Արցախի Ազգային ժողովի պատգամավոր, Միացյալ Հայաստան կուսակցության առաջնորդ Վահան Բադասյանը բերման է ենթարկվել ԱԱԾ: Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը նշել է, որ հետագա գործողությունների մասին լրացուցիչ կհայտնեն:
Այսօր ավելի վաղ Բադասյանը Բանակի օրվա առթիվ Եռաբլուր կատարած իր այցելության ժամանակ լրագրողների հետ խոսելիս ասել է, որ ՀՀ վարչապետին անհրաժեշտ է «հեռացնել ոչ միայն որպես պարտության սիմվոլ, այլ նաև թշնամի»
Հեռացնելու տարբերակների մասին հարցին ի պատասխան բանախոսը նկատել է՝ ընդհուպ մինչև ֆիզիկապես հեռացնելը․ «Այսինքն դա ենթադրում է, որ թշնամուն պետք է մենք վերացնենք։ Այո, զենքի միջոցով նաև։ Այո, ես սպառնալիքի կոչեր եմ անում, ես գիտակցաբար եմ անում և թող ինձ ԱԱԾ-ն ձերբակալի, այո։
Ես թշնամուն սպառնալիք եմ տարածում, որովհետև թշնամուն ցանկանում է․․․ ցանկացած ձեզնից որևէ մեկը թշնամուն պիտի ցանկանա ոչնչացնել»։
Ըստ նրա՝ դա պետք է անեն անհատները․ «Ես մեկը պատրաստ եմ դա անել։ Նախ, պետք է մենք մաքրենք երկիրը թշնամուց, հետո մյուս հարցերը լուծենք»։
Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի «ակտիվանալու» մասին հիշատակելով, լրագրողները հարցրեցին՝ հնարավո՞ր է արդյոք, որ Բադասյանը վերջինիս հետ համագործակցի։ «Ես որպես ազգային ուժի ներկայացուցիչ, – պատասխանել է Բադասյանը, – միանշանակ բացառում եմ և՛ հներին, և՛ այս մի տականքին»։
Ավելի վաղ Քոչարյանը ընտրություններին մասնակցելու պատրաստակամություն էր հայտնել։