44-օրյա պատերազմում զոհված Մխիթար Գալեյանի հայրը՝ Գարիկ Գալեյանը, երեկ ուշ երեկոյան ազատ է արձակվել։ Նրա եղբայր Արթուր Գալեյանը ձերբակալված է․ նրան կալանավորելու մասին միջնորդությունն արդեն դատարանում է։
Քննչական կոմիտեն պնդում է, որ Գալեյան եղբայրները և քաղաքացի Ազգուշ Մարտիրոսյանը մայիսի 17-ին մտել են Երևանում գործող զորամասի տարածք, հայհոյել, քաշքշել և բռնության ենթարկել զորամասի հրամանատարի տեղակալին՝ պլաստմասե շշով հարվածելով վերջինիս դեմքին։
Գալեյան եղբայրները մասնակցում են ընդդիմության՝ ամսվա սկբզից մեկնարկած բողոքի արշավին։ Մինչ այդ Գարիկ Գալեյանը միացել էր ԱԱԾ նախկին պետ, «Պատիվ ունեմ» խմբակցության նախագահ Արթուր Վանեցյանի ապրիլյան նստացույցին։
Զոհված զինծառայողների մի խումբ հարազատների հետ նրանք պարբերաբար բողոքի ցույցեր են անում իրավապահ մարմինների շենքերի մոտ՝ պահանջելով հարցաքննել, մեղադրանք առաջադրել և ձերբակալել վարչապետ Նիկոլ Փաշինյանին։
Մայիսի 17-ին Երևանյան զորամասերից մեկի տարածքում միջադեպ է գրանցվել։
Նախօրեին Վանեցյանը, ով ընդդիմության այս արշավի առաջնորդներից մեկն է, Ֆրանսիայի հրապարակում հայտարարել էր, թե միջադեպը տեղի է ունեցել զինվորական քննչական վարչություն մոտ․ Գալեյան եղբայրները զինծառայողների մի խումբ հարազատների հետ այնտեղ բողոքի ցույց էին անում։
Կոնկրետ ինչ է տեղի ունեցել՝ Վանեցյանը չի ասել։ Ըստ նրա, ցուցարարները, ինչպես և նախորդ օրերին, պահանջում էին «հարցաքննել այդ մարդուն», հետո նրանք «վրդովվել են, բողոքի ակցիա են իրականացրել», «ընթացքում դուրս է եկել մեկը՝ գնդապետի ուսադիրներով, Գարիկ Գալեյանը մոտեցել է և իր արդարացի պահանջն է ներկայացրել», «հետագայում պարզվել է, որ քննչական վարչության դիմացի շենքը՝ հինգ մետր հեռավորությամբ ընդհանուր բակով, դա ինչ-որ նորաստեղծ զորամաս է»։ Վերջում մեղադրանք է առաջադրվել։
Ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորները երաշխավորագիր էին ներկայացրել Քննչական կոմիտե, որ Գալեյանին ազատ արձակեն։ Նույն պահանջով Քննչական կոմիտեի մոտ նաև բողոքի ցույց էին անում ընդդիմության աջակիցները։
Կեսօրից հետո փաստաբան Վահան Հովհաննիսյանը հայտարարեց, որ Գալեյանի ինքնազգացողությունը կտրուկ վատթարացել է, շտապօգնության մեքենայով նրան տեղափոխել են «Աստղիկ» ԲԿ։
Երեկոյան հայտարարությամբ հանդես եկավ նաև Քննչական կոմիտեն․ Գարիկ Գալեյանն ազատ արձակվեց։
«Պաշտպանական կողմը ներկայացրել է փաստաթղթեր, որոնց համաձայն` Գարիկ Գալեյանի կնոջ՝ Ա.Գալեյանի մոտ հաստատվել է 29-30 շաբաթական հղիություն, ինչպես նաև Գարիկ Գալեյանի մոտ շուրջ 6 շաբաթ առաջ ախտորոշվել է «Սրտի իշեմիկ հիվանդություն, անկայուն ստենոկարդիա, սրտամկանի ինֆարկտ, իշեմիկ կարդիոմիոպատիա»․․․
Ձերբակալված Գարիկ Գալեյանի մոտ ախտորոշվել է «Ս.Ի.Հ. հիպերտոնիկ կրիզ», վերջինս ժամը 13:00-ի սահմաններում ընդունվել է ստացիոնար բուժման «Աստղիկ» բժշկական կենտրոնի սրտաբանական բաժանմունք։
Վերոգրյալով պայմանավորված, նկատի ունենալով, որ բացակայում է անձին արգելանքի տակ պահելու անհրաժեշտությունը, վարույթն իրականացնող մարմինը որոշում է կայացրել ձերբակալված Գարիկ Գալեյանին ազատ արձակել արգելանքից, վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է ստորագրություն չհեռանալու մասին», – պարզաբանել էր ՔԿ-ն։
Զորամաս ապօրինի մուտք գործելու, հրամանատարի տեղակալի նկատմամբ առերևույթ բռնություն գործադրելու, ծանր վիրավորանք հասցնելու դեպքի առթիվ քննվող քրեական գործի շրջանակներում Գարիկ Գալեյանին և նրա եղբորը՝ Արթուր Գալեյանին մեղադրանք է առաջադրվել ՔՕ 327.6-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 137.1-րդ հոդվածի 1-ին մասով և 316-րդ հոդվածի 1-ին մասով։
Արթուր Գալեյանը ձերբակալվել է, միջնորդություն է ներկայացվել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան՝ նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու համար: