հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Տեսանյութեր / Ինչու և ինչպես են Հայաստանում համաներում հայտարարում․ քննարկում

Ինչու և ինչպես են Հայաստանում համաներում հայտարարում․ քննարկում

Համաներումը պետք է իրականացվի ժողովրդի կամքով, և ժողովուրդը որպես իշխանության կրող, որպես իր հզորության արտահայտում իր մեծահոգությունը պետք է արտահայտի հանրության դեմ ոտնձգություն կատարած անձանց ներելու համար։ Այսօր «Մեդիա կենտրոնում» համաներման խնդրին վերաբերող քննարկման ժամանակ այս մասին ասել է իրավապաշտպան Արտակ Զեյնալյանը։

«Իշխանությունների համար համաներումը պատրվակ է բանտերը բեռնաթափելու։ Մեր արդարադատական համակարգը լծված է բանտերը լցնելու ֆունկցիայով։ 8 հոգանոց խցում 9-րդը չի կարող նստած լինել։ Դա կտտանք է, խոշտանգում», ֊ ասել է Զեյնալյանը։

Նրա խոսքով՝ համաներման երևույթն արժեզրկված է, իսկ Հայաստանի հասարակությունն անարդար է։

«Հայաստանում հանցագործությունների զգալի մասն իրականացվում է ենթագիտակցաբար, որպես բողոքի ակցիա, որպես ըմբոստություն անարդար հասարակության դեմ», ֊ ասել է իրավապաշտպանը։

Անդրադառնալով այն հարցին, որ համաներումները տոների կապակցությամբ են հայտարարվում՝ Զեյնալյանը նշել է, որ, այնուամենայնիվ, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ համաներում կարող է հայտարարվել որպես համընդհանուր եղբայրության ակտ։

Փաստաբան Լուսինե Սահակյանի խոսքով՝ համաներման անհրաժեշտություն կա, քանի որ ոչ մի այլ բան չի արվում բանտերի գերծանրաբեռնված վիճակը փոխելու համար։

Նա ներկայացրել է՝ ինչպես են իրականում պատրաստվում համաներման տեքստերը։ Սահակյանը նշել է, որ ՔԿՀ֊ներից նախապես հավաքում են դատապարտյալների ցուցակները, հաշվարկում են, թե որ հոդվածներով պետք է համաներում հայտարարել բանտերը որոշակիորեն բեռնաթափելու համար, և տվյալ պայմաններում էլ համաներման տեքստը կազմվում է։ Փաստաբանը նման վիճակը խայտառակություն է որակել։

«Չեն ներառվում այն անձանց հոդվածները, ովքեր քաղաքական հետապնդումների են ենթարկվում։ Կամ հակառակը․ մենք գիտենք, որ Մարտի 1-ի քաղաքական հետապնդումների ենթարկված անձանց որպեսզի ազատ արձակեն, հատուկ համաներման տեքստում համապատասխան հոդվածներ ներառվեցին։ Այսինքն, այդ տեքստը կազմվում է ոչ ըստ անհրաժեշտության, չկա քաղաքականություն՝ որ հոդվածները կարելի է հետևողականորեն ներել, իսկ որոնք՝ ոչ: Հայաստանի Հանրապետությունում այդպես չէ»,֊ասել է Լուսինե Սահակյանը։

Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանն էլ նկատել է, որ Հայաստանի իրավապահ համակարգը վրեժ է լուծում մեղադրյալին խիստ պատիժ սահմանելով տուժողի համար։ Իրականում, ըստ իրավապաշտպանի, մեխանիզմը պետք է այլ լինի՝ կարիք չկա վրեժ լուծել տուժողի փոխարեն։ Պետք է ստեղծել այնպիսի պայմաններ, որ դատապարտյալը հնարավորություն ունենա աշխատել և տուժողին փոխհատուցել։