հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Ազգային ժողով / Համաներման նախագիծը շարունակում է քննադատվել

Համաներման նախագիծը շարունակում է քննադատվել

Այս համաներումը աննախադեպ չէ և ընդհանուր առմամբ նման է 2013թ․-ի համաներմանը։ Այս կարծիքն են հայտնել մի շարք փաստաբաններ Էրեբունի-Երեւանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի առաջին հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ հայտարարված համաներման նախագծի հրապարակումից հետո։

Մի խումբ քաղաքացիներ հոկտեմբերի 25-ին բողոքի ակցիա են իրականացրել Կառավարության շենքի մոտ։ Նրանք ևս հայտարարել են, որ համաներումը բացառիկ չէ, ինչպես հայտարարված էր, և չի տարածվում իրենց հարազատների վրա։ Ակցիայի մասնակիցները խոսել են մասնավորապես «մարդու առևանգման», «պոռնկության նպաստման», «թմրամիջոցների իրացման» հոդվածներից, որոնք դուրս են մնացել նախագծից։

«Կոնկրետ ես կարդացել եմ համաներման նախագծի առաջին կետը, էնտեղ գրված է, որ ազդում է երեք տարվա ժամկետով ազատազրկվածների վրա։ Վեց տարի՝ այն դեպքում, երբ մարդիկ կամ անչափահաս երեխաներ ունեն՝ ընդ որում երեք կամ հաշմանդամ են և այսպես շարունակ», – azatutyun.am-ի եթերում ասել է ակցիայի մասնակիցներից մեկը։

Ակցիայի մեկ այլ մասնակից նշել է․ «Իմ ամուսնու վրայի հոդվածը՝ 268-ի 3-րդ մաս (առանձնակի խոշոռ չափերով թմրամիջացների կամ հոգեմետ նյութերի շրջանառություն առանց իրացնելու նպատակի` 2-6 տարի ազատազրկում), անորոշություն է, չգիտեմ՝ իրա հոդվածի վրա կկիրառվի՞, թե չէ»։ Ներկաները պահանջել են, որ այն հոդվածները, որոնցով դատապարտվել են իրենց հարազատները, նույնպես ներառվեն նախագծում։

«Գոնե հիմա ինձ համար ակնհայտ անհասկանալի է, թե ինչն էր բացառիկ։ Մարդիկ սպասում են բացառիկ էն դեպքում, եթե, օրինակ, այն հոդվածներով, որոնցով տարածվել է մինչև 3 տարին պատժից ազատելը, դա լիներ 5 տարի։ Այ սա կլիներ բացառիկ համաներում, – ասել է փաստաբան Լուսինե Սահակյանը։ – Չի սահմանվել համաներման մեջ այն անձանց նկատմամբ համաներման կիրառումը, որոնք սպասում են երեխաների։ Հղի կնոջ նկատմամբ սահմանվել է, բայց նրա ամուսնու նկատմամբ չի սահմանվել։ Նախկինում էլ է էդպես եղել, բայց տրամաբանությունը էդպես չպիտի լինի։ Դուք պատկերացնում ե՞ք, եթե երեխան մի քանի օր շուտ ծնված լիներ, համաներումը նրա նկատմամբ կտարածվեր, բայց քանի որ մի քանի օր հետո է ծնվելու, չի տարածվում։ Ես կարծում եմ, որ տեքստում նաև էսպիսի ձևակերպումներ պետք է լինեն, որ երեխա սպասող ծնողների նկատմամբ պետք է տարածվի։

Ինչպես նախորդ համաներման մեջ, այնպես էլ այս դեպքում տեղ համաներման մեջ չի տարածվել համաներումը, օրինակ, 104 հոդվածի 2-րդ մասի 12- րդ կետի վրա, որը նախատեսում է, որ, օրինակ, բռնաբարությամբ կատարված սպանության պարագայում չի տարածվում, բայց եթե հաշվենք, որ անձը տասը անձ է սպանել, տվյալ անձի հանդեպ համաներումը կիրառելի է, բայց էն անձը, որը բռնաբարությամբ կամ սեռական գործողությունների հետևանքով է, տվյալ անձի նկատմամբ կիրառելի չէ։ Ի՞նչ տրամաբանություն կա սրա մեջ․ ոչ մի տրամաբանություն»։

Փաստաբանը նշել է՝ ուրախ է, որ գոնե համաներման տեքստը հիմա հրապարակված է և մինչև Ազգային Ժողովում քննարկվելը հնարավորություն կլինի այս հարցերը բարձրացնելու։

Այսօր Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը հայտարարություն է տարածել, որ հոկտեմբերի 29-ի ԱԺ արտահերթ նիստի օրակարգից հանում է Համաներման մասին նախագիծը։

Նախագիծը նիստի օրակարգից հանվել է, քանի որ ԱԺ նախագահին պետք է դիմեին նիստից հինգ օր առաջ, իսկ հոկտեմբերի 29-ին սահմանված հինգ օրը չի լրանում, ինչը, ըստ Բաբլոյանի, օրենքի խախտում է։

Ըստ երևույթին, այս հարցով արտահերթ մեկ այլ նիստ կհրավիրվի։