հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Բանտ / Դրանց բանտում բիգուձի են ասում։ Դրանց դռների մոտ հերթեր են։ Դրանց պաչել չի կարելի

Դրանց բանտում բիգուձի են ասում։ Դրանց դռների մոտ հերթեր են։ Դրանց պաչել չի կարելի

ՀՀ Արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի մշտադիտարկման արդյունքները ցույց են տալիս, որ ԼԳԲՏ (լեսբի, գեյ, բիսեքսուալ, տրանսգենդեր) ազատազրկված անձանց նկատմամբ խտրականության, վատ վերաբերմունքի և խոշտանգումների դրսևորման դեպքերը շարունակական և համակարգային բնույթ են կրում Հայաստանի բանտերում։ Բացի հոգեբանական ճնշումներից՝ նրանք նաև սեռական շահագործման և ֆիզիկական բռնությունների են ենթարկվում ինչպես մյուս ազատազրկված անձանց, այնպես էլ վարչակազմի կողմից։

ԼԳԲՏ անձանց հետ շփվելը կամ ընդհանրապես նրանց հետ որևէ առնչություն ունենալն անընդունելի է։ Հիմնարկի աշխատակիցները ևս հաստատում են (հղումով նայել 111 էջը), որ մնացած դատապարտյալներն ու կալանավորված անձինք հրաժարվում են շփվել նրանց հետ կամ օգտվել նույն սպասքից։ Բանտային չգրված օրենքների համաձայն՝ եթե հետերոսեքսուալ անձը շփվում է նույնասեռական անձի հետ, ապա «կոտրվում» է և զրկվում է «նորմալ մարդ» կարգավիճակից։

Նախկին դատապարտյալ․ – Դրանց՝ տրանսներին, բանտում բիգուձի են ասում։ Դրանց դռների մոտ հերթեր են։ Լինում ա, որ խուց էլ են բերում, բայց բացառապես զուգարանում հետը ինչ ուզում՝ անում են։ Դրանք իրավունք չունեն կամերա մտնեն։ Դրանց պաչել չի կարելի, մենակ ժոստկի սեքսն ա։

Գները տարբեր են։ Անալ սեքսը 20,000 դրամ ա, օրալը՝ 15,000։ Եթե երկուսը միասին ա, զեղչվում ա՝  30,000 դրամ։ Տարիքն էլ կապ ունի, ջահելը թանկ ա։ Աղջկա շորերովը թանկ ա։

«Նուբարաշեն»-ում մեկը կար՝ տրանս, կռիվ էր անում, պահանջում էր, որ իրան պահպանակ տան։ Բայց չէին տալիս։ Հետո կամ առնում էր, կամ էլ սիգարետով փոխում էր բուժակների հետ։

Նախկին կալանավորված անձ․ – Բանտում կարևոր պրագոններից մեկը էն ա, որ գողական կամերաները ոչմի տեսակի, էդ թվում՝ առևտրային հարաբերությունների մեջ չեն մտնում դրանց հետ։ Եթե դաժե հեռախոս գնեն իրենցից, կարան որակազրկեն, իջեցնեն դրանց խուց։ Էդ կամերաներից օգտվում են զրոները, աբսլուգները, քանի որ իրանց կարգավիճակը գողական չի։   

Բերդի կամերաների համակարգը նենց ա արած, որ ցանկացած կամերայից ցանկացած կամերա կարելի ա բան ուղարկել՝ ուտելիք, ծխածոտ, պլան։ Էն ճանապարհները, որոնցով դա տեղաշարժվում ա, կոչվում ա գողական ճանապարհ։ Դա տալիս են ոտին՝ հսկիչին, ու ասում են տար էսինչից էսինչ տեղ։ Եթե հարկից հարկ գնալու հարց ա լինում, թելով են իջեցնում կամ բարձրացնում։ Իրանք էդ գողական ճանապարհներից էլ են դուրս։

մեջբերումների աղբյուրը

Սեռական կողմնորոշման կամ գենդերային ինքնության հիմքով դատապարտյալներին կամ կալանավորված անձանց անջատ պահելու օրենսդրական հիմք նախատեսված չէ։ ՀՀ քրեակատարողական օրենսգիրքն ու «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» ՀՀ օրենքը սահմանում են, որ պատիժը կրելու, իսկ կալանավորված անձանց դեպքում՝ կալանքի տակ պահելու կարգն ու պայմանները տարածվում են բոլորի վրա՝ անկախ սեռից, ռասայից, մաշկի գույնից, լեզվից, կրոնից, քաղաքական կամ այլ համոզմունքից, ազգային կամ սոցիալական ծագումից, ազգային փոքրամասնությանը պատկանելուց, ծննդից, գույքային կամ այլ դրությունից: Ավելին, ազատազրկված անձինք իրենց նկատմամբ բարեկիրթ վերաբերմունքի, անձնական անվտանգության ապահովման, իրենց անվամբ կամ ազգանվամբ կոչվելու իրավունք ունեն։

Մինչդեռ հասարակական դիտորդները արձանագրել են (հղումով նայել 111 էջը), որ ԼԳԲՏ ազատազրկված անձինք իրենց «գրավոր» դիմումի համաձայն պահվում են «թռածների», «արվամոլների», «գոմիկների» կամ «այլազգիների» խցերում (նկարները հասանելի են կից հղումով), որոնք նույն հիմնարկի այլ խցերի համեմատ անշուք և ոչ բարվոք վիճակում են։ Քրեակատարողական հիմնարկների աշխատողները դա պատճառաբանում են նրանց անվտանգությունը երաշխավորելու անհրաժեշտությամբ, մասնավորապես՝ սեռական և այլ տիպի բռնություններից, շահագործումից, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքից ապահովագրելու նպատակով: Դիմումի մեջ որպես հիմնավորում մատնանշվում է սեռական կողմնորոշումը, գենդերային ինքնությունը կամ պատիժը այլոց հետ նույն խցում կրելու անհնարինությունը: Այդ դիմումները, սակայն, չեն հաշվառվում, քանի որ նման ընթացակարգ օրենքով նախատեսված չէ։

Մեզ հետ զրույցում նույնն են հավաստել նաև նախկին ազատազրկված և «Նուբարաշեն», «Դատապարտյալների հիվանդանոց», «Արմավիր» և «Աբովյան» ՔԿՀ-ներում պահվող ԼԳԲՏ անձինք (ԼԳԲՏ անձանց հետ հեռախոսազրույցներ ենք ունեցել 2018թ․ օգոստոս-սեպտեմբեր ամիսներին)։

Լյուբոյ անհատ, երբ մտնում ա զոն, պըտի աբյավիտ անի, որ ինքը տենց ա։ Պըտի աշխատողներին պրյամո ասի։ Եթե հանկարծ չասեց ու գնաց սովորական խուց, ընդեղ պարզեցին, իրան կարան ծեծեն, ջարդեն, փշրեն։ Եթե ինքը անտեղյակ ա՝ չգիտի էդ ձևերը, մտավ էդ խուցը, էրկու-իրեք հարցից հետո ասում են՝ դավայ ստեղից։ Եթե գաղտնի պահեց, ու խցում պարզեցին, իրան ահավոր վիճակի մեջ կքցեն։ Մտավ գաղութ, ինքը պըտի իրա տեղը իմանա։ Եթե չիմացավ՝ ցույց են տալու։

Նախկին դատապարտյալ, «Նուբարաշեն» ՔԿՀ  

«Մեր «բրիգադի» համար ստեղ 4 խուց կա։ Թիվը չեմ կարա կոնկրետ ասեմ։ Մոտ 11 հոգի ենք։ Էդ խցերի մասին սաղը գիտեն հիմնարկում։ Դաժե դրսում գիտեն։ Մեր երկարատև, կարճատև տեսակցությունների սենյակներն էլ են առանձին։ Ստեղ սաղիս մեջքին նույնասեռականի յառլիկն ա, պիտակն ա։

Օրական երկու ժամ չվարձատրվող աշխատանք ենք անում։ Սաղս էլ անում ենք՝ կապ չունի կալանավոր ա, թե դատապարտյալ։ Մենք, մաքրություն անելով, օգտակար ենք լինում։ Դրա համար էլ մեզ հարգում են։ Այսինքն՝ մեզ չեն վերաբերվում մեր անունին համապատասխան»։

Նույնասեռական ազատազրկված անձ, «Նուբարաշեն» ՔԿՀ

Դատապարտյալների հիվանդանոց»-ում հիմա մոտ 10 հոգի ենք․ թերապիայի բաժնում՝ 5, վիրաբուժականում՝ 2, թոքախտաբանականում՝ 5 (ոչ բոլորն են հիվանդ)։ Ստեղ տարածքն ենք ավլում, զիբիլն ենք հավաքում, այգին ենք փորում, քաղհանում։ Դրա դիմաց պալաժենին մեզ սիգարետ, ուտելիք ա տալիս։ Ճաշը մեր ամանով ճաշարանից առանձին վերցնում ենք:

Սկզբում «Նուբարաշեն»-ում եմ էղել։ Երևելի բան չկա ընդեղ։ Աշխատողները ասում էին՝ նվեր ենք ստացել՝ արվամոլ ենք բերում խուց։ Բայց ստեղ ռեժիմը փափուկ ա։ Ստեղ չեն կոտրում, չեն ստորացնում։

 Նույնասեռական ազատազրկված անձ, «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ

Մեր խցերում հիմա 30-ից ավել մարդ ա մնում։ Մեր կարանտինային խցերն ու պատժախցերն էլ են ստեղ առանձին։ Մենք հանցագործ աշխարհից դուրս ենք։ Դրա համար օբշյակին փող չենք տալիս։ Ճաշարանին, սպասքին, հացին չենք կպնում։ Մեր ճաշը օբշիից չեն լցնում։ Մեր կաթսան առանձին ա։ Լվացքատան մեքենան էլ ա առանձին։ Մենք իրանց չենք կարա ձեռքով բարև տանք։ Մեզնից մենակ կոֆե, սիգարետ վերցնում են, եթե տուփը փակ ա։

Գրադարանից օգտվում ենք, բայց ստեղ տարբեր խմբակներ էլ կան՝ համակարգչային, կավագործության, հայոց լեզվի և գրականության, օտար լեզվի։ Մեզ խմբակներում չեն ընդգրկում։ Մենք մենակ աշխատանքի մեջ կանք։ Մաքրություն ենք անում։ Դրա դիմաց մեզ լավ են վերաբերվում։ Օրինակ, ներքին կարգով մեր դուռը բաց են թողնում։

Նույնասեռական ազատազրկված անձ, «Արմավիր» ՔԿՀ

Ստեղ հիմա մոտ 100 հոգի կին կա։ Մենակ ես եմ լեսբիանկա։ Ստեղ նույնասեռականին տենց են ասում։ Մի պահ դիմել էի պետին, որ ընկերուհուս հետ առանձնացնեին։ Ուզում էինք հանգիստ ապրեինք, առանց մնացածների հետ կոնֆլիկտների։ Հետո էլ որ մնացածները չասեին՝ վատ ենք զգում, որ մեր ներկայությամբ ընկերուհուդ գրկում ես։ Էդ վախտ աշխատողների ու դատապարտյալների միջև շփումը շատ էր։ Իրար հետ նստում, կոֆե էին խմում։ Դե աշխատողների 90-95 տոկոսն էլ գեղացի են։ Հետևներիցս բամբասում էին։ Բայց հետո պետը խստացրեց։ Աշխատողները դատապարտյալների հետ էլ չեն նստում, խոսում։ Էլ ավելորդ չեն կպնում մեզ, ռեպլիկներ չեն անում։

Նույնասեռական ազատազրկված անձ, «Աբովյան» ՔԿՀ, Աղբյուրը

Սակայն նույն խցում և կարգավիճակում գտնվողներից ոչ բոլորն են իրենց նույնականացնում որպես նույնասեռական։ «Քրեական» օրենքներին չենթարկվող կամ դրանք խախտած, որոշակի հանցագործություններ կատարած ազատազրկված անձինք ևս պահվում են նույնասեռականների համար նախատեսված խցերում։

Կան մարդիկ, որ նույնասեռական են։ Բայց կան մարդիկ, որ նույնասեռականի անվան տակ են ապրում։ Այսինքն՝ նենց գործողություն են կատարել գաղութում, որ ասել են գնա, մտի էդ տեղը։ Օրինակ՝ օբշյակի անձեռնմխելի գումարը գողացել ա, միասեռականին բարև ա տվել ձեռքով կամ հետը հաց ա կերել։ Ասում են՝ էդքան շատ ես ուզում հետները շփվես, իրանց ուտելիքը կիսես, գնա ընդեղ։

Բանտում կարան նաև ինչ-որ ձևով փչացնեն։ Պարտադիր չի, որ բռնաբարեն։ Կարան սեռական …. զոռով քսեն ձեռքին, հետևին կամ դեմքին, ասեն՝ ֆսյո, փչացրինք քեզ, գնա ընդեղ։ Միասեռականի պիտակը, յառլիկը կպցնում են։ Ու ինքը արդեն չի կարա ոչ մի բան անի։ Արդեն ընկել ա էդ բրիգադը։ Հանցագործ աշխարհում նույնասեռական տերմինը լրիվ ուրիշ ա, խարան ա ամբողջ կյանքի համար։

Մեկը առաջին անգամ էր դատվել։ Մինչև ազատազրկվելը ոչ կլասիկ ձևի սեքս էր ունեցել իրա կնոջ հետ։ Գաղութում խոսակցության մեջ միամիտ-միամիտ ասել ա դրա մասին։ Ասել են՝ դու տենց ես, դավայ գնա տեղ։ Բայցինքը միասեռական չէր։ Մեկն էլ ինվալիդ էրեխու վրա էր սեռական ոտնձգություն արել։ Էլի քցել էին դրանց խուց։ Մարդ էլ կար, որ սկզբում մայրասպանության համար բերել էին, քցել էին ընդեղ, բայց ընթացքում դառել էր նույնասեռական։

Նախկին դատապարտյալ, «Նուբարաշեն» ՔԿՀ

Ղարաբաղից մի ջահելի էին բերել։ Ծառայող ա եղել։ Բռնաբարության գործ էր։ Ծառայության ժամանակ․․․ Դրան Շուշիում միանգամից քցել էին նույնասեռականների մոտ։ Ինքը չի իմացել՝ իրան ուր են մտցրել։ Երկրորդ օրը պրագուլկի ժամանակ տեսել ա, որ իրան ուրիշ ձևի են վերաբերվում։ Մինչև հասկացել ա, ճվացել, լացել․․․ արդեն ուշ ա էղել։ Իրան արդեն քցել էին ընդեղ, վերջ։

Նախկին դատապարտյալ, «Սևան» ՔԿՀ, Աղբյուրը

ՀՀ քրեակատարողական օրենսգիրքը նախատեսում է, որ դատապարտյալը իր համաձայնությամբ և հիմնարկի պետի որոշմամբ առանց վարձատրության կարող է ներգրավվել հիմնարկի կամ դրան հարող տարածքների բարեկարգման աշխատանքներում՝ ոչ հանգստյան ժամերին և օրական երկու ժամից ոչ ավել։ Հիմնարկի պետի որոշման մեջ նշվում են աշխատանքի ընդունման օրը, վայրը, կատարվող աշխատանքներում ներգրավվող դատապարտյալների թիվը, աշխատանքի բնույթը և իրականացման ժամանակահատվածը։ Ի դեպ, «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» ՀՀ օրենքը արգելում է կալանավորված անձանց չվարձատրվող աշխատանքներում ներգրավելը՝ բացառությամբ սանիտարահիգիենիկ աշխատանքների:

ԼԳԲՏ ազատազրկված անձինք ևս ներգրավվում են չվարձատրվող աշխատանքներում, բայց ի տարբերություն մյուսների՝ կատարում են ամենա նվաստացուցիչ աշխատանքները։

«Նուբարաշեն» և «Սևան» ՔԿՀ-ի նախկին դատապարտյալները մեզ հետ հարցազրույցում ավելի մանրամասն են ներկայացրել իրավիճակը։

Իրանք ամենա կեղտոտ աշխատանքներն են անում՝ զոնը, միջանցքները, զբոսահրապարակը, հանձնուքի տեղն են ավլում, սիգարետների մնացորդներն են հավաքում, կանալիզացիան են մաքրում, աղբահանությունն են անում, աղբը սանիթեքի մեքենաների մեջ են տեղափոխում։

Օրինակ՝ լողանալիս շամպունը ընկնում ա գետնին ու կոյուղին պարալիզացվում ա։ Իրանցից բացի ոչ մեկը դա չի անի։ Դրանց են կանչում, 1000-2000 դրամ կամ 1000 դրամ ու սիգարետ են տալիս, դրանք էլ թևները քաշում են, կանալիզացիան բացում, իրանց փողը վերցնում ու գնում։

Բայց ուրիշների խցի ներսը չեն մաքրում։ Խցի ներսում մեկին գտնում են, որ մաքրել տան։ Կարող ա ռեմոնտ լինի, ասեն՝ արի ստեղ լվա, բաղնիքը մաքրի։ Իրանք մենակ խցերի զիբիլն են թափում։ Գալիս են, էդ վալչոկի դեմը կանգնում են՝ կամ հազար դրամ են տալիս, կամ էրկու պաչկա սիգարետ, կամ ուտելիք։

Մի անգամ էդ փտած բերդը կեղտի մեջ կորել էր, քանի որ իրանց մոտից հեռախոս էին տարել, իրանք էլ բունտ էին արել՝ չէին մաքրում։ Էդ աշխատանքներն անելը իրանց առօրյան հեշտացնում ա։ Դա էդ համակարգում խաղի կանոններից մեկն ա, հանրային գործարք ա։

Նախկին կալանավորված անձ, «Նուբարաշեն» ՔԿՀ

Իրանց ճաշարան չեն էլ թողնում, սննդին մոտիկ չեն թողնում, հանձնուքներին մոտիկ չեն թողնում։ Իրանք զբաղվում են զուտ իրանց գործով՝ էդ հավաքարարի գործն ա, որի համար էլ իրանք «վճարվում են»։

«Սևան»-ում ամեն պռախոդում չորս հոգի են քնում։ Տեղ մի կամ երկու հատ զիբիլի վեդրո ա լինում դրած։ Իրանք գալիս են, առավոտները էդ սաղվեդրոները դատարկում են։ Ամեն ամիս իրանց ամեն պռախոդ փող ա տալիս դրա համար՝ 500 դրամ։ Մի կացարանում կարա 8 կամ 10 պռախոդ լինի։ Եթե զուգարան մաքրելու գործ ա լինում, առանձին են վճարում՝ 1000-2000 դրամ։

Նախկին դատապարտյալ, «Սևան» ՔԿՀ

«Իրավական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի հարցումներին ի պատասխան՝ ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունից պարզաբանել են, որ ԼԳԲՏ ազատազրկված անձանց թիվը հայտնի չէ, քանի որ նրանց առանձին հաշվառում չի կատարվում՝ տարբերակված վերաբերմունք չդրսևորելու համար: Մինչդեռ քրեակատարողական հիմնարկներից ստացված հարցումների պատասխանները հակասական տեղեկատվություն են պարունակում։

Այսպես, «Աբովյան», «Արթիկ» և «Արմավիր» ՔԿՀ-ներից պատասխանել են, որ նույնասեռական անձանց հաշվառում չեն կատարում: «Գորիս», «Դատապարտյալների հիվանդանոց» և «Հրազդան» ՔԿՀ-ներում ազատազրկված անձինք անջատ են պահվում օրենքով նախատեսված ընթացակարգով: «Երևան-Կենտրոն»-ում նույնասեռական ազատազրկված անձինք չեն եղել, իսկ «Վարդաշեն»-ում նույնասեռական անձանց համար նախատեսված խուց գոյություն չունի:

«Կոշ»-ում դատապարտյալները բնակվում են հանրակացարանային պայմաններում։ Նույնասեռական անձինք բնակվում են ոչ թե առանձին, այլ մնացած դատապարտյալների հետ՝ հավասար իրավունքներով։

Իրենց դիմումի համաձայն 2017թ․ դեկտեմբեր-2018թ․ հուլիս ժամանակահատվածում «Վանաձոր»-ի 5 դատապարտյալ պատիժ են կրել մյուս դատապարտյալներից առանձնացված խցերում։ Նույն ժամանակահատվածում «Նուբարաշեն»-ում պահվել են մոտ 8 նույնասեռական անձինք, իսկ «Սևան»-ում նույնասեռականների համար նախատեսված կացարանում պատիժ է կրել 7 դատապարտյալ։

Հակառակն է փաստում նաև Դիտորդների խմբի ահազանգերի և այցերի վիճակագրությունը։ Այսպես, 2017-2018թթ․ ԼԳԲՏ ազատազրկված անձանցից ստացվել է 25 ահազանգ, որոնց հիման վրա կատարվել է 19 այցելություն։ Ամենաշատ ահազանգերը ստացվել են «Նուբարաշեն»-ից՝ 15, և «Արմավիր»-ից՝ 7։ «Դատապարտյալների հիվանդանոց»-ից 2 ահազանգ է ստացվել, «Աբովյան»-ից՝ 1։ 19-ը այցելությունից 14-ը «Նուբարաշեն» ՔԿՀ է կատարվել, 1-ը՝ «Աբովյան»։ Իսկ 2-ական այցելություններ կատարվել են «Արմավիր» և «Դատապարտյալների հիվանդանոց»։

Ահազանգերը վերաբերել են ԼԳԲՏ ազատազրկված անձանց առողջության հետ կապված խնդիրներին, պահման պայմաններին, անվտանգության, տարբեր պատճառներով կատարված ինքնավնասումների և վարչակազմի կողմից դրսևորվող խտրական վերաբերմունքի դեպքերին։

Այդուհանդերձ, նշված խմբի անձինք խուսափում են բարձրաձայնել իրենց իրավունքների ոտնահարման դեպքերի մասին մի քանի պատճառներով։ Նախ՝ ՀՀ օրենսդրությունը արդյունավետ պաշտպանության միջոցներ չի տրամադրում։ Այնուհետև նրանք չեն ցանկանում բացահայտել իրենց կարգավիճակը կամ իրենց նկատմամբ վատ վերաբերմունքը չեն ընկալում որպես խնդիր։

Սեռական կողմնորոշման և գենդերային ինքնության հիմքով խտրականության ենթարկվող անձինք չունեն իրավական պաշտպանության միջոց:

Հայաստանը չունի խտրականությունն արգելող օրենք։ Ճիշտ է, 2018թ. փետրվարին ՀՀ արդարադատության նախարարությունը մշակել և շրջանառության մեջ է դրել «Իրավահավասարության ապահովման մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որը, սակայն, դեռևս չի ընդունվել և ըստ էության չի համապատասխանում հակախտրական օրենսդրության համար սահմանված միջազգային և եվրոպական նվազագույն չափանիշներին: Ի թիվս այլ խնդրահարույց կետերի՝ նախագծում խտրականության արգելքով պաշտպանված հիմքերը սահմանափակ են և չեն պաշտպանում սեռական կողմնորոշման և գենդերային ինքնության հիմքով խտրականության ենթարկվող անձանց։

ՀՀ Սահմանադրությունը և քրեակատարողական ոլորտը կարգավորող օրենսդրությունը պարունակում են խտրականությունը արգելող դրույթներ, սակայն դրանք դրվագային ու ոչ համապարփակ բնույթ են կրում և չեն տրամադրում իրավական պաշտպանության մեխանիզմներ: Մյուս կողմից էլ պետության համար այդ խնդիրները հրատապ ու առաջնային չեն և որևէ կերպ ներկայացված չեն ոլորտին վերաբերող զեկույցներում ու քաղաքականության փաստաթղթերում։

Օրինակ՝ Մարդու իրավունքների պաշտպանի տարեկան հաղորդումներում և հատուկ զեկույցներումներառական կերպով է անդրադարձ կատարվում փակ հաստատություններում գտնվող բոլոր անձանց իրավունքներին։ Կառուցվածքային առումով դրանք բաժանված չեն ըստ անձանց առանձին խմբերի։ Ուստի այնտեղ ԼԳԲՏ ազատազրկված անձանց իրավունքների խախտման մասին տեղեկատվություն հնարավոր չէ գտնել։

Այսպիսով, առկա օրենսդրական բացերի պատճառով քրեակատարողական հիմնակներում սեռական կողմնորոշման և գենդերային ինքնության հիմքով խտրականության դրսևորումները պատշաճ իրավական որակում չեն ստանում, և դրանց արդյունավետ քննություն չի կատարվում։

Հետևանքը լինում է այն, որ մնացած ազատազրկված անձանց և քրեակատարողական հիմնարկների աշխատակիցների կողմից ԼԳԲՏ անձանց նկատմամբ դրսևորվող անհանդուրժող վերաբերմունքը, խարանը և խտրական վերաբերմունքը, որոնք համակարգային բնույթ են կրում, հանգեցնում են էապես անբարենպաստ և անբավարար պայմանների ստեղծմանը, ինչը հետագայում խոչընդոտներ է առաջացնում նաև հասարակության մեջ վերաինտեգրվելիս։

Նարե Հովհաննիսյան, «Իրավական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի նախագահ
սկզբնաղբյուր՝ Հետք