Ազգային անվտանգության ծառայությունը մեղադրանք է առաջադրել Արցախի Ազգային ժողովի նախկին պատգամավոր Վահան Բադասյանին։ Բադասյանը մեղադրվում է իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչեր հնչեցնելու հատկանիշներով (Քրեական օրենսգրքի 306-րդ հոդված)։ ԱԱԾ միջնորդել է դատարանին՝ Բադասյանին կալանավորելու համար։ Այս մասին «Ազատությանը» հայտնեց վերջինիս պաշտպան Արայիկ Պապիկյանը։
Բադասյանը չի ընդունում մեղադրանքը։
Երեկ «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողների հարցերին պատասխանելիս Բադասյանը վարչապետին զենքով վերացնելու կոչեր էր հնչեցրել։ Բանակի օրվա առթիվ Եռաբլուր կատարած իր այցելության ժամանակ լրագրողների հետ զրույցում նա ասել է, որ ՀՀ վարչապետին անհրաժեշտ է «հեռացնել ոչ միայն որպես պարտության սիմվոլ, այլ նաև թշնամի»։
Հեռացնելու տարբերակների մասին հարցին ի պատասխան բանախոսը նկատել է՝ ընդհուպ մինչև ֆիզիկապես հեռացնելը․ «Այսինքն դա ենթադրում է, որ թշնամուն պետք է մենք վերացնենք։ Այո, զենքի միջոցով նաև։ Այո, ես սպառնալիքի կոչեր եմ անում, ես գիտակցաբար եմ անում և թող ինձ ԱԱԾ-ն ձերբակալի, այո։ Ես թշնամուն սպառնալիք եմ տարածում, որովհետև թշնամուն ցանկանում է․․․ ցանկացած ձեզնից որևէ մեկը թշնամուն պիտի ցանկանա ոչնչացնել»։