Ազգային ժողովի ընդդիմադիր երկու խմբակցությունների՝ Ռոբերտ Քոչարյանի առաջնորդած «Հայաստանի» և Արթուր Վանեցյանի գլխավորած «Պատիվ ունեմի» հրավիրած արտահերթ նիստը տապալվեց․ քաղաքական մեծամասնությունը բոյկոտում էր, քվորում չապահովվեց։
Մոտ մեկ ամիս առաջ խորհրդարանը լքած և փողոցային վերջնական պայքարի ելած ընդդիմությունը օրեր առաջ հայտարարել էր, որ կվերադառնա Ազգային ժողով․ նրանք արտահերթ նիստ էին նախաձեռնել, որի օրակարգում հայ-ադրբեջանական և հայ-թուրքական հարաբերությունների կապակցությամբ ԱԺ հայտարարության (իրենց հեղինակած) նախագիծն էր։
Նախագծով առաջարկվում էր, որ Ազգային ժողովը հայտարարի՝ Հայաստանի համար անընդունելի է ղարաբաղյան հակամարտության կարգավորման որևէ վերջնական տարբերակ, որի արդյունքում Արցախը կարող է հայտնվել Ադրբեջանի կազմում; Ադրբեջանի հետ սահմանագծում անցկացնելու նախապայմանը ռազմագերիների վերադարձն ու Հայաստանի տարածքից ադրբեջանական զորքի դուրս բերումն է; սահմանազատման արդյունքում բացառվում է Հայաստանի տարածքային ամբողջականության խաթարումը, իսկ հայ-թուրքական հաշտեցման գործընթացում բացառվում է որևէ համաձայնություն, որը հարցականի տակ կդնի Ցեղասպանությունը։
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը ավելի վաղ տեղեկացրել էր, որ արտահերթ այս նիստին չի մասնակցելու։
«Ավելի քան մեկ ամիս՝ խորհրդարանական ընդդիմությունը դուրս է եկել փողոցային պայքարի Արցախի փրկության հռչակագրային կարգախոսներով՝ մինչ այս պահը չառաջարկելով Արցախի հարցի լուծման որևէ տրամաբանական ճանապարհ: Երբեմնի իշխանություն հանդիսացող խորհրդարանական ուժերը նաև պատշաճ բացատրություններ չեն տվել իշխանության եղած տարիներին ԼՂ հարցի բանակցային գործընթացը որպես իշխանության երկարաձգման միջոց օգտագործելու, Արցախի շահերը դավաճանելու, հարցը փակուղի մտցնելու իրենց ապացուցված գործելակերպի վերաբերյալ։ Այժմ, առավել քան ակնհայտ է, որ խորհրդարանական ընդդիմությունը կրկին փորձ է կատարում Արցախի հարցն օգտագործել բացառապես ներքաղաքական նպատակներով․․․ Չունենալով ժողովրդի աջակցությունը, հրապարակում չունենալով լսարան՝ խորհրդարանական ընդդիմությունը փորձում է Ազգային ժողովի ամբիոնը օգտագործել որպես «քաղաքը կաթվածահար անելու» լծակ», – ասված էր իշխող խմբակցության հայտարությունում։
Այսօրվա նիստին ՔՊ-ից միայն ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն էր ներկա։ Քվորում չապահովվեց, նիստը տապալվեց։ Սիմոնյանի հեռանալուց հետո ամիբիոնին մոտեցավ Ռոբերտ Քոչարյանի նախկին փաստաբան, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը և առանց խոսափողի ընթերցեց հայտարարության տեքստը։ Նիստը ավարտվեց։
Ֆրանսիայի հրապարակում ընդդիմությունն այժմ հանրահավաք է անում։