայացրել ոստիկանություն առ այն, որ նույն օրը՝ ժամը 11:30-11:40 ընկած ժամանակահատվածում, անհայտ անձը թիվ 4 համարի երթուղային միկրոավտոբուսում իր ուսապարկից գաղտնի հափշտակել է շուրջ 2.500 դրամ արժողությամբ դրամապանակ՝ 3000 դրամ գումարով, նույնականացման, սոցիալական ու 3 բանկային քարտերով։ Դրանցից մեկով Բաղրամյան պողոտայում գտնվող «Ակբա-կրեդիտ ագրիկոլ» բանկի բանկոմատից նույն օրը մաս-մաս կանխիկացվել է 450.000 դրամ, մյուս բանկային քարտերով նույն բանկոմատից կատարվել կանխիկացման փորձ: Արդյունքում Է․ Մ․-ին պատճառվել է 455.000 դրամի նյութական վնաս, հաղորդում է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը (ՀՔԱՎ)։
Դեպքի առթիվ 2019 թվականի հուլիսի 4-ին հարուցվել է քրեական գործ՝ Քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 1-ին մասի (Գողություն՝ ուրիշի գույքի զգալի չափերով գաղտնի հափշտակություն), 177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի (Գողություն պահեստարան կամ շինություն ապօրինի մուտք գործելով) և 324-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (Քաղաքացու անձնագիրը կամ կարևոր այլ փաստաթուղթ հափշտակելը)։ Չորսը օր անց քրեական գործը ուղարկվել է Երևանի Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժին։ Կատարվել է նախաքննություն: Է. Մ.-ը ներգրավվել է որպես տուժող:
Նախաքննության ընթացքում Է. Մ.-ը «Ակբա-կրեդիտ ագրիկոլ» բանկից պահանջել է բանկոմատի տեսագրությունները և ներկայացրել դրանք քննիչին։
ՀՔԱՎ֊ի փոխանցմամբ՝ տեսագրություններում պարզ երևում է դրամապանակը և բանկային քարտերը գողացած անձի դեմքը [կանխիկացման ու կանխիկացման փորձի տեսագրությունները նաև ՀՔԱՎ֊ի տրամադրության տակ են]․
«Բանկոմատից կանխիկացման տեսագրություններն ու հանցագործություն կատարած անձի արտաքին բոլոր տվյալներն ունենալով հանդերձ՝ 2019-ի օգոստոսի 5-ին կայացվել է քրեական գործով վարույթը կասեցնելու մասին որոշում: Որոշման մեջ նշված է, որ քննչական գործողություններին զուգահեռ՝ առաջ են քաշվել և քննարկվել տարբեր վարկածներ, սակայն ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումները չեն տվել դրական արդյունք:
Ստացվում է, որ տուժող Է. Մ.-ը ներկայացրել է հանցագործություն կատարած անձի տեսագրությունները, իրականացրել իրավապահ մարմնի գործառույթներ, այնինչ իրավասու մարմինը փաստացի չի կատարել իրեն վերապահված պարտականությունները:
Նման անարդյունավետ գործելաոճը իրավապահ մարմինների համար դարձել է սովորական ու հաճախադեպ, ինչը խոչընդոտում է արդարադատության իրականացման ապահովմանն ու քաղաքացու իրավունքների պաշտպանությանը:
Այս ամենից կարող ենք եզրահանգել, որ ակնհայտ տեսագրություններ ունենալով հանդերձ՝ Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնի քննիչ, 3-րդ դասի խորհրդական Հ. Գասպարյանը ցուցաբերել է ոչ պատշաճ գործելաոճ, իսկ ոստիկանությունը չի ձեռնարկել անհրաժեշտ քայլեր՝ հայտնաբերելու հանցագործություն կատարած անձին», – ասված է ՀՔԱՎ֊ի տարածած հաղորդագրությունում։
Իրավապաշտպանները նշել են նաև, որ վերադաս մարմիններից ակնկալում են ձեռնարկել անհրաժեշտ բոլոր միջոցներ՝ համակարգում նման գործելաոճը բացառելու, պատշաճ ու որակյալ քննություն ապահովելու և մարդու իրավունքների պաշտպանությունը երաշխավորելու ուղղությամբ։