Նոյեմբերի 19-ին ԱԺ-ն քննարկեց Քրեական և Քրեական դատավարության օրենսգրքերում փոփոխություն կատարելու մասին հարցը, սակայն, ըստ «Իմ Քայլը» դաշինքի պատգամավոր Մարիա Կարապետյանի, քրեական ենթամշակույթի դեմ պայքարի շրջանակներում երկրին ընդհանուր մթնոլորտի փոփոխություն է անհրաժեշտ։
«Համալիր գործողություններ պետք է իրականացվեն։ Կոնկրետ երեկ մենք քննարկել ենք Քրեական օրենսգրքում և Քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին հարցը։ Բայց նաև ընդհանուր մթնոլորտը մեր երկրում պետք է փոխվի, և փոփոխության լավագույն միջոցն այն քաղաքական խոսքն է, որն այսօր հնչում է կառավարող ուժից», ֊ խորհրդարանում ճեպազրույցի ժամանակ հայտարարել է պատգամավորը։
Իշխող ուժի նախընտրական ծրագիրը սահմանում է, որ ներհասարակական հարաբերությունները պետք է կարգավորվեն օրենքներով․ «Այսինքն՝ նաև պետք է հանրային պախարակում ընթանա և մերժում նման ալտերնատիվ կարգերով խնդիրների լուծման։ Որքան էլ դրանք, գուցե, անցյալում ակտուալ են եղել, դրանից երբեք իրավական չեն դարձել»։
Հղում անելով Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությանը, որն այժմ շրջանառվում է, իսկ ավելի ուշ՝ ԱԺ կողմից հաստատման փուլ կմտնի, Կարապետյանն ասել է, որ դրա չափորոշիչները պետք է հնարավորություն ընձեռեն հասկանալու՝ առհասարակ ինչպե՞ս կարելի է սահմանել, որ տվյալ նյութը բռնության հետ առնչություն ունի։
«Մի խնդիր էլ կա․ ինչ-որ ենթամշակույթի մասին գեղարվեստական նյութ նկարահանելը դեռևս չի մտնում այս Քրեական օրենսգրքի հոդվածի մեջ։ Պարզապես մենք կարող ենք՝ որպես հանրություն, կանոնակարգել, թե ինչ չափանիշներով ենք ֆիլմն այդպիսին որակում և, օրինակ, ինչ ժամերի դա կարող է եթեր գնալ», ֊ ասել է պատգամավորը։
Հիշեցնենք, որ խորհրդարանն նոյեմբերի 19-ին առաջին ընթերցմամբ ընդունեց Քրեական և Քրեական դատավարության օրենսգրքերում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը, որով նախատեսվում է քրեական պատասխանատվություն սահմանել քրեական աստիճանի բարձրագույն կարգավիճակ տալու, ստանալու և պահպանելու, քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ստեղծելու կամ ղեկավարելու, քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցելու կամ ներգրավելու համար:
Օրենքը տարածվելու է «օրենքով գողերի», «զոն նայողների», «չաստ նայողների» և տարատեսակ այլ քրեական հեղինակությունների վրա։ Նախագծի զեկուցող, արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի խոսքերով, իրավապահ մարմիններն և քրեակատարողական հիմնարկների ղեկավարությունը ունեն օպերատիվ տեղեկություններ թե՛ հանրապետությունում առկա, այսպես կոչված, օրենքով գողերի, թե՛ գողերի ազդեցության տակ գտնվող անձանց հնարավոր շրջանակի մասին։ Օրենքի ընդունումը, կառավարության անդամների հավաստիացմամբ, առաջին քայլն է՝ քրեական ենթամշակույթը արմատախիլ անելու ճանապարհին։