Կալանավայրերից ազատ արձակվելուց հետո հարկավոր է համալիր աշխատանք անցկացնել, քանի որ մարդու մտքերը, վարքը և հույզերը ենթարկվել են փոփոխությունների, սակայն պետք չէ կարևորել միայն հոգեբանական աշխատանքը և սահմանափակվել դրանով։ Այս մասին համաներման թեմայով մամլո ասուլիսի ժամանակ խոսել է «Սոցիալական հասարակություն» կազմակերպության նախագահ Արայիկ Գասպարյանը։
«Պետությունը նախկին ազատազրկվածների երաշխավորն է՝ հետևաբար պետք է մաքսիմալ կերպով լուծի նրանց վերաինտեգրման հարցը։ ՔԿՀ-ից դուրս գալով նախկին դատապարտյալներից շատերը ունենում են կացարանի խնդիր, իսկ մեր երկրում գործում է միայն թիվ 2 տուն-ինտերնատը, որը 2 ամսով կացարաններ է տրամադրում ՔԿՀ-ից վերադարձած անձանց համար։ Հիմա ստացվում է ինչ․ մենք տալիս ենք հոգեբանական, իրավական, սոցիալական աջակցությունների և խորհրդատվությունների բլոկ, սակայն ի՞նչ օգուտ, եթե մարդը ասում է, որ քնում է կանգառում»։
Գասպարյանը նաև կարևորեց 7-9 վարչական շրջաններում ունենալ առնվազն 3-4 կացարաններ, նաև նախկին դատապարտյալների համար, սակայն ոչ միայն նրանց համար նախատեսված, քանի որ դա կլինի անթույլատրելի պիտակավորում։
Իրավապաշտպան Զառուհի Հովհաննիսյանը ավելի շատ խոսեց խնդիրների մասին, որոնց բախվում են կանայք ՔԿՀ-ից դուրս գալուն պես։ «Հասարակությունը պատրաստ չէ ընդունելու ազատազրկվածության խարանով մարդուն։ Ի տարբերություն տղամարդկանց, ում ընտանիքները հիմնականում համբերատար սպասում են, կանանց մոտ կապը շատ հաճախ խզվում է․ ամուսինները լքում են նրանց, երեխաները հեռանում, իսկ ընկերները երես թեքում»։
Ասուլիսի մյուս մասնակից փաստաբան Արայիկ Պապիկյանը, հակադարձելով արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանի ավելի վաղ հնչեցրած մտքին, որ բյուջեում չկան գումարներ նոր ՔԿՀ-ներ կառուցելու համար, առաջարկում է տարբեր դոնոր կազմակերպություններից վարկեր վերցնել և այդ միջոցները ուղղել մանկապարտեզները ու դպրոցները վերազինելու համար, որպեսզի երիտասարդ սերունդը անգամ չիմանա թե ինչ է ՔԿՀ-ն, այլ ոչ թե միջոցներ հայթայթել քրեակատարողական հիմնարկներ կառուցելու համար։
«Նուբարաշենի, Գորիսի և մյուս ՔԿՀ-ները պետք է մնան պարզապես որպես հուշարձաններ։ Համաներումը նվեր է՝ մարդասիրական վերաբերմունք, հետևաբար չպետք է այդ մարդկանց թողնել փողոցում», – հավելել է Պապիկյանը։
Ասուլիսի ավարտին բանախոսները ևս մեկ անգամ շեշտեցին հասարակության մեջ արատավոր կարծրատիպերի հաղթահարման կարևորությունը։ Դրանց նախկին դատապարտյալները բախվում են գրեթե անընդհատ, և ներկայումս, երբ հարյուրավոր մարդիկ արդեն դրսում են և ստեղծվել է ֆորս մաժորային իրավիճակ, հասարակությունը և կառավարությունը պետք է քայլեր ձեռնարկեն, որպեսզի ազատության մեջ հայտնված անձանց հեռու պահի կրկնահանցագործություններից։