Home / Համայնքներ / Պամիրցիների նկատմամբ տեռորը փաթեթավորում են էթնիկ խնդիրներով

Պամիրցիների նկատմամբ տեռորը փաթեթավորում են էթնիկ խնդիրներով

Տաջիկստանի արևելքում գտնվող Լեռնային Բադախշանի ինքնավար մարզը առավել հայտնի է որպես Պամիրի շրջան․ միջազգային լրահոսում այն հաճախ չի հայտնվում։ Կենտրոնական ապարատի ճնշումների մասին գրվում է բախումից բախում։ Նոյեմբերի վերջին, օրինակ, Պամիրում տաջիկ ուժայինների հատուկ օպերացիան ավարտվեց տեղացի երիտասարդներից մեկի սպանությամբ և բազմամարդ բողոքի ցույցերով, որոնք արագորեն ճնշվեցին․․․ Թեև պաշտոնական Դուշանբեն նախընտրում էր խոսել ժողովրդի անկարգության մասին, կցկտուր հաղորդումներից պարզ էր դառնում, որ ցուցարարների շրջանում կան զոհեր։ Հետագա բռնաճնշումների մասին իմանում էինք հիմնականում Կենտրոնական Ասիայում ապրող ընկերներից․․․ Հարցազրույցը՝ ներկայացված ստորև, տեղի է ունեցել դեկտեմբերին. անվտանգության նկատառումներից ելնելով այն հրապարակում ենք անանուն․

Epress.am — Պամիրում տեղի ունեցողի մասին քիչ բան է հայտնի։ Հաղորդվում է նոյեմբերի վերջին ուժայինների իրականացրած «հատուկ օպերացիայի», 29-ամյա Գուլբիդդին Զիյոբեկովի սպանության, մարզում զանգվածային ցույցերի և ձերբակալությունների մասին: Որ սպանությունը նախապատմություն ունի և որ այդ նախապտմությունն էլ իր՝ ավելի մեծ նախապատմությունն ունի՝ հասկացվում է սոցցանցերից միայն․․․

Նախապատմություն իսկապես կա՝ բարդ ու բազմաշերտ: Կա նաև պատմական համատեքստ: Չգիտեմ՝ ինչքանով են ձեզ մոտ տեղյակ Տաջիկստանի, քաղաքացիական պատերազմի մասին, որը սկսվեց Խորհրդային Միության փլուզումից անմիջապես հետո` սկզբում ինչ-որ գաղափարական տարաձայնությունների հիմքով, հետո արդեն էթնիկ հողի վրա․․․ 

Տաջիկստանը Կենտրոնական Ասիայի ամենափոքր երկներից մեկն է, բայց ունի բավականին խայտաբղետ էթնիկ պատկեր։ Պամիրը մնացած Տաջիկստանից առանձնանում է նախևառաջ իր էթնիկ պատմությամբ՝ լեզվով, կրոնով (Պամիրում հիմնականում շիաներ են, Տաջիկստանում՝ հիմնականում սուննիներ) և այլն․․․ Պամիրցիները մինչև վերջ չեն ընկալվում որպես տաջիկ ժողովրդի մաս․ և տնտեսական, և քաղաքական անարդարությունն այստեղ, ցավոք, շատ ակնառու է:

Խորհրդային ժամանակաշրջանում գուցե կային լարվածության ինչ-որ դրսևորումներ, բայց քաղաքացիական պատերազմի տարիներին լուրջ միջէթնիկական ատելություն էր բորբոքվում։

Ինչ վերաբերում է կոնկրետ այս դեպքերին․ կոնֆլիկտը սկսվել է դեռ 2020-ին: Դատախազի օգնականը, որը նշանակվել էր կենտրոնից (ծառայության էր ուղարկվել հարավային շրջաններից), օգտվելով իր պաշտոնական դիրքից, սեռական ոտնձգության է ենթարկել տեղացի աղջիկներից մեկին․ շանտաժ է արել, որ կլուծի նրա խնդիրը որոշակի հարաբերությունների դիմաց միայն։ Նման բովանդակությամբ առաջարկներ մի քանի անգամ են արվել։ Ստեղծված իրավիճակի մասին կինը պատմել է հարազատներին։ Իմացել են նաև եղբայրները, հարևանները։ Բնականաբար, վրդովվել են, գնացել այդ մարդու մոտ ու ստիպել, որ տեսախցիկի առաջ խոստովանի իր արարքը։ Դատախազի օգնականն ի վերջո խոստովանել է և ներողություն խնդրել Պամիրի ողջ ժողովրդից: Տեսանյութը հրապարակվել է սոցցանցերում։ Բոլորը տեսել են: Այնուամենայիվ, կոնֆլիկտը դեռ անցած տարի ինչ-որ կերպ հանգուցալուծվել է: 

Նոյեմբերի սկզբին տեղական իշխանությունը Պամիրում փոխվել է․ Լեռնային Բադաշխանի ինքնավար մարզի ղեկավար է նշանակվել նախկին բարձրաստիճան ԿԳԲշնիկ Ալիշեր Միրզոնաբոտը: 

Հասկանում եք, հավանաբար, ինչ իրավիճակ է Տաջիկստանում․ շատ ավտորիտար ռեժիմ, ամբողջական բռնատիրություն, ուժայինների իշխանությունը գրեթե ոչնչով չի սահմանափակվում․․․ Վերջին լայնածավալ էսկալացիան Պամիրում տեղի է ունեցել 2012-ին։ Նրանք այն ժամանակ պարզապես ռազմական օպերացիա սկսեցին, որն ավարտվեց տասնյակ զոհերով։ Կոնֆլիկտը որևէ հանգուցալուծում չստացավ․ զուտ ռեպրեսիաները ուժգնացան։

Եվ ահա՝ Պամիրում նոր ղեկավար է նշանակվում նախկին բարձրաստիճան ԿԳԲշնիկ։ Ընդամենը երկու շաբաթ անց որոշում են վեր հանել անցյալ տարվա այդ քեյսը, թեև միջադեպը, կարծես, որոշակիորեն հանգուցալուծվել էր։ Տղաների մոտ, որոնք դատախազի տեղակալին ստիպել էին խոստովանել տեսախցիկի առաջ, գալիս են հատուկ ջոկատայինները՝ ՕՄՕՆ-ը։ Առանց որևէ ծանուցման, առանց դատի․․․ Ոստիկանությունը չէ՛, այլ հենց ՕՄՕՆ-ը։

Հատուկ ջոկատայինները ուզում էին բերման ենթարկել Գուլբիդդինին․ դատախազի օգնականի տեսանյութում նա մյուսներից հաճախ էր երևում։ Երիտասարդը փորձում է փախչել: ՕՄՕՆ-ը կրակ է բացում, երկու անգամ կրակում են նրա վրա: Վկաները պատմում են, որ նա արդեն գետնին էր, իսկ ուժայինները շարունակում էին կրակել` 7 փամփուշտ: Նրա ընկերներից ևս երկուսին վիրավորել են:

Նույն օրը սպանված տղայի մայրն ու հարազատները վերցրել են նրա մարմինը և բերել մարզկենտրոն Խորոգի հուքումաթի շենքի մոտ։

Ցույց է սկսվել։ Առաջին օրը մարդիկ քիչ էին, երկրորդ օրվանից սկսեցին շատանալ։ Մենք արդեն անցել ենք դրա միջով․․․ 2012-ին, 2014-ին: 12-ից սկսած իշխանությունը պարբերաբար առանց դատ ու դատաստանի… ոնց ասեմ, երիտասարդներից շատերը նստած են՝ ինչ-որ մանր խուլիգանության կամ ֆեյսբուքում լայքի համար․․․ Հաճախ իրոք մեծ ժամկետներով: Երիտասարդ տղամարդկանց այս մասսայական նստեցումը՝ սա ուղղակի հնարավոր չէ հերքել արդեն։ Այս անգամ, իհարկե, իրոք լուրջ էսկալացիա էր: Ինձ թվում է, նույնիսկ 2012-ին կամ 2014-ին նման բան չի եղել, որ մարդիկ, չնայած վախին, դուրս գան փողոց․․․

E. — Որո՞նք էին հիմնական պահանջները:

— Հետաքննել Գուլբիդդին Զիյոբեկովի սպանությունը, անցկացնել թափանցիկ հետաքննություն․․․

Երկրորդ պահանջը մարզի ապառազմականացումն էր: 2012 թվականից հետո… Խորոգը փոքր քաղաք է, բնակչությունը՝ ընդամենը 38 հազար մարդ: Փոքրիկ աղքատ քաղաք, բայց եթե գաք այստեղ, ձեզ կթվա, թե ռազմական գոտում եք։ Իրապես ամբողջական միլիտարիզացիա` բլոկպոստեր, պարեկներ, համազգեստով, զենքով մարդկանց մշտական ներկայություն։


Գուլբիդդին Զիյոբեկովի հարազատները նրա մարմինը բերել էին Խորոգի հուքումաթի շենքի մոտ

Երրորդ պահանջը կոմունիկացիոն շրջափակման վերացումն էր։ Մեզ մոտ հիմա արդեն ամբողջական տեղեկատվական մեկուսացում է․ վերջին դեպքերից հետո Պամիրում անջատել են անգամ ինտերնետը՝ շաբաթներով: 

Պահանջներից ոչ մեկը, ցավոք, չի կատարվել:

E. — Դուշանբեից կամ մնացած Տաջիկստանից ինչ-որ տեսանելի համերաշխություն կա՞:

— Ցավոք սրտի` ոչ: Վերջերս Դուշանբեում էի։ Տպավորություն էր, թե ոչինչ չի կատարվել: Մարդիկ ուղղակի չեն հասկանում` ինչ է տեղի ունենում Պամիրում:

Եթե կարդանք ֆեյսբուքը, նայենք՝ ինչ են գրում լրատվամիջոցները… Ի՞նչ է անում իշխանությունը: Նրանք, ընդհակառակը, նոր միջէթնիկական կոնֆլիկտ են հրահրում: Սա հիմնական խնդրից ուշադրությունը շեղելու մշտական մանյովր է: Ակտուալիզացվում է Կուլյաբը՝ Տաջիկստանի մեկ այլ խոշոր շրջան (քաղաքացիական պատերազմի ժամանակ հակամարտող ուժերը պամիրցիներն ու կուլյաբցիներն էին)… 

Ուժայինները ձերբակալում են Խորոգում ցույցերի մասնակցած մարդկանց. նայում են տեսանյութերը՝ իրենց նկարահանած կամ համացանցում հրապարակված, և ձերբակալում բոլոր նրանց, ում դեմքը հնարավոր է նույնականացնել: Տղամարդկանց զանգվածաբար բերման են ենթարկում, տանում ԿԳԲ, քրեական գործեր են կարվում: Ցույցերին մասնակցած մարդկանցից շատերը, ըստ ամենայնի, հայտնվելու են բանտում: 

E. — Գուլբիդդան Զիյոբեկովի սպանության գործով ձերբակալվածներ կա՞ն: Պաշտոնական աղբյուրները հաղորդում են, որ նախագահի հրամանագրով քննչական խումբ է ստեղծվել՝ բաղկացած ուժայիններից և «քաղաքացիական հասարակության» ներկայացուցիչներից․․․

— Ձերբակալվածների մասին որևէ տեղեկություն չկա: Միևնույն ժամանակ ակտիվորեն լուրեր էին տարածում, իբր սպանվածը ինչ-որ կրիմինալ բանդաների անդամ է եղել, իբր նա հանցագործ էր, իբր նրա մոտ զենք կար, իբր ինքն էր կրակում… Վկաները ոչ մի զենք չեն տեսել, նրան սպանած օմօնականների մեջ վիրավորներ չկան․․․ Մարդիկ, իհարկե, չեն հավատում: Սա մշտական հնարք է։ Նման հնարքների ֆոնին էլ «հետաքննություն է իրականացվում»:

Ես վստահ չեմ, որ կոնտեքտը հասկանալի է։ Մի քիչ մասնատված է ստացվում․․․

Ախր նման իրավիճակ է նաև ցույցերի գործով։ Մորեղբայրս ցույցերից հետո պատմում էր․․․ Հասկանո՞ւմ եք, մարդկանց ուղղակի կրակում են։ Ցույցի ժամանակ։ Մարդիկ 4 օր, 4 գիշեր կանգնած են, իրենց հարցերին պատասխաններ են պահանջում։ Եվ նրանց վրա կրակում են։

E. — Նկատի ունեք՝ վերջին ցույցերի ժամանա՞կ։

— Այո։ Երկու հոգի սպանվել է ցույցերի ժամանակ․․․ Կան նաև վիրավորներ։ Ցուցարարներից մեկը կոմայի մեջ էր՝ գլխին էին կրակել։ Սա վերջին բանն է, որ լսել եմ։ Ցուցարարներին գնդակահարելու մասին հեռուստատեսությունը, ԶԼՄ-ները իհարկե լռում են։

Բադախշանի ռեգիոնալ հեռուստաալիքով հիմա ինչ-որ հիմար հաղորդումներ են, ուղղակի քաղաքական պրոպագանդա․ ամեն ինչում ժողովուրդն է մեղավոր, նրանք «խախտել են օրենքը», «անկարգություններ» սկսել, իբր ամբողջ խնդիրը նրանում է, որ Պամիրում ուղղակի «շատ քրեածին խմբավորումներ կան»…

E. — Պամիրի շրջանը պաշտոնապես կոչվում է Լեռնային Բադախշանի ինքնավար մարզ։ Ինչո՞ւմ է այդ ինքնավարությունը կայանում։

— Ոչնչում։

Տարածքով սա Տաջիկստանի ամենամեծ մարզն է։ Եվ ամենաաղքատ։ Ռեսուրսներ չկան, կա հսկայական գործազրկություն։ Ոչ մի նորմալ սուբսիդավորում: Գումարների մեծ մասը գալիս է աշխատանքային միգրանտներից, մի մասը՝ տուրիզմից․․․ Միևնույն ժամանակ՝ շարունակում են «քաշել սանձերը»։ Որևէ ինքնավարություն՝ ոչ քաղաքական, ոչ էլ տնտեսական, այստեղ ուղղակի չկա։

Ինձ թվում է, կոնֆլիկտն այստեղ կանգ չի առնի։ Նրանք մի կերպ հանդարտեցրել են իրավիճակը, բայց այդ ճնշված վրդովմունքը, ռեպրեսիաների ուժգնացումը, բլոկպոստերի ամրացումը, մյուս կողմից՝ ամեն ինչում ժողովրդին մեղադրելը, իբր նրանց մոտ ինչ-որ սեպարատիստական օրակարգեր կան․․․

E. — Սեպարատիզմի մասին խոսակցությունները չափազանցվա՞ծ են։

— Ամբողջությամբ։ Չեմ կարծում, թե ժողովուրդը նման օրակարգ ունի։ Այս տարածաշրջանը որոշակի ունիկալ առանձնահատկություններ ունի, և երկիրը պետք է փոխի իր մոտեցումը։ Ինչ վերաբերում է անջատողականությանը․ այնտեղ ռեսուրսներ, ֆինանսական կամ քաղաքական կարողություններ, այդքան զորություն, որ հնարավոր լինի նման օրակարգ առաջ քաշել, պարզապես չկան։