Ռուսաստանի իշխանությունները եվրոպացի երեք դիվանագետներին ճանաչել են persona non grata. մոտակա ժամանակներում նրանք կարտաքսվեն։
Շվեդիայի, Լեհաստանի և Գերմանիայի դիվանագիտական ներկայացուցչության աշխատակիցները, ըստ ՌԴ արտգործնախարարության, մասնակցել են հունվարի 23-ի բողոքի ցույցերին՝ ի աջակցություն ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնու։
Ինչպես նշվում է երկրի ԱԳՆ հաղորդագրության մեջ՝ «կանչվել են Շվեդիայի Թագավորության դեսպանը, Լեհաստանի Հանրապետության հարցերով ժամանակավոր հավատարմատարը և Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանատան սուրհանդակը»։
Արտաքսման որոշման նույն օրը Ռուսաստան է այցելել Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը։