Ղարաբաղի նախագահը 44-օրյա պատերազմի անհաջողությունները կապել է նախկինում եղած բացթողումների հետ։
Պետական կառույցների ու հանրային հատվածի ներկայացուցիչների հետ հանդիպմանն Արայիկ Հարությունյանը հայտարարել է, որ 1994 թվականի մայիսի 12-ի զինադադարից հետո «մեր ռազմաքաղաքական ղեկավարությունը ճիշտ դասեր չի քաղել աշխարհի օրինակներից» և, բանակցային գործընթացում առավելություն ունենալով, չի կարողացել ավելի նպաստավոր լուծումներ ապահովել։
Հարց բարձրացնելով, թե ինչո՞ւ է հայկական կողմը պարտություն կրել, նա, մասնավորապես, նկատել է․ «Որովհետև բոլորս միասին մշտապես ասել ենք՝ ոչ մի թիզ հող»։
Այս պատերազմի հետևանքներն, ըստ Հարությունյանի, իր համար պարզ էին դեռ հոկտեմբերի սկզբին․ «Չի ձևավորվել քաղաքական միասնական կարծիք՝ իշխանության և ընդդիմության միջև, և կարծես թե, պատերազմը կանգնեցնելը այդ օրը համարում էին դավաճանություն»։
Պատերազմն այլ ընթացք կունենար, եթե, կարծում է նախագահը, Պաշտպանության բանակը չկռվեր թուրք-ադրբեջանական զորքերի դեմ։
«Հակառակորդի կողմից պատերազմին մասնակցում էր Թուրքիան, որն առաջին իսկ օրը հայտարարել էր, որ Ադրբեջանի հետ միասին «մեզ հաջողվել է լուծել պատմական արդարությունը»։
Միայն 7 հազար ահաբեկիչ վարձկան Սիրիայից մասնակցում էին Արցախյան երկրորդ պատերազմից», – հիշեցրել է Հարությունյանը։
Նա նաև խոսեց գործած «ամենամեծ սխալի» մասին։
«Ամենամեծ սխալը եղել է, երբ 92 թվականի հունիսի 13-ից, երբ հայաթափվել էր Շահումյանը, հետո՝ Մարտակերտը, Հադրութի, Մարտունու, Ասկերանի որոշ գյուղեր էլ, մենք տեր չենք կանգնել, և ավելի քան 50 հազար հայ բնակչություն թողել էր Արցախը»։ Այնինչ, նշել է Հարությունյանը, նրանց տեղավորելու հնարավորություն կար։ 45 հազարի փոխարեն,բըստ նրա, Արցախում պետք է բնակվեր ավելի քան 200 հազար մարդ»։
Ինչ վերաբերում է Հայաստանի ու Արցախի ապագային, Հարությունյանը այն շարունակում է կապել Ռուսաստանի հետ. ըստ նրա, պետք է միասին «դիմակայել ստեղծված իրավիճակին, քանի որ Թուրքիան չի պատրաստվում լքել տարածքը»։
Հետագա անելիքների հետ կապված նա ասել է՝ Արցախի Հանրապետությունը կշարունակի քաղաքական պայքարը Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքների համար՝ «գոնե նախկին ինքնավար մարզի սահմաններում»։
Հիշեցնենք, որ պատերազմի օրերին Հարությունյանն այլ հայտարարություններ էր անում, օրինակ, պատրաստակամություն հայտնում կռվել մինչև «վերջին զինվորը»․
— Դու՛ք եք սկսել այս պատերազմը, – ասում էր նա հոկտեմբերի 4-ին, – դո՛ւք եք առաջին հերթին խախտել հումանիզմի կանոնները՝ թիրախավորելով խաղաղ բնակչությանը։ Նշում եմ՝ մինչեւ վերջին մարդը, մինչև վերջին զինվորը պատրաստ ենք զոհվելու։ Անհնար է հաղթել մեզ։
Այստեղ օրինակ, նա խոսում է աշխարհի ամենապրոֆեսիոնալ բանակի մասին․
– Իրականում մենք ունենք աշխարհի ամենապրոֆեսիոնալ բանակը։ Ոչ թե ամենա- սպառազինություններով զինված, ամենաուժեղ բանակը, այլ ամենապրոֆեսիոնալ բանակը։
– Ես ուզում եմ խոնարհվել մեր զինվորների առջև։ Ուզում եմ ասել՝ ձեր ցա՜վը տանեմ, դուք մեր ազգի պարծանքն եք։ Դուք պայքարում եք ամեն մի սանտիմետրի համար։
— Մեր սպայական անձնակազմը հրաշքներ է գործում՝ վտանգելով կյանքը, անտեսելով մահը։ Եվ մեզ դա է պետք, եթե մենք հաղթահարենք այդ բարդույթը… ապրելու համար, բոլորս պատրաստ լինենք զոհվելու, մենք կհաղթենք։