Home / Բանակ / Պամիրցիների սպանությունը՝ Դուշանբեի հերթական «հակաահաբեկչական օպերցիան»

Պամիրցիների սպանությունը՝ Դուշանբեի հերթական «հակաահաբեկչական օպերցիան»

Տաջիկստանի արևելքում գտնվող Լեռնային Բադախշանը առավել հայտնի է որպես Պամիրի շրջան․ դե յուրե այն ինքնավար մարզ է համարվում, իսկ դե ֆակտո՝ արդեն տարիներ շարունակ գտնվում է Դուշանբեի կողմից սահմանված հատուկ ռեժիմի ներքո․ պամիրցիների նկատմամբ շարունակական ռեպրեսիաները կա՛մ չեն լուսաբանվում, կա՛մ ներկայացվում են որպես «հակաահաբեկչական գործողություն»։

«Հակաահաբեկչական» հերթական «գործողության» արդյուքնում մայիսի 18-ին տաջիկ ուժայինների կողմից առնվազն 8 մարդ է սպանվել, առնվազն 11-ը վիրավորվել են։ Կան 70-ից ավել ձերբակալվածներ։ Պաշտոնական Դուշանբեն նրանց ներկայացնում է որպես «ահաբեկչական խմբավորումների ակտիվ անդամներ»։  

Ստուգել այս տեղեկություններն ուղղակի հնարավոր չէ․ Պամիրում ինտերներտն ու հեռախոսային կապն անջատված են։

Տաջիկստանի ներքին գործերի նախարարությունն հաստատել է, որ չորեքշաբի առավոտյան Լեռնային Բադախշանի Ռուշանի շրջանում բախումներ են սկսվել կառավարական զորքերի և տեղի բնակիչների միջև․ վերջիններս, ըստ ՆԳՆ-ի, փակել էին մարզկենտրոն տանող ճանապարհը։

Մինչ հեռախոսային կապի խափանումը, տեղացիները «Օզոդի» ռադիոկայանին պատմել են, որ բողոքի ցույցերի մասնակիցները անզեն են եղել, զոհվել են Պամիրի խաղաղ բնակիչները։ Վկաների խոսքերով, տեղացի երիտասարդները փակել էին ճանապարհը, որով ուժայինները ռազմական տեխնիկա էին տանում մարզկենտրոն Խորոգ, որտեղ օրեր առաջ բողոքի ցույցեր էին սկսվել։

Տաջիկստանի Ներքին գործերի նախարարությունը պնդում է, թե ճանապարհ փակողները «կազմակերպված հանցավոր խմբավորման» անդամներ էին՝ շուրջ 200 մարդ՝ զինված «զենքի բոլոր տեսակներով»։ Նրանք, ըստ պաշտոնական վարկածի, զենքով, զինամթերքով և Մոլոտովի կոկտեյլերով հարձակվել են հատուկ հակաահաբեկչական վարչության մեքենաների շարասյան վրա․ զինծառայողներից մեկը զոհվել է, 13-ը՝ վիրավորվել։ 

«Օզոդի»-ի հետ զրույցում տեղացի բնակիչները պատմել են, որ մայիսի 18-ի վաղ առավոտյան ուժայիններն կրակ են բացել ճանապարհը փակած ցուցարարների վրա, ավելի քան 10 մարդ սպանվել է, կան տասնյակ վիրավորներ։ Հետագայում նրանց հետ կապը հաստատել այլևս չի հաջողվել։

Պամիրում իրավիճակը էսկալացվել էր դեռևս անցյալ տարվա նոյեմբերին․ մարզային նորանշանակ իշխանությունների (ԿԳԲ-ի նախկին բարձրաստիճան պաշտոնյայի գլխավորությամբ) նախաձեռնած հերթական օպերացիան այն ժամանակ ավարտվել էր տեղացի երիտասարդներից մեկի սպանությամբ։ Սպանվածի հարազատները նրա դին տարել էին Խորոգի կենտրոնական հրապարակ․ ժամեր անց այնտեղ բողոքի շուրջօրյա ցույցեր էին սկսվել։ Ոստիկանները ցուցարարների վրա կրակ էին բացել։ Բողոքի ալիքը ճնշվել էր տեղացի տղամարդկանց փաստացի ահաբեկմամբ և բազմաթիվ ձերբակալություններով։ Պամիրցիներն այն ժամանակ ևս ներկայացվում էին որպես «հանցավոր խմբավորումների» անդամներ և զինված ահաբեկիչներ։

Մայիսի 14-ից հետո իրավիճակը պամիրում կրկին սրվել է․ Խորոգի հարյուրավոր բնակիչներ դուրս են փողոց՝ պահանջելու Լեռնային Բադախշանի մարզի ղեկավար Ալիշեր Միրզոնաբոտի և Խորոգի քաղաքապետ Ռիզո Նազարզոդի հրաժարականը։ Նրանք պահանջում են ապառազմականացնել տարածաշրջանը՝ հեռացնել Խորոգում տեղակայված բլոկպոստերը, դադարեցնել մարզի բնակիչների հետապնդումը, ի վերջո հետաքննել նոյեմբերի դեպքերը, ազատ արձակել տասնյակ քաղբանտարկյալներին։ Բողոքի այս ցույցերը իշխանությունները փորձել են ճնշել, տեղական մեդիաները գրում են բռնությունների և բախումների մասին․ ցուցարարների նկատմամբ ռետինե փամփուշտներ և արցունքաբեր գազ է կիրառվել։ Տեղական մեդիաները գրում են բախումների մասին։ Պաշտոնական տվյալներով, դրանց ընթացքում սպանվել է Խորոգի բնակիչներից առնվազն մեկը։

250 հազար բնակչություն ունեցող Պամիրը գտնվում է Չինաստանի ու Աֆղանստանի սահմանին՝ Տաջիկստանի արևելքում։ Երկրի ամմենամեծ և ամենաաղքատ մարզն է, առանձնանում է իր էթնիկ պատմությամբ, լեզվով, կրոնով։ 2012 թվականից ի վեր այնտեղ կիսառազմականացված դրություն է։

Տե՛ս նաև Պամիրցիների նկատմամբ տեռորը փաթեթավորում են էթնիկ խնդիրներով․ հարցազրույց